«Ժառանգությունը» չի որոշել` ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո «Ժառանգություն» կուսակցությունը, ըստ էության, մեծ հետաքրքրություն ուներ քաղաքական դաշտում։ Կուսակցության նախագահ Րաֆիի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձր էին գնահատում իրենց շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում եւ նաեւ պարբերաբար հայտարարում էին, որ «Ժառանգությունը» պատրաստվում է մասնակցել նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի տապալումից հետո կուսակցությունը փոխեց իր որոշումը եւ, ըստ էության, չեզոք դիրք բռնեց։

Նշենք, որ այդ օրերին կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ թերեւս ամենաշատն էր նկատելի էյֆորիան։ Վերջինս բազմիցս ասում էր, որ հեղափոխությունը տեղի է ունեցել նաեւ 2013 թվականի բողոքի ալիքի, հացադուլների արդյունքում։ Իհարկե, պետք չէ բացառել, որ պարոն Հովհաննիսյանի եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աղոթքները այս առումով տեղ են հասել եւ նպաստել հեղափոխության կայացմանը։ Վերջերս էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության առանցքային դեմքերից Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է Կանադա՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգության» գործունեության մասին զրուցեց կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանի հետ։

-Տիկի՛ն Մուրադյան, ինչո՞վ է հիմա զբաղված «Ժառանգությունը»։

-Մենք պատրաստվում ենք մեր հերթական համագումարին։ Համագումարից հետո մեր ծրագրերի մասին բոլորին տեղյալ կպահենք։ Համագումարում քննարկվելու է մեր նոր փոփոխություններով ծրագիրը, կանոնադրության մեջ պիտի մի քանի փոփոխություն լինի։

-Ինչո՞ւ է կուսակցությունը պասիվացել։

-Դե նորմալ է։ Մենք ուզում էինք ԸՕ փոփոխություններ լինեին, չստացվեց, այդ պատճառով էլ չմասնակցեցինք, չնայած որ մենք հեղափոխությունից առաջ էլ ենք եղել, ընթացքում էլ ենք եղել։ Այս պահին իրոք պասիվություն կա, որովհետեւ անելիքներն ենք համակարգում։

-Հետեւո՞ւմ եք ԱԺ նիստերին, կառավարության գործունեությանը։ Ի՞նչ եք նկատել։

-Որոշ չափով հետեւում ենք։ Աժ-ում երկու ուժ իրենց ընդդիմադիր են հռչակել։ Ամեն դեպքում, իմ անձնական կարծիքով՝ արտախորհրդարանում ավելի ընդդիմադիրներ կան, քան հիմա Ազգային ժողովում։ Կապրենք, կտեսնենք։

-«Ժառանգությունը» ընդդիմությո՞ւն է։

-Համագումարից հետո կտեսնենք: Այդ ժամանակ կդիրքավորվենք, թե մենք ով ենք։

-Դեռ չե՞ք որոշել փաստորեն։

-Մենք մեր քննարկումներում կորոշենք, թե այսուհետեւ որտեղ կլինենք։

-Տիկի՛ն Մուրադյան, որտե՞ղ է պարոն Հովհաննիսյանը։ Հեռացե՞լ է ակտիվ քաղաքականությունից։

-Պարոն Հովհաննիսյանը շատ ակտիվ է. հենց նոր մեզ հետ քննարկման էր։ Ինչո՞ւ պիտի հեռանա։ Նա էներգիայով լեցուն է, լեցուն է ծրագրերով, լիքը առաջարկներ ունի։ Ակտիվներից մեկն է։

-Րաֆֆի Հովհաննիսյանը դաշտում չի երեւում, Արմեն Մարտիրոսյանն էլ լքել է Հայաստանի Հանրապետությունը ընդմիշտ։

-Պարոն Մարտիրոսյանը ժամանակավորապես ՀՀ-ում չէ, բայց դա արդյոք նշանակո՞ւմ է, որ պարոն Հովաննիսյանն էլ պիտի պասիվ լինի։ Պարոն Մարտիրոսյանը մեզ զորակցում է, քննարկումներին հեռվից չի մասնակցում։

-Իսկապես ժամանակավո՞ր է գնացել։

-Մեր տվալներով՝ նա ժամանակավոր է բացակայում:

Լուսինե Մինասյան




Լրահոս