ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ եմ ասում՝ գազի սակագինը կարող է իջնել. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին քաղաքացիների մոտ համատարած դժգոհություն է, որ սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարները բավական մեծ են եղել: Չնայած «Գազպրոմ Արմենիան» եւ ՀԷՑ-ը սա պայմանավորում են ամանորյա տոնական օրերին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի մեծ քանակով, եղանակային պայմաններով, բայց մարդիկ, այնուամենայնիվ, կասկածներ ունեն, որ ինչ-որ մի բան այն չէ` եղել են հավելագրումներ։ Միաժամանակ, նկատենք, որ գազի սակագինը, օրինակ, սահմանին թանկացել է, սակայն հասարակ սպառողի համար չի թանկացել։

Նշենք, որ գազի սակագնի վերաբերյալ բավական շատ քննարկումներ եղան. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին, բազմիցս նշել է, թե ինքը համոզված է, որ մենք ռեզերվներ ունենք այդպիսի սակագին սահմանելու առանց ընդհանուր բալանսը խախտելու։ Նրա կարծիքով` պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա: Ի հակադրություն սրա` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Մարգարյանը, խոսելով գազի սակագնի իջեցման մասին, նշել է, որ այդ դեպքում ֆինանսները չեն բավարարի համակարգը շահագործելու համար, եւ եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հետ։

-Պարո՛ն Մելքումյան, Դուք բազմիցս խոսել եք գազի սակագնի նվազեցման հնարավորությունների մասին։ Արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են։ Գործընթացները ի՞նչ փուլում են։ Ինչ-որ հանձնաժողով կա՞ ստեղծված։

-Հանձնաժողովը քննիչ հանձնաժողով էր, որը քննարկվեց Ազգային ժողովի 6-րդ գումարման ավարտման հետ միասին։ Եվ, իհարկե, Դուք տեսաք, որոշակի բան հասցրինք անել մեկ ամսվա ընթացքում, բայց ավարտվեց, եւ շատ բաներ կիսատ մնացին։ Բայց մի քանի հարցադրումներ մենք կարողացանք հստակեցնել։ Առաջինը այն է, որ վերջնական սպառողի համար, այո՛, ես հիմա էլ եմ ասում՝ սակագինը կարող է իջնել։ Նույնիսկ եթե սահմանի վրա 165-ը դառնա 185, միեւնույնն է, կարող է իջնել, որովհետեւ մարժան սահմանից մինչեւ վերջնական սպառող բավականին բարձր է։ Եվ էդտեղ դեռեւս մնացել է կորուստների խնդիրը, որ մայրուղու վրա չորս ու կես տոկոս է, ընդհանուր 6,69 անհասկանալի կորուստներ։ Դրանք կապված են շահութաբերության մակարդակի հետ, որ 10 տոկոս են, եւ դա շատ բարձր է, եւ կապված են ծախսերի հետ, որոնք պետք է վերանայվեն։ Այսինքն՝ այս առումով ռեզեվներ կան։ Ինչ վերաբերում է հարցի կարդինալ լուծմանը, ապա ասեմ, որ հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի շրջանակներում։ Ես սա ասում եմ նաեւ որպես հանձնաժողովի նախագահ։ Այսինքն՝ եթե դու մեկ ընդհանուր շուկա ես, գինն էլ պիտի լինի նույնը՝ գումարած տրանսակցիոն ծախսեր, հարկեր, բայց պետք է դա համադրելի լինի։ Էսպիսի բան. սահմանից մինչեւ վերջնական սպառող, եւ հիմնավորել, ասել, որ գազի սպառման ծավալը շատ փոքր է, եւ դրանով ասենք, որ հարցը լուծվում է, ես համաձայն չեմ։

-ԵԱՏՄ-ում կա՞ն հնարավորություններ, որոնք Հայաստանը չի օգտագործում։ Եւ եթե այո, ապա ինչո՞ւ չի օգտագործում։

-Այո, կան բազմաթիվ հնարավորություններ՝ կապված մաքսատուրքերի խնդրի հետ, կապված միասնական շուկայի հետ, կապված լոգիստիկ խնդիրների լուծման հետ։ Բայց ամեն ինչ միանգամից չի կարող լուծվել։ Մենք պետք է մի կողմից` կամք ցուցաբերենք, մյուս կողմից` մեր գործընկերների հետ շատ ակտիվ աշխատենք՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ։

-Ձեր հանձնաժողովի համագործակցությունը այս մասով ինչպե՞ս եք պատկերացնում։

-Ռուսաստանի կոմիտեի հետ մենք արդեն երկկողմ ձեւաչափի մասին համաձայնության ենք եկել։ Հաջորդը կլինի Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Իրան, մինչեւ Չինաստան։ Այիսնքն՝ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք։

-Ղարաբաղյան հարցի չլուծվելը որքանո՞վ է ազդում եւ կարո՞ղ է ազդել կատարվող ներդրումների վրա։

-Տեսե՛ք, ցանկացած պետություն, ժողովուրդ ունի ազգային, պետական շահեր։ Արցախի հարցը մեր ամենաառավելագույն, լրջագույն ազգային, պետական շահն է։ Հանուն Ղարաբաղի կարելի է ամեն ինչ անել։ Բայց այդ խնդիրը նոր չի չէ՞ առաջացել։ Մենք գիտեինք արդեն։ Այսինքն՝ պետք էր երկար տարիներ այդ խնդիրը ունենալով` փորձեինք նաեւ այս ուղղություններով՝ տնտեսական սոցիալական գործուն միջոցառումներ ձեռնարկել։ Կարծում եմ՝ այդ խնդիրը ունենալով` մենք պետք է գնանք առաջ՝ առավելագույն աշխատելով եւ լուծումներ ունենալով։ Այնպես չի, որ դա մեզ խանգարում է։

Մանրամասները` ArmLur.am– ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան




Լրահոս