Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու. Արամ Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը երեկ հայտարարել է ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին` տարբեր ամիսների, փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Սրա հետեւանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18 միլիոն դրամը հափշտակվել է:

Բացահայտվել է նաեւ մեծ չափերի կաշառք վերցնելու դեպք: ԿՀԴՊ ԳՎ-ում ԵՊՀ-ի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարը հաղորդում է տվել, որ համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: «Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը եւ առանձնատունը, ինչպես եւ ջեռուցման համակարգ է տեղադրել:

Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400 մլն դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել»: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հիշեցնենք, որ դեռ թավշյա հեղափոխությունից հետո ԵՊՀ ուսանողները իրենց բողոքի ալիքը բարձրացրին` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ուսանողները բարձրաձայնում էին նաեւ վերջին տարիներին տեղի ունեցած չարաշահումների մասին։ Սակայն այդ օրերին ռեկտորի առողջական վիճակը վատացավ եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ուսանողները դադարեցրին բողքի ցույցերը։ Վերջին շրջանում ցույցերը կրկին ակտիվացել են։ Ուսանողները չեն ուզում սպասել քրեական գործի ավարտին, այլ ցանկանում են, որ Սիմոնյանը հիմա լքի աթոռը։

Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ` Արամ Սիմոնյանը, տեսնելով տեղի ունեցածը, ցանկություն է ունեցել հրաժարական տալ դեռ մայիս ամսին, սակայն ԵՊՀ աշխատակազմի ներքեւի օղակները նրան հորդորել են նման բան չանել։ Ըստ օդում կախված լուրերի` համոզողներից մեկն էլ եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ուսանողների հետ տարվող կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը։ Սա, ըստ էության, արվել է` լավ հասկանալով, որ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո երեւան են գալու մի շարք փաստեր, որոնք ձեռնտու չեն նաեւ իրենց:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որն էլ հերքեց մեր տեղեկությունը։ «Իմ ընտանիքի անդամներն են ուզել, որ ես է՛լ չաշխատեմ։ Չհեռանալու հորդոր չի եղել, որովհետեւ ես նման որոշում երբեք չեմ ունցել»,- ասաց Սիմոնյանը։ Հարցրինք` հաշվի առնելով ներկայիս ստեղծված վիճակը` հիմա եւս նման մտքեր չկան, ի պատասխան` ռեկտորն ասաց. «Ո՛չ։ Նման որոշում չկա։ Ես երբեք չեմ ասել, որ ես հրաժարական եմ տալու։ Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու, որովհետեւ այդ մեղադրանքերը կեղծ են եւ հնարովի»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձ է հղել, որում ասվում է, որ ինքն ու Արամ Սիմոնյանը զրույց են ունեցել. «Եվ, այո, այդ զրույցի ժամանակ ես իմ մտահոգությունն եմ հայտնել և հորդրել նաև, որ 100-ամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունը միջոցառումներին, որովհետև, ըստ էության, բոլոր այն խախտումները, բոլոր այն նեգատիվը, որը կա համալսարանում, կապված է իր հետ` ուսանողների սահմանփակումներ, դասախոսներi սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինդուզի մակարդակի իջեցում: Եթե պետությունը նման մեծ շուքով և հանդիսավորությամբ պետք է նշի այդ միջոցառումը, ապա ի՞նչ մեսսիջ ենք մենք տալու մեր հանրությանը, երբ որ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը»,- ասաց նախարարը:

Լուսինե Մինասյան




Լրահոս