«Թուրինյան ամրոցը» անդունդի եզրին. ինչպես «բիանկոներիները» տանուլ տվեցին առաջին խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` փետրվարի 20-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո Մադրիդ»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը: Հյուրերը, լինելով ֆավորիտ, խայտառակ խաղ խաղացին եւ բաց թողեցին երկու անպատասխան գնդակ: Ամենասարսափելի հաշիվը, որը կարող էր գրանցվել Սիմեոնեի «Ատլետկոյի» հետ խաղում: Պատասխան խաղում «Ծեր Սինյորան» պետք է ձգտի անել անհնարինը` մրցակցի դարպասն ուղարկել երկու եւ ավելի գոլ` բաց չթողնելու պայմանով: Առաջին հայացքից այս ամենը իրոք անհնարին է թվում, սակայն իրականում «Յուվենտուսը» փրկվելու մեծ շանսեր ունի: Այդ ամենի եւ մնացածի մասին ըստ հերթականության: Իսկ հիմա քննարկենք, թե ինչի հաշվին հաղթեց «Ատլետիկոն», եւ որտեղ հիմնականում թերացավ «Յուվենտուսը»:

Սխալ մեկմարկային կազմ.

Առաջինը պետք է նշենք Մասիմիլիանո Ալեգրիի ընտրած սխալ մեկնարկային կազմը: Իհարկե Կուադրադոյի,Կոստայի եւ Խեդիրայի բացակայության պակմաններում Ալեգրին ինչ, որ չափով փակուղու մեջ էր,սակայն Ռոդրիգո Բենտանկուրի եւ Մատտիա դե Շիլիոյի փոխարեն Էմրե Ջանին եւ Մարտին Կասերեսին խաղադաշտ դուրս բերելը հնարավոր է հանգեցներ նրան,որ խաղից հետո լուսատախտակին չվառվեր 2-0 հաշիվը: Մատտիա դե Շիլյոն այս մրցաշրջանը ուղղակի տապալում է. նա համարվում է պահեստային խաղացող, սակայն այս խաղում Ալեգրին գտավ, որ իտալացին ավելի պատրաստ է խաղին քան Կասերեսը կամ Կանսելուն: Մարտին Կասերեսը հայտնի է իր ամրակազմությամբ եւ իհարկե կոպտությամբ: Հաշվի առնելով «հնդկացիների» խաղաոճը` հենց Կասերեսն էլ պետք է լիներ մեկնարկում: «Կպչող» խաղաոճ դավանող ուրուգվայցին հանգիստ չէր թողնի «ատլետների» «փախչող» հարձակմանը: Ռոդրիգո Բենտանկուր. ֆուտբոլիստ, ում խաղը միշտ թվում է, թե բարելավվել է, սակայն Ռոդրին լավ խաղ չի կարողանում ցուցադրել բարձր մակարդակով թիմերի դեմ: Ամեն դեպքում Ալեգրին այլ կարծիքի էր. նա խաղավերջում Ջանին դուրս բերեց դաշտ, սակայն Պյանիչի փոխարեն:

Սիմեոնեի հաղթանակը փոփոխություններում.

Խաղի ղեկը գրեթե ամբողջ խաղի ընթացքում գտնվում էր տանտերերի ձեռքում: Թվում էր` խաղին առաջինը պետք է միջամտի Մաքս Ալեգրին, սակայն Դիեգո Սիմենեն շտապեց եւ հասավ արդյունքի: Մարտավարական հրաշալի փոփոխությունների արդյունքում «Ատլետիկոն» սեղմեց մրցակցին եւ ստացավ ֆանտաստիկ առավելություն: «Յուվենտուսը», փոփոխությունների լայն հնարավություններ չունենալով, ուղղակի «քարկապվեց» մեկնարկային կազմի հետ, իսկ եղած ֆուտբոլիստներին էլ «խաղից հետո» պայքարի մեջ ներառելը դարձավ ճակատագրական:

«Վանդա Մետրոպոլիտանոյի» բուռն աջակցությունը.

Սեփական դաշտ. սեփական երկրպագուներ եւ աննկարագրելի աջակցություն: Այս ամենը եւս մեծ դեր խաղացին Չոլո Սիմեոնեի թիմի հաղթանակի հարցում: Ինչպես ասում են, երկրպագուները հաղթանակի մեծ մասնաբաժինն են կազմում, եւ դրանում մենք եւս մեկ անգամ համոզվեցինք:

«Ատլետիկոյի» խիտ պաշտպանությունն ու թուրինյան թիմի ֆուտբոլիստների քիմիական կապի բացակայությունը.

Թե՛ «Ատլետիկոն», թե՛ «Յուվենտուսը» աշխարհին հայտնի են իրենց հրաշալի պաշտպանությամբ, սակայն այս հանդիպմանը թուրինցիների պաշտպանությունը հեռու էր այն նշաձողից, որը հենց իրենք էին սահմանել: Ատլետների պաշտպանությունն անզուգական գործեց. գրեթե ոչ մի գնդակ չէր հասնում թուրինցիների հարձակվողներին:

«Յուվենտուսի» կազմում բացակայում էր նաեւ կապը ֆուտբոլիստների նիջեւ: Կիսապաշտպանների եւ հարձակվողների մեջ բացակայում էր քիմիան, չկար լավ կազմակերպված գրոհներ,բացակայում էին նաեւ հակագրոհները:

Այսպիսով կարելի է արձանագրել,որ «Ատլետիկոն» տարավ արժանի հաղթանակ եւ մեծ քայլ կատարեց դեպի 1/4 եզրափակիչ: Պատճառներ դեռեւս շատ կարելի է գտնել,սակայն բավարարվենք այսքանով եւ անդրադառնանք նաեւ խաղի ընթացքում կատարված հետաքրքիր իրադարձություններին:

Ռոնալդուի եւ Սիմեոնեի ժեստերի մասին.

Եթե ասենք, որ Կրիշտիանուն վատ խաղաց սխալ կլինի, բայց կարելի է հաստատ ասել, որ պորտուգալացու մոտ բացակայում էր այն խաղը, որին ֆուտբոլասերները արդեն սովորել են: Ամեն դեպքում այս խաղում Ռոնալդուից «հիշատակ» մնաց ստորեւ պատկերված ժեստը, որով Կրիշտիանուն «ատլետներին» հիշեցնում էր իր նվաճած Չ/Լ-ի գավաթների քանակը: Այո՛, Ռոնալդուն չդիմացավ երկրպագուների պահվածքին եւ պոռթկաց, սակայն այստեղ վիրավորական ոչինչ չկա, եւ Կրիշտիանունիին որակազրկում չի սպառնում:

Նույն բանը չենք կարող ասել մադրիդցիների մարզիչ Չոլո Սիմեոնեի մասին: Ոչ ֆուտբոլային պահվածք, խայտառակ ժեստ (չնայած Սիմեոնեի դեպքում սա ավելի շատ սովորական բնույթ է կրում). այսպիսի բաները հարիր չեն պրոֆեսիոնալներին: ՈՒԵՖԱ-ն դեռեւս չի անդրադարձել այս ամենին, սակայն պարզից էլ պարզ է, որ Չոլոյին սպասվում է որակազրկում եւ տուգանք:

Պատասպան խաղի եւ «Յուվեի» շանսերի մասին.

Այս դիմակայության պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին Թուրինում. խաղ, որի լարվածությունը զգացվում է նույնիսկ հանդիպումից երեք շաբաթ առաջ: Կարծում եմ «Ատլետիկոյի» խաղի կառուցվածքը գուշակում են բոլորը` խորը պաշտպանություն եւ հակագրոհներ: «Յուվենտուսը» Թուրինում ուղղակի «կրծելու է» դաշտը մյուս փուլ անցնելու համար եւ հաշվի առնելով այն, որ երկրորդ խաղին «Ծեր Սինյորային» կմիանան Դուգլաս Կոստան եւ Կուադրադոն, իսկ հյուրերից խաղը բաց կթողնեն Փարթին եւ Կոստան, կարելի է ասել`«Յուվենտուսի» շանսերը շատ մեծ են եւ իրատեսական: Ամեն դեպքում մադրիդյան գրանդը հայտնի է հաշիվ պահելու մեծ կարողությամբ եւ իհարկե այսպիսի հաշվից հետո բացահայտ ֆավորիտը հենց նրանք են: «Ատլետիկոն» նույն ոճով եւ խաղով, «Յուվենտուսը» Չեմպիոնների Լիգայում հաջողության հասնելու մեծ մոլեգնությամբ. Թուրինում կայանալիք խաղը կլինի այս երկուսի խառնուրդը, որը կարող է «պայթյունավտանգ» դառնալ:

«Թուրինյան ամրոցը» Չեմպիոնների Լիգայում այս տարի եւս գտնվում է անդունդի եզրին, սակայն այս տարի փրկվելու շանսերը անցածներից շատ ավելի մեծ են:

«Յուվենտուս Ստեդիումում» թեժ է լինելու եւ անկանխատեսելի:

Էդմոն Մարտիրոսյան

 

 




Լրահոս