«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երբեմնի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը Գյումրի-Երեւան հեղափոխական երթուղին կտրած-անցած, Փաշինյանի թիկունքը ապրիլյան իրադարձությունների ժամանակ պահած այն երիտասարդների թվում է, որոնք հեղափոխությունը հորով-մորով անելուց հետո լծվեցին պետական ծառայությանն ու արդեն մոտ 10 ամիս է՝ քաշում են այդ կառավարման լուծը: Ընթերցողը Ավինյանին կհիշի հատկապես երեւանյան հանրահավաքների օրերին. հեղափոխական հարթակից հաճախ կոչով հանդես եկող խորհրդավոր երիտասարդի ձայնի առոգանությունը «Սերժին մերժողների» վրա մոգական ազդեցություն էր ունենում, հեղափոխականներն է՛լ ավելի էին «դուխավորվում»՝ մոբիլիզացնելով պոտենցիալ հեղափոխականներին: Ավինյանն, ի դեպ, շարժման «վերջին մոհիկանն» էր, որը ձերբակալվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի նախօրեին՝ մինչ այդ հասցնելով տուն գնալ, ընտանիքի անդամներին հուզառատ հրաժեշտ տալ եւ մեկ օրով վայելել ձերբակալված լինելու հաճույքը՝ 13 ժամ քնել: Այս «վերահաս» հաճույքի եւ հեղափոխական այլ ապրումների մասին նա վերջերս պատմել է «Մտքի ալգորիթմ»-ի տաղավարում: Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, երբ արդեն պաշտոնների բաժանման փուլն էր, մեկօրյա ձերբակալության «ստաժով» Ավինյանին վստահվեց փոխվարչապետի պաշտոնը մայիսի 11-ից:
Ո՞վ էր Ավինյանը մինչեւ հեղափոխությունը
Մինչեւ ՔՊ-ի ապրիլյան տրիումֆը Ավինյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր, ավագանու նիստերի ժամանակ աչքի էր ընկնում զուսպ, հավասարակշռված կեցվածքով, եւ ոչինչ չէր հուշում, որ վերջինիս մեջ նիրհում է հեղափոխականի ոգին: Նա ավագանու անդամի կարգավիճակում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մի անգամ դիտողություն արեց նիստը նախատեսված ժամից ուշ սկսելու համար: Մանուկ հասակում օդաչու դառնալու մասին երազած, Երեւանի Պուշկինի անվան դպրոցը, հետո Սլանովական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած, ապա Լոնդոնի Քուին Մերի համալսարանում ֆինանսների մագիստրոսի կոչում ստացած Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական նախաձեռնությանը օնյալն է անդամագրվել դեռեւս Լոնդոնում ուսանելիս, իսկ հետո վերադառնալով ՀՀ եւ ծանոթանալով Փաշինյանին` եղել է կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, 2016-ից էլ ՔՊ վարչության անդամ է: Ավինյանը աշխատանքային գործունեությունը սկսել է դեռեւս 20 տարեկանից՝ 2009-2013 թթ. աշխատելով Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թթ. հիմնադրել եւ ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թթ. աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր): 2014-2018 թթ. ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ՍՊԸ-ն: Որպես այս ՍՊԸ-ի հիմնադիր պետռեգիստրում նշված է երկու անուն՝ Հասմիկ Խլղաթյան, որը Ավինյանի մայր է, եւ Կարինե Գասեսյան: Հասմիկ Խլղաթյանը 2017-ի ավագանու ընտրությունների ժամանակ «Հանուն միջազգային կոնվենցիաների կատարման» ՀԿ-ի դիտորդների ցուցակում էր: Ի դեպ, այս ՍՊԸ-ն «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվող կազմակերպությունների ցանկում է, որին 2017-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 27-ը ժամկետով հավաստագիր է տրվել Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության կողմից:
Սկանդալներ Ավինյանի անվան շուրջ
Կառավարությունում ստվերային կառավարչի՝ «գորշ կարդինալի» համբավ ունեցող Ավինյանի մասին կարծիքները տարբեր են: Մեր սուբյեկտիվ տպավորությամբ՝ նրան չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները: Ավինյանը բնորոշվում է որպես ինտելեկտուալ, բնավորությամբ սառը, ամեն ինչում իր շահը տեսնող մարդ: Կարող է ոտքով-գլխով խորասուզվել գործի մեջ՝ չնկատելով շրջապատի մարդկանց, ամբիցիոզ է, հաշվենկատ, կադրային նշանակում-ազատումների հարցում նրա խոսքը վճռական է: Ըստ մամուլի՝ Ավինյանն «առաջ է հրում» իր շրջապատի մարդկանց՝ լոբբինգ անելով իր ուզած կամ իրեն դուր չեկած մարդու օգտին կամ դեմ: Վերջերս Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ա. Գրիգորյանի պաշտոնանկությունը գործադիրում հակված են բարդել Ավինյանի վրա: Ըստ լուրերի՝ Գրիգորյանը աշխատանքից ազատվել է Ամուլսարի շուրջ Ավինյանի հետ ունեցած տարաձայնության պատճառով. Գրիգորյանն, իբր, պայքարել է, որ Ամուլսարը հանքավայր չդառնա։
Ավինյանի անվան շուրջ ամենամեծ սկանդալը կապված էր նրա հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ, որը չրի արտադրությունը զարգացնելու համար 2018-ին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, որի արդեն նախկին տնօրեն Գեղամ Գեւորգյանը նախորդ տարի հոկտեմբերին նշանակվել էր գյուղնախարար: Շատերն այս ամենում կոռուպցիա եւ շահերի բախում տեսան, այս հարցին անդրադարձ եղավ նաեւ Փաշինյանի մակարդակով: Դրամաշնորհի ստացման մասին պարզաբանում ներկայացրեց նաեւ ինքը՝ Ավինյանը, եւ նշեց, որ ՍՊԸ-ն իր հայտը ներկայացրել է դեռեւս մինչ իր փոխվարչապետ նշանակվելը՝ 2018-ի փետրվարի 14-ին: Իսկ դրամաշնորհի ստացման ընթացակարգի 9 փուլերը տեղի են ունեցել մինչեւ հեղափոխությունը, վերջին փուլն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը ընդամենը մի քանի օրվա փոխվարչապետ էր: Հետեւապես, շահերի բախման խնդիր լինել չի կարող: Նկատենք, որ ՍՊԸ-ի հետ համաձայնագիրը կնքվել է մայիսի 25-ին, երբ Ավինյանը երկու շաբաթ է, ինչ փոխվարչապետ էր, իսկ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 1-ին: Փոխվարչապետը, պետռեգիստրի տվյալներով, ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թ. հունիսի 5-ին: ՍՊԸ-ի տնօրենը Ավինյանի հայրն է՝ Արմեն Ավինյանը, որի հետ էլ կնքվել է վերոհիշյալ համաձայնագիրը, իսկ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը փոխվարչապետի կրտսեր եղբայրն է՝ մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Դավիթ Ավինյանը: Նշենք, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն զբաղվել է ինտենսիվ այգիների հիմնմամբ, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի տեղադրմամբ, իսկ 2016-ից՝ չրի արտադրությամբ: ՍՊԸ-ի տնօրինության տակ է գտնվում 11 հեկտարի վրա տեղակայված 2000 ծիրանենու այգի Կոտայքի մարզի Քանաքեռավանում, որի տարեկան բերքատվությունը կազմում է 50-70 տոննա:
29-ամյա փոխվարչապետն ամուսնացած է, ունի երկու դուստր: Փետրվարի 28-ին լրանում է Ավինյանի 30-ամյակը: Տ.Ավինյանը թեեւ բանակում չի ծառայել, սակայն 2016թ. ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով՝ ապրիլ եւ մայիս ամիսներին հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
Հեղինե Մանուկյան