Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը: ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայաստանի ստարտափ էկոհամակարգ», բանախոսներ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հանդիպման ընթացքում խոսվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին։ Բագրատ Ենգիբարյանը պատմել է նաև Հայաստանի ստարտափ էկոհամակարգի առավելությունների և բացերի, պետության հետ համագործակցության, գիտատար ստարտափների աջակցության և մարզային ծրագրերի զարգացման մասին։ Անդրեյ Պյատախինն իր հերթին ներկայացրել է ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերը և հեռահաղորդակցության ոլորտի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
«Այսօր ունեցանք չափազանց հետաքրքիր հանդիպում։ Անչափ կարևոր և իհարկե հետաքրքիր էր լսել Բագրատ Ենգիբարյանի նման մարդուն, ով կանգնած է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ստեղծման հիմքում։ Ուրախացնում է նաև ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերի հաջող ընթացքը և հաճելի է տեսնել, թե Անդրեյ Պյատախինն ինչ կարևորությունն է տալիս դրանց», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
«Հայաստանի ՏՏ ոլորտում հաջողությունները բազմաթիվ են և պայմանավորված են մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ, ոլորտում դրամաշնորհային ծրագրերի զարգացմամբ, ինչպես նաև մեծ ընկերությունների կողմից համապատասխան էկոհամակարգերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան գրանցվում է 100 հայկական ստարտափ, որոնց 80 տոկոսը 2-3 տարի հետո շարունակում են աշխատել, չեն փակվում։ Ներկայում կարևոր է ուշադրությունն ուղղել մարզերին և այնտեղ ներդնել ոլորտում ձեռքբերված փորձը»,- նշեց «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Մենք ուրախ ենք մաս կազմել և ներսից սատարել հայկական էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն մի քանի տարի է մենք սերտորեն աշխատում ենք ստարտափների և այս ոլորտի փորձագետների հետ։ ՍտարՀաբ Օֆլայն ձևաչափի հանդիպումները մեզ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և որոշակի լուծումներ առաջարկել։ Բացի այդ, մենք գործարկել ենք մեր սեփական ինկուբատորը, որը ստարտափներին օգնում է ստանալ անհրաժեշտ գիտելիքները՝ լավ գաղափարն աշխատող բիզնես նախագիծ դարձնելու համար»,-նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։