Ահռելի միջոցներ` անարդարացի դատաքննության համար. կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 8200 եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 8200 եվրոյին համարժեք դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2 դիմումատուներից յուրաքանչյուրին պետք է վճարի 2400 եվրո` ընդհանուր առմամբ 4800 եվրո վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Ի դեպ, դիմումատուները գավառցի եղբայրներ են: Տեղեկացնենք, որ 2009 թվականին Գավառի բնակիչներից մեկը ոստիկանությանը հաղորդել է, թե երեկոյան փողոցներից մեկում մեքենայից ինչ-որ մեկը կրակել է իր մեքենայի վրա, որի հետեւանքով նրա որդին եւ նրա ընկերը ստացել են հրազենային վնասվածքներ: Սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք պահելու առիթով հարուցել է քրեական գործ:

2010 թվականի հոկտեմբերի 26-ի վճռով` մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար: 2011 թվականի մարտի 4-ին վարույթը վերսկսվել է, եւ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը: Իսկ 2011 թվականի մարտի 14-ին դիմումատուները կալանավորվել են, եւ նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել:

Դիմումատուն բողոքել է, որ դատական քննության ժամանակ իրենց չի տրվել տուժողին եւ վկաներին խաչաձեւ հարցաքննելու հնարավորություն: Եւ ըստ ՄԻԵԴ-ի` դիմումատուների այս պնդումները բավարար են, որպեսզի դատարանը եզրակացնի, որ տվյալ գործում խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մյուս` «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճարել 3400 եվրո: Այս դեպքում քրեական գործ էր հարուցվել հարստացված ուրանի Վրաստան մաքսանենգության հատկանիշով: Երկու մաքսանենգները դատապարտվել են Վրաստանում, իսկ Դադայանը` Հայաստանում` ըստ էության, վրացական իշխանություններին տված վկայությունների հիման վրա:

Ըստ ՄԻԵԴ-ի` Դադայանի պաշտպանության իրավունքը զգալիորեն տուժել է, քանի որ հայկական դատարանը երբեւ չի լսել մաքսանենգերին: Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նրանց Հայաստան տեղափոխել: Մինչդեռ հենց այդ վկաների հայտարարությունները կարող էին դատարանի համար հիմք հանդիսանալ, որպեսզի որոշում կայացվեր` արդյոք Դադայանը ներգրավվել է ռադիոակտիվ նյութերի վաճառքի մեջ, թե ոչ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին վճարել Գագիկ Դադայանին 2400 եվրո` ոչ նյութական վնասի համար, եւ 1000 եվրո` դատական ծախսերի փոխհատուցման համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս