Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որում ամրագրվում է մի կետ, ըստ որի պետք է լինի հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս նախաձեռնությունը` ասելով, որ գործուն մեխանիզմներ են լինելու հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին իմանալու առումով եւ դա մատչելի դարձնելու։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, թե այդ ամենը մատչելի է դառնալու եւ, եթե պարզվի, որ թաքցվել է, դա կարող է հիմք հանդիսանալ զրկելու լիցենզիայից։
Վարչապետն էլ հիշեցրեց մի ուսումնասիրության մասին, ըստ որի` ՀՀ-ի հանքերի մեծ մասի որպես սեփակատերեր գրանցված են օֆշորային ընկերություններ, իսկ ինքն էլ այդ գրությունն էլ հասցեագրել է Էներգետիկայի նախարարությանը եւ այժմ գտնվում է Քննչական կոմիտեում։ Նա կոչ արեց դա ուսումնասիրության առարկա դարձնել եւ հայտնեց, թե տպավորություն էր, որ հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից։