«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Բաղրամյան 26-ից հափշտակված հուշամեդալների գործը կկարճվի:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել եւ գաղտնի հափշտակել առկա հուշամեդալներից թվով չորսը` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը`ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Նախաքննության ընթացքում տասնյակից ավել մարդիկ են հարցաքննվել, ընդ որում` հարցաքննվել են նախագահի նստավայրի աշխատակիցները: Եվ, ահա, դրանց արդյունքում պարզվել է, թե ով է հուշամեդալը վերցրել եւ ինչ նպատակով: Այսպիսով, Բաղրամյան 26-ի մաքրուհիներից մեկը խոստովանել է, որ ինքն է վերցրել հուշամեդալները: Քննիչը հարց է ուղղել, թե ինչու է վերցրել դրանք, ինչ նպատակ է հետապնդել այդ քայլով, ի պատասխան` կինը նրան ասել է, որ տարել էր երեխաներին ցույց տար եւ հետ վերադարձներ:
Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենը բացահայտելուց հետո իրավապահ համակարգում քննարկել են քրեական գործը կարճելու նպատակահարմարությունը` հաշվի առնելով կնոջ վիճակը. իր աշխատանքով անչափահաս երեխաների օրվա հացն է հոգում, նաեւ այն հանգամանքը, որ նա հուշամեդալները հետ է վերադարձրել:
Քնար Մանուկյան