Աշտարակ կաթ բաժնետիրության կողմից դատի տված անհատ ձեռներեցների հայտարարությունը.
Մենք՝ Աշտարակ քաղաքի և շրջակայքի տասնյակից ավելի Անհատ ձեռներեցներս երկար տարիներ աշխատել ենք «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրության հետ՝ որպես վերջինիս ապրանքների սպառողներ: Աշխատանքի ընթացքում ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել, աշխատել ենք կանխիկ գումարներով՝ առանց բանկային փոխանցումների: Երբ սննկացավ Աշտարակ կաթի նախկին սեփականատերը, նա մեզ մեղադրեց իր ապրանքի դիմաց իրեն գումարներ չտալու մեջ, և որոշեց, որ իր սննկացման պատճառը մենք ենք: Սա բացահայտ սուտ է և զրպարտություն մեր նկատմամբ: Նաև՝ հակասում է որևէ տրամաբանության, քանի որ ստացվում է, որ տարիներ շարունակ Աշտարակ կաթը մեզ հետ համագործակցել է այն դեպքում, երբ մենք նրան չենք վճարել իր ապրանքի դիմաց:
Առաջին ատյանի դատարանները հոգուտ մեզ որոշումներ կայացրեցին՝ հիմք ընդունելով հենց Աշտարկ կաթի աշխատողների վկայությունները, որոնք էլ մեզ ապրանք էին մատակարարում, և անձամբ ստանում գումարը: Սրանից հետո Աշտարակ կաթի նախկին տերերը բողոքարկեցին վճիռը Վերաքննիչ դատարանում: Վերաքննիչը, անցկացնելով փակ դատ, բավարարեց Աշտարակ կաթի հայցը:
Ցանկանալով ԶԼՄ-երի և հանրության ուշադրությունը հրավիրել այս անարդար որոշմանը՝ փետրվարի 21-ին, ժամը 14.00-ին մեր բողոքի գործողությունն ենք իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ, Հանրապետության հրապարակում: