Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզպետին հասցեագրել է միջնորդագիր Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու համար. դատախազը հիմնավոր կարծիք ունի, որ տնօրենը չպիտի շարունակի պաշտոնավարել:
Դպրոցի քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազությունը պարզել է, որ տնօրենի կողմից կատարվել է երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարք` պաշտոնական դիրքի չարաշահում եւ պաշտոնական կեղծիք: «Փաստեցինք, որ նշված հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական` այդ հանցագործության կատարման մեջ ներգրավելով շուրջ 25 աշխատակցի: Քրեական գործի քննության ընթացքում տվյալ սուբյեկտը վերականգնեց պետությանը պատճառված վնասը, տվեց խոստովանական ցուցմունք, ընդունեց մեղքը, զղջաց, բացի այդ, նույն բովանդակության ցուցմունքներ տվեցին ե՛ւ 25 դասատուները, ե՛ւ փոխտնօրենը: Այս պարագայում ես նպատակահարմար համարեցի քրեական գործով վարույթը կարճել` ոչ արդարացման հիմքով, այսինքն` մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց նպատակահարմար չգտա դատել այն պատճառաբանությամբ, որ այս փուլում իրեն եւ 25 ուսուցչի դատելը աննպատակահարմար է. ո՞նց եք պատկերացնում միանգամից 25 ուսուցչի դատել: Այս փուլում ես միջնորդել եմ Շիրակի մարզպետին, որպեսզի լուծեն նշված տնօրենի հետ կնքված պայմանագիրը»,-ասում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նշենք, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ տարբեր ժամանակահատվածներում, իրենց ծնողների դիմումների հիման վրա, ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տեւական ժամանակ, որոշ դեպքերում` ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են ՀՀ-ից, այսինքն` որեւէ դասապրոցեսի չեն մասնակցել:
Մինչդեռ դպրոցի տնօրենը նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն ուսուցիչների միջոցով, ինչպես նաեւ անձամբ դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների` դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:
Նշենք, որ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենը Նարինե Մեսրոպյանն է: Վերջինս արդեն մոտ 15 տարի ղեկավարում է դպրոցը: Ըստ քաղաքում տարածված լուրերի` Նարինե Մեսրոպյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր մարզպետարանի կրթության վարչության նախկին պետի հետ: Հենց նրա օրոք էլ Մեսրոպյանը հաստատվել է դպրոցում: Նարինե Մեսրոպյանը ՀՀԿ անդամ էր, նաեւ Գյումրու ավագանու անդամ է եղել:
Հեղինե Մանուկյան
Գյումրի