Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը հասել է ՀՔԾ. ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կարգապահական պատասխանատվության կենթարկվի հերթական դատավորը: Մասնավորապես, ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության կենթարկի «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Ինչպես հայտնի է, 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը` առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին: Փաստաբանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով: Պաշտպանական կողմը համոզված է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 30.12.2018թ. կայացված որոշմամբ խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, որոնք ազդել են գործի ելքի վրա եւ խաթարել են արդարադատության բուն էությունը:
Ու մինչ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը ուսումնասիրում է փաստաբանի դիմումը, դատական համակարգում այս հարցով ներքին քննարկումներ են տեղի ունենում, թե ինչու է դատավոր Արտուշ Գաբրիելյանը քրեական գործով նման քայլ արել եւ քրեական գործով առանց պաշտպանի ներկայության նիստ անցրացրել ու անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրել:

Նախ` դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` ի սկզբանե մինչ Արտուշ Գաբրիելյանին մակագրելը այս գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Վերջինս երկու օր փորձել է գտնել Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանին, որ նիստ հրավիրի խափանման միջոցի հարցով, սակայն այդ ընթացքում դատավոր Գրիգորյանը արձակուրդ է գնացել, ու գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Արտուշ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում ասել է, որ զանգահարել է պաշտպանին, ասել է, որ նիստ է հրավիրելու, պաշտպանը ասել է, որ չի գալու, դատավորը կրկին ծանուցել է նրան: Ավելին, Արտուշ Գաբրիելյանը իր պնդումներում նշել է, որ ամեն ինչ արել է մեղադրյալի պաշտպանին դատարան կանչելու, միջնորդության հարցը քննելու մասով, սակայն նա այդպես էլ չի եկել, եւ ինքն էլ առանց պաշտպանական կողմի ներկայության նիստը հրավիրել է եւ Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Դատական համակարգում նրան ասել են, որ իրավունք չուներ անել, քանի որ մինչդատավարական վարույթում գտնվող քրեական գործերով չունեն կարգավորում, որ առանց պաշտպանի դատավորը կարող է խափանման միջոցի հարց քննել, նա էլ պատասխանել է, թե` «բա ի՞նչ անեի, մեռա ծանուցելով, ասելով, որ` արի՛, միջնորդութայն համար նիստ եմ նշանակում, ասեց` չեմ գալու, ու ես էլ նման քայլի գնացի»:
Դատական համակարգում այն տեսակետին են, որ դատավոր Գաբրիելյանը բոլոր դեպքերում օրենք է խախտել, բայց, միեւնույն ժամանակ, դատական համակարգում նշում են, թե ինչ անեին, եթե պաշտպանը չէր ներկայանում, իսկ միջնորդության հարցն էլ մնում էր օդից կախված: Ինչեւէ, անկախ այն հանգամանքից, որ դատավորն այլ ելք չի ունեցել եւ մինչդատավարական վարույթում գտնվող քրեական գործով առանց պաշտպանի խափանման միջոցի հարց է քննարկել եւ որոշում կայացրել` նա արդեն կոպիտ խախտում է թույլ տվել եւ պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց փաստաբան Միհրան Պողոսյանին` հետաքրքրվելու, թե ինչու նա չի ներկայացել, երբ դատավորը նրան տեղյակ է պահել նիստի մասին: Վերջինս ասաց. «Ուրեմն այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից նրա մոտ տեղի ունենալիք նիստի մասին որեւէ փորձ անգամ չի կատարվել ինձ տեղեկացնելու: Բացի դրանից, հայտնեմ, որ այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանում քննարկման առարակա էր դառնում Վահագն Հարությունյանի վերաբերյալ որոշման մասին իմ բողոքը: Պարզել եմ նաեւ տեղյակ չպահելը իբր թե կոծկելու նպատակով. Արտուշ Գաբրիելյանի դատարանի կազմի կողմից կազմվել է կեղծ փաստաթուղթ, թե իբր ինչ-որ հեռախոսահամարից ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել տվյալ հեռախոսազանգին: Այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն»:

Քնար Մանուկյան




Լրահոս