Ազատամուտը` քաղա՞ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամուտը հիմնադրվել է 1970թ. որպես Իջեւանի բենտոնիտ կոմբինատի բանվորական ավան: Բնակավայրը Ադրբեջանի սահմանից ընդամենը 3.5 կմ հեռավորութամբ է գտնվում: 1996թ. Հայաստանի վարչատարածքային բաժանմամբ Հայաստանի բնակավայրերը բաժանվեցին քաղաքների եւ գյուղերի, քաղաքատիպ ավան Ազատամուտը դարձավ գյուղ: Այն ունի բազմաբնակարան 22 շենք, 22 քոթեջ:

Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը հայտնեց, որ 3200 բնակիչ ունեցող Ազատամուտի ավելի քան 1000 բնակիչ ստորագրել է դիմումի տակ, որով կառավարությունից խնդրում են բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհել: Դիմումն արդեն ուղարկվել է կառավարություն:

Վ.Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Ազատամուտը աճելու հեռանկարներ ունի, առկա է 550 աշակերտ, որից 475-ը հաճախում է Ազատամուտի միջնակարգ դպրոց, մնացածները՝ հարեւան Կայանավանի եւ Դիտավանի դպրոցներ: Նա ասաց, որ Ազատամուտը գյուղ չի կարող համարվել, քանի որ գյուղատնտեսական նշանակության հողեր չունի:

Ազատամուտի ամբողջ տարածքը կազմում է 43 հեկտար, որտեղ էլ տեղակայված են բազմաբնակարան շենքերը, քոթեջները, այլ կառույցներ: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի խոսքերով՝ Հայաստանում քաղաքներ կան, որոնց բնակչությունն ավելի փոքր է, քան Ազատամուտինը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս