Սեպտեմբերին ուզում եմ հանդես գալ մենահամերգով, բայց կասկածում եմ, որ կկարողանամ սրահը լցնել. Արա Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես եւ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը պատրաստվում ենք «Արաքս» անունով ստեղծագործության հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Երգի տեքստը գրել է Դեքերը, այնպես է ներկայացրել, կարծես երգողն Արաքս գետն է: Ստեղծագործությունն այն մասին է, որ ապագայում Արաքսի երկու ափերին էլ պետք է հայեր քայլեն»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երաժիշտ Արա Գեւորգյանը:

Ի դեպ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանի առթիվ պարոն Գեւորգյանը խոստացել էր վարպետին շնորհավորել 90 դուդուկով: Բայց այնպես ստացվեց, որ 90-ի փոխարեն 112 դուդուկահար միացավ նրա նախաձեռնությանը, եւ այդ իրադարձությունը գրանցվեց «Դյուցազնագրքում»: Բացի այդ՝ Արա Գեւորգյանի` «Երեւան 2800» անունը կրող ստեղծագործությունը ձայնագրվել է 200 քանոնի նվագակցությամբ, ինչը նույնպես գրանցվեց «Դյուցազնագրքում»: Վերջերս տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան: Այնպես որ, երգահանը մշտապես ստեղծագործական պրոցեսի մեջ է:

Մենք հարցրինք՝ ինչ կարծիք ունի հայկական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների, նրանց մատուցած գործերի մասին, արդյոք անորակ արտադրանքը չի՞ դարձել գերիշխող. «Ամեն ինչ ժամանակավոր է:

Կգա ժամանակը, երբ դրությունը կփոխվի: Շատ բան կախված է պրոպագանդայից: Եթե անորակ արտադրանքն է պրոպագանդվում զանգվածային լրատվական միջոցներով, դա էլ մեծ տարածում է գտնում, դառնում է մասսայական: Այսօր այդ տեսակ երգերն են լցնում համերգասրահները: Ես սեպտեմբերին ուզում եմ Երեւանում հանդես գալ համերգով, բայց կաշկանդվում եմ: Կասկածում եմ, որ կկարողանամ համերգասրահը լցնել: Բայց չեմ ուզում գնալ այդ տարածված ճանապարհով, չեմ իջեցնի իմ երաժշտության որակը: Համերգը բարեգործական է լինելու, ուղղակի ուզում եմ, որ կազմակերպիչները ֆինանսապես գոնե չտուժեն, եւ կարողանանք օգնել զինվորին կամ հիվանդին»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Մենք նաեւ հարցրինք՝ դաշտում ժողովրդական երգեր կատարողներից ում կառանձնացնի երգահանը. «Հավանում եմ Եվա Եգանյանի, Մոնիկա Նազարյանի, Գաբի Գալոյանի, Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի կատարումները, բայց կարծում եմ, որ նրանք պետք է հաճախ լսեն ավագ սերնդի ներկայացուցիչների գործերը, քանի որ շատ բան ունեն նրանցից սովորելու»,-եզրափակեց պարոն Գեւորգյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս