Գաղտնալսման գործը` գաղտնի. ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի` Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը` մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ: Այս իրադարձությունը, հիշում եք, մեծ իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում: Դրանից հետո հարուցվեց քրեական գործ` պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու փաստերով. այն քննում է ՀՀ քննչական կոմիտեն:

Երկու ամիս անց` դեկտեմբերի 5-ին, հրապարակվեց նոր ձայնագրություն, այս անգամ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի զրույցը: Այդ դրվագով եւս քրեական գործ հարուցվեց, որը միացվեց նախորդ գործին:

Եւ, ահա, գաղտնալսման պատմությունից անցել է շուրջ 5 ամիս, սակայն քրեական գործը դեռ չի բացահայտվել, իսկ նախաքննական մարմինը լռում է: Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, թե գաղտնալսման գործը Քննչական կոմիտեի տիրույթում է, ու ինքը մանրամասներ չի կարող հայտնել: Նա նաեւ նշեց, որ մեկ անգամ է այս գործով հարցաքննվել, ու եթե անհրաժեշտություն լինի հարցաքննվելու, պատրաստ է:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քնչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք այս գործով կան կասկածյալներ կամ մեղադրյալներ: Ի պատասխան մեր հարցման` ՔԿ-ից միայն ասացին, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս