Իջևանի ընտրական 8 տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կկատարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին կայացած Իջեւանի ավագանու ընտրություններում ընտրվելու անցողիկ շեմը 265 քվեն է: Այդքան ձայն են ստացել ավագանու թեկնածուներ Արսեն Հովակիմյանն ու Վահե Խառատյանը: Նրանց միջեւ, ըստ օրենքի, պետք է վիճակահանություն կատարվեր, որպեսզի որոշվեր, թե ով է դառնում Իջեւան համայնքի ավագանու վերջին` 15-րդ անդամը: Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենց հանձնաժողովին են դիմել Արսեն Հովակիմյանի վստահված անձինք` խնդրելով Իջեւանի ընտրական 6 տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել: Ա. Սարգսյանն ասաց, որ այդ խնդրանքը բավարարվել է:

Իջեւան համայնքում ընտրական տեղամասերի թիվը 8 է: Հանձնաժողովը որոշել է սեփական նախաձեռնությամբ Իջեւան համայնքի մնացած 2 ընտրական տեղամասերում եւս քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել: Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովը փետրվարի 19-ին սկսել է քվեաթերթիկների վերահաշվարկը: Հնարավոր է, որ դրա արդյունքում վերոհիշյալ երկու թեկնածուներից մեկը ստացած ձայների առավելություն ստանա, եւ նրանց միջեւ վիճակահանություն անցկացնելու անհրաժեշտությունը վերանա:




Լրահոս