Նիկոլ Փաշինյանի մեսսիջները. ում էր ակնարկում վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հետաքրքիր ուղերձներ հղեց: Առհասարակ, երեկ կառավարության նիստը, նախորդների համեմատ, բավականին երկար տեւեց, քանի որ բազմաթիվ օրակարգային հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ իր տեսակետն էր արտահայտում, միջամտում:

Օրինակ` երեկ կառավարության նիստում որոշում ընդունվեց, որի հանաձայն` նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ: Եվ դրան հետեւեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բավական ուշագրավ հայտարարություն, որի մասին նա եզրակացրել էր այս ամիսների ընթացքում: «Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Շատ կարեւոր տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն»: Եվ, իսկապես, հանքերի ոլորտում տիրող իրավիճակի, կոռուպցիոն դրսեւորումների մասին բազմիցս է անդրադարձ եղել:

«Հայկական զարգացման գործակալության» կողմից բազմիցս են տվյալներ հրապարակվել այդ ոլորտում առկա իրավիճակի մասին: Օրինակ` 2017 թվականին հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանն ունի շինարարական եւ համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր` ներառյալ բազային եւ թանկարժեք մետաղների 30 հանքավայր: Սա ամենաստվերային ոլորտն է` անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով եւ բացատրվում է այն, որ ոլորտում պատահական մարդիկ չկան: Դրանց մեծ մասի սեփականատերերը նախկին նախարարներ են, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ: Այդ պաշտոնյաների թվում իր ուրույն տեղն է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բնապահպանության նախկին նախարար, պատգամավոր Վարդան Այվազյանը, իհարկե նաեւ Սիլվա Համբարձումյանը, ում ցուցմունքների հիման վրա էլ այժմ շատերին մեղադրանք է առաջադրված: Նրանց թվում է նաեւ բնապահպանության մեկ այլ նախկին նախարար Արամ Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է, եւ կրկին այդ ոլորտի տիրակալներից մեկն է:

Կառավարության նիստում շատ ավելի մտահոգիչ էին վարչապետի ակնարկները պետական կառավարման համակարգի, ավելի ճիշտ՝ համակարգում տիրող իրավիճակի մասին: Վարչապետը կրկին կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը` շեշտելով, որ այժմ ոչ մի նման բան չի ներվելու, եւ կապ չունի, թե ում կողմից է դա արվել: «Ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, եւ այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երեւույթը, նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 եւ ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարեւանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ», – նշել է նա:

Նկատենք, որ նման հայտարարությունները կառավարության նիստին պատահական չէին: Ու կարելի է եզրակացնել՝ իշխանության ներսում, այնուամենայնիվ, իրավիճակը մտահոգիչ է. կան պաշտոնյաներ, որոնք, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, այնուամենայնիվ, չեն կարող չտրվել փողի գայթակղությանը: Եվ եթե նա նշում է, որ այսօր էլ են ՀՀ-ում կաշառք վերցնում, նշանակում է` կան նման փաստեր, նրան նման տեղեկություններ են ասվել, եւ այս հայտարարությունն ունի իր հասցեատերը:
Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը կրկին ընդգծել է, որ չնայած թավշյա հեղափոխությունից հետո այլ կանոններ են, սակայն բարիկադները քանդվել են, եւ ներկայումս պաշտոն զբաղեցնող ՀՀԿ-ականների առջեւ ընդամենը մեկ պայման է առկա: «Բոլորն ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալստի վրա պառկացնելով, թե լինի դա պատերին տալով, թե լինի դա որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եվ առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ներկայիս պաշտոնյաների աշխատանքի մասին, ճիշտ է, անանուն, բայց վստահաբար այդ մեսսիջները տեղ են հասնում: Փաստորեն, այժմ էլ դեռ կան հին կանոններով աշխատողներ: Միայն թե հետաքրքիր է՝ ինչու է Փաշինյանը խուսափում կադրային քաղաքականության հարցերում կտրուկ որոշումներից: Առավել եւս, երբ նախորդ տարի վարչապետի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց` հունիսի 20-ին՝ իր առաջին ասուլիսի ժամանակ, Փաշինյանը խոսել էր կադրային քաղաքականության մասին ու շեշտել՝ ադապտացիայի շրջան է:

«Այս ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այլ գործելակերպի, աշխատաոճի, նպատակի, ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն»,- ասել էր նա: Թեեւ հետագայում երկու անգամ նա էլի որոշակի ակնարկներ էր արել մինչեւ հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաեւ ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին, սակայն այդպես էլ համապատասխան հետեւություններ կարծես չեն արվել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս