Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Մասնավորապես, նրանք առաջարկում են այսպիսի հոդված ներառել… «Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում միեւնույն կամ տարբեր գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները»:
Կառավարությունն այս նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու համար հարցումներ է կազմակերպել մի քանի կազմակերպությունների։ Եվ ամփոփելով` կառավարությունը գտել է, որ Օրենքի գործող դրույթը արհեստակցական կազմակերպության գործունեության նպատակի և աշխատողների իրավունքների ու շահերի ներկայացման տեսանկյունից սահմանում է առավել արդյունավետ և համակարգային կարգավորում: Հարցը կառավարության նիստում ներկայացնում էր ՀՀ աշխատանքային եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` նշելով, որ ամեն դեպքում պատրաստ են այլ առաջարկներ ընդունել։