ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային: Ավելին, պալատը Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որով կբացառվի լիազորագրերով վճարումների պրակտիկան հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում:
Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: Նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել խոցելի խմբերի` քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա` իր հարցազրույցում պնդելով. «Օրենսդրության համաձայն` այդ մարդկանց թոշակը կարող են ստանալ նաեւ անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից: Մենք այստեղ տեսնում ենք լրջագույն ռիսկեր, հատկապես եթե նշենք, որ խոսքը Հայփոստով եւ բանկերի միջոցով ստացվող ավելի քան կես միլիարդ դրամ գումարի մասին է: Ի վերջո, որքանով է ճիշտ, որ ՔԿՀ ղեկավարն իր լիազորագրով այլ անձին տրամարդի ՔԿՀ հիմնարկում պատիժը կրող քաղաքացու թոշակը ստանալու իրավունքը… Նման խնդիրները բազմաթիվ են, եւ այդ բոլորը ներկայացված է հաշվեքննության մեջ»:
Նշենք, որ հաշվեքննիչ պալատը լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային, քանի որ օրենքով չի կարգավորվում լիազորագիր ստացող անձի եւ կենսաթոշակառուի փոխհարաբերությունները, ազգակցական կապը եւ այլն:
Ավելին, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կամ հոգաբուժական հասատատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաեւ տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լրազորագրով: Ըստ հաշվեքննիչ պալատի` հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրողների տվյալներով բանկային վճարումները կազմել են համապատասխանաբար 164 մլն 703 հազար 200 դրամ եւ 3 մլն 709 հազար 900 դրամ, իսկ «Հայփոստ» ընկերության վճարումները`438 մլն 162 հազար դրամ եւ 44 մլն 575 հազար 700 դրամ:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ գործ ունենք մոտ կես միլիարդ դրամի հետ, որը կարող է եւ չհասնել հասցեատիրոջը: Թե ինչպես, դժվար չէ ենթադրել: Բանտապետերը կամ ՔԿՀ մյուս աշխատակիցերը կարող են շատ հանգիստ ստիպել կալանավորին՝ իրենց տա համապատասխան լիազորագիր, որպեսզի իրենք ստանան ու տնօրինեն այդ գումարները:
Ենթադրվում է՝ շատերը հենց այդպես էլ վարվում են: Միաժամանակ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ կարող է լինել այն կալանավորների կամ դատապարտյալների հետ, որոնք հանկարծ չկատարեն բանտապետի այդ փոքր խնդրանքն ու նրանց լիազորագիր չտան՝ սպառնալիքներ, շարունակական նվաստացումներ, ֆիզիկական բռնություններ ու այդպես շարունակ: Ի վերջո, փակ հաստատություններն ապրում են իրենց օրենքներով, իրենց վարք ու բարքով: Իրավիճակի աբսուրդն այն է, որ այդ ամենը կանոնակարգված է օրենքով, եւ կալանավայրերում օգտվում են այդ օրենքից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պալատն առաջարկում է կազմակերպել միջնորդավորված գումարների տրամադրումը շահառուներին սոցիալական աշխատողների կամ սոցիալական ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով: Չէ՞ որ միայն այս դեպքում հնարավոր կլինի վերահսկել գումարների հասցեականությունն ու դրա նպատակային օգտագործումը:
Այս թեմայի շուրջ քրեակատարողական հիմնարկների ծառայության լրատվականից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ լիազորագրերը տրամադրվում են դատապարտյալի հարազատի անունով: «Այսինքն` եթե դատապարտյալը ցանկանում է, որպեսզի իր կենսաթոշակը ստանա իր հարազատը, բարեկամը, ապա լիազորագիրը գրվում է նրա նշած հարազատի, բարեկամի անունով, եւ դրա հիման վրա էլ իր հարազատները կարողանում են ստանալ կենսաթոշակը: Իսկ եթե ինքն է ուզում տնօրինել իր կենսաթոշակը, ապա նա այդ դեպքում օգտվում է հիմնարկի կրպակից, գնումներ է անում, իսկ հետո հաշվապահությունն այդ գումարը գանձում է»,- պարզաբանեցին ՔԿՀ-ից:
Այսինքն` հիմնարկը հաշվեհամար ունի, որի վրա էլ փոխանցվում է կենսաթոշակը: Ի դեպ, նշենք, որ նույն պատկերն է նաեւ հոգեբուժարաններում, որտեղ եւս բուժում ստացող անձը տնօրենից պահանջում է լիազորագրի վրա նշել հարազատի տվյալները, որն էլ կարող է ստանալ կենսաթոշակը: Իսկ այն անձը, որը ցանկանում է անձամբ տնօրինել իր գումարը, ապա գնումներ է անում, որը գանձվում է հաշվապահի կողմից:
Սյունէ Համբարձումյան