Հանրապետական խմբակցությունում լինելով, ես եղել եմ ինքնուրույն. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։

-Պարո՛ն Թորոսյան, որպես արդեն փորձառու պատգամավոր` ի՞նչ դիտարկումներ ունեք` կապված նոր ԱԺ-ի հետ։

-ԱԺ-ն նոր է սկսել աշխատանքները, եւ, փաստորեն, մենք օրենսդրական օրակարգ չենք ունեցել, մենք առայժմ սպառել ենք միայն օրենքով սահմանված կարգով նախատեսված առաջին նիստի օրակարգը։ Մենք արդեն մարտի 5-ից կսկսենք հերթական նիստերը, եւ արդեն բուն օրենսդրական գործունեությունը ավելի տեսանելի կլինի, եւ ավելի հեշտ կլինի գնահատականներ հնչեցնել։ Առաջին նստաշրջանը արդեն տեղի է ունեցել, շատ ակտիվ քննարկումներ եղան, աննախադեպ ակտիվություն եղավ բոլոր խմբակցութունների կողմից, որը շատ գովելի եւ ողջունելի է։ Դեռ չկա որեւէ աշխատանք, որտեղ ես նկատած լինեմ որեւէ թերություն եւ բացթողում։

-Դուք եղել եք Հանրապետական խմբակցության պատգամավոր. այս առումով հիմա ինչպե՞ս եք հարմարվել նոր իշխանությունների հետ։

-Ես հարմարվելու որեւէ խնդիր չունեմ: Ես պատգամավոր եմ եղել երեք գումարման Ազգային ժողովներում։ Որեւէ խնդիր չունեմ հարմարվելու առումով, որովհետեւ ես բավական ինքնուրույն եմ եւ ես հստակ աշխատանքներ եմ կատարում, պատկերացնում եմ իմ աշխատանքը, գիտեմ իմ անելիքը եւ ես հստակ ծառայություններ եմ մատուցում իմ պետությյանը, իմ ժողովրդին իմ ուժերի ներածին չափով։ Հարմարվելու խնդիր չեմ ունեցել, նորմալ խմբակցություն է, նորմալ, ակտիվ մարդիկ են, կրեատիվ երիտասարդներ են: Հուսանք, որ իրենց այդ երիտասարդական ավյունը ամբողջովին կնվիրաբերեն մեր պետության զարգացման գործին։

-Վերջին շրջանում շատ է խոսվում սահամանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, մասնավորապես` սուպերվարչապետութան վերացման։ Այս մասին հատկապես ընդդիմությունն է խոսում։ Ըստ Ձեզ` այս շրջանում որքանո՞վ է կարեւոր փոփոխություններ իրականացնել։

-Այդ տեսանկյունից ես բավականաչափ պահպանողական եմ, դեմ եմ օրումեջ սահամանդրության փոփոխությանը։ Անգամ եթե հրաշագործության հնարավորությամբ հոդվածներ մտցնես, սահամանադրությունը սովորական օրենք չէ, որ, ըստ քաղաքական տրամադրության, ամեն օր փոխես։ Փորձը ցույց է տալիս, որ մենք սահմանադրությանը անդրադառնում են առնվազն 10 տարին մեկ։ Ճիշտ է, հիմա ինչ-որ նորմեր, որոնք որ կարող է խորհրդարանը փոխել սահամանադրական դրույթների, որովհետեւ նոր սահմանադրությունը տալիս է հնարավորություններ որոշ դրույթների փոփոխման իրավունքի մասով, բայց առավել կարեւոր դրույթների փոփոխման իրավունք տալիս է հանրաքվեն՝ համաժողովրդական քվեարկությանը։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէ սահամանդրության գլոբալ փոփոխությունների գնալ, որովհետեւ մենք նոր ենք անցել խորհրդարանական կառավարման համակարգի, դեռ այս կառավարման համակարգի արդյունավետությունը մենք ամբողջովին չենք տեսել, դեռ չենք զգացել, եւ մենք ակնկալիք ունենք, որ այս կառավարման համակարգը միգուցե բավականաչափ արդյունավետ լինի մեր ազգային, պետական խնդիրների լուծման տեսանկյունից։

-«Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է։ Սա հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն է հիմա ընդդիմության դերը, եւ արդյոք իշխանությունը հիմա բա՞ց է ընդդիմության առաջարկների համար։ Օրինակ` Ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկը նշեց, որ ընդդիմությունը հալածանքների է ենթարկվում։

-Սահմանադրությունը երաշխավորում է ընդդիմության առնվազն 30 տոկոսի առկայություն խորհրդարանում, եւ չնայած այն հանգամանքին, որ անցած ընտրություններում ընդդիմությունը չի ունեցել 30 տոկոս` սահամանդրությունը դիտարկել էր, եւ այսօր ընդդիմությունն ունի այդքան ներկայություն՝ անկախ նրանից, թե ինչքան ձայն է հավաքել։ 30 տոկոսը բավականին լուրջ թիվ է ե՛ւ ձայնը բարձրացնելու, ե՛ւ հասարակության լայն շերտերին հասու լինելու։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչպիսին է ընդդիմության վիճակը, ես կարող եմ ասել, որ ընդդիմությունը որեւէ խնդիր մեր երկրում չունի, եւ նրա ձայնը բոլոր խողովակներով, բոլոր հնարավորություններով, բոլոր տարբերակներով լսելի է։

-ՀՀԿ-ական Ձեր արդեն նախկին գործընկերների հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք։ Արդյոք Ձեր շփումները շարունակվո՞ւմ են։

-Իհարկե շարունակվում են։ Ինձ համար մարդկային հարաբերությունները երբեք չեն ստորադասվում քաղաքական ամբիցիաներին։ Ես ընդհանրապես, Հանրապետական խմբակցության մեջ լինելով էլ, եղել եմ ինքնուրույն եւ երբեւէ չեմ ասոցացվել որպես հանրապետական, բայց ունեցել եմ հրաշալի ընկերներ, որոնց հետ շարունակում եմ իմ շփումները, եւ այդ հարաբերությունները քաղաքական հարթությունից դուրս են։

-Վերջին շրջանում ՀՀԿ-ից ակտիվ են միայն Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը։ Ըստ Ձեզ` ինչի՞ հետ է դա կապված։

-Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել ՀՀԿ-ի վարքագիծը. դա իրենց որոշումն է։ ՀՀԿ-ն ունի քաղաքական ղեկավարություն, իրենց որոշումն է։ Մենք էլ պիտի ընկալենք եւ ընդունենք կյանքն այնպես, ինչպես կա։

Լուսին Մինասյան




Լրահոս