ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մարտի 1-ի օրը որոշել են նշանավորել քաղաքացիական հզոր երթով Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։
«Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների եւ նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը եւ քաղաքացու իշխանությունն այլեւս անշրջելի է, որ ՀՀ-ում չեն լինելու այլեւս ընտրակեղծիքներ, որ ՀՀ-ում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու, ընդհանրապես, քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին, եւ այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին եւ, ընդհանրապես, քաղաքական բռնության բոլոր զոհերին», – ասել է Փաշինյանը:
Այս կապակցությամբ առանձին հայտարարություն է տարածել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ ողջունելով վարչապետի նախաձեռնությունն ու կոչ անելով ամենաակտիվ կերպով մասնակցել այդ երթին:
«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին եւ կատարողներին»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:
-Պարո՛ն Քլոյան, վարչապետ Փաշինյանը կոչ արեց մարտի 1-ի երթին մասնակցելու։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը սրան։ Մասնակցելո՞ւ եք։
-Իհարկե, մասնակցելու ենք, բոլորս անպայման մասնակցելու ենք։ Այսօր մենք հայտարարությամբ ենք հանդես գալու, որ մենք ողջունում ենք Հայաստանի նոր իշխանության որոշումը պետական մակարդակով երթ կազմակերպելու զոհերի հիշատակի համար։ Ողջունելի է նաեւ այն, որ շրջանառվում է մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին այդ նախագիծը։ Շատ լավ վերաբերմունք ունենք այդ մասով։
-ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով` Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Տեղի մասով, կարծես թե, դեռ հստակ որոշում չկա։ Ձեզ համար կա՞ նախընտրելի տեղ։
-Այո։ Այդ նախագիծն արդեն ճարտարապետի մոտ է, ինքը մրցույթ է կազմակերպելու, հետո ավագանու նիստ, որտեղ էլ վերջնական կորոշվի, նոր կսկսեն աշխատանքները։ Մենք նախնտրելի տեղ ունենք, եւ դա քաղաքապետարանի տարածքն է՝ Միասնիկյանի արձանի հակառակ մայթին՝ ժամացույցի կողքին։ Դա մեր ցանկությունն է, որոհետեւ ուրիշ հարմար տեղ էլ չկա․ցույցերը, սպանութունները տեղի են ունեցել այդ հատվածներում։
Լուսինե Մինասյան