Պարզվում է` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի վերահսկում հոգեբուժարաններում ու ՔԿՀ-ներում պահվող թոշակառուների թոշակների վճարման գործընթացը: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս մասով իրենք որեւէ անելիք չունեն, քանի որ օրենքը թույլ է տալիս լիազորագիր տալ կամայական մարդու: «Այսինքն` օրենքը սահմանափակում չի դնում` միայն ընտանիքի անդամ կամ ազգական լինի: Այստեղ խնդիր կա, քանի որ մենք չենք կարողանում դա վերահսկել: Մենք գիտենք, որ, օրինակ, ունենք թոշակառու, եւ գիտենք, որ գտնվում է այսինչ վայրում, ու գիտենք, որ ինքը լիազորագիր է տվել այսինչ մարդուն, բայց մենք դրանից զատ այլ բան, ցավոք, չենք կարող անել»,- փոխանցեցին նախարարությունից: Մեր հարցին` հնարավոր է առաջիկայում նախարարությունը օրենսդրական փոփոխություններ իրականացնի այս հարցում, նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն արձագանքեց. «Հնարավոր է, բայց դեռ գործնական քայլեր չկան:
Այս պահի դրությամբ գործող օրենքը այդպես է սահմանում, եւ դեռեւս որեւէ գործընթաց չկա դրա փոփոխության հետ կապված»: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր այս խնդրին` արձանագրելով, որ եղած ընթացակարգն իր մեջ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ի դեպ, ՀՀ հաշվեքննիչ պալատը իր եզրակացության մեջ արձանագրել է, որ այս դեպքում գործ ունենք տարեկան 500 մլն դրամի հետ: ՀՊ-ն էլ բարձրաձայնել էր առկա խնդիրը, բայց կարծես դեռ չկա արձագանք: