Ինչպես հայտնի է, նախորդ տարի ՌԴ-ում հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն` Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարողանալու պայմանագրային հիմունքներով աշխատանք իրականացնել: Օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռեւս 2017 թ. հունիսի 1-ից, սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր էր եղել այն մեկ տարով հետաձգել:
Եվ օրեր առաջ, երբ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը, հայկական կողմը հանդիպումների ժամանակ սկսել է ակտիվ բարձրացնել այդ հարցը ու լուծումներ պահանջել:
Եվ այստեղ հատկապես հետաքրքիր է ռուսական կողմի դիրքորոշումը: Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ հնարավոր լուծումները կապված չեն լինելու հենց հայերի հետ եւ չեն փոփոխվելու միայն մեզ համար: Նրա խոսքով` խնդիրը գտնվում է ԵԱՏՄ տիրույթում եւ փոփոխվելու է հենց այդ անդամ երկրների համար, սակայն վերջինս դժվարացավ ժամկետներ նշել: