
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության եւ փոխըմբռնման պահպանման հարցում:
Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձեւաչափերին եւ նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարեւորությունը:
Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարեւորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը:
Կողմերը զրուցել են նաեւ ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին: