18.5 միլիոն դոլար. ստերիլ քրեական գործ. փաստաբանը` Սաշիկ Սարգսյանի նվիրաբերության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

-Պարո՛ն Բաղդասարյան, 30 միլիոն դոլարը մեկ շաբաթում վերադարձնելու վարչապետ Փաշինյանի պահանջը Ալ. Սարգսյանից կարո՞ղ է միջազգային իրավական կառույցներում դիտարկվել որպես ճնշում նրա կամքի վրա, ինչի արդյունքում նա պետությանը անհատույց փոխանցեց 18.5 միլիոն դոլար:

-Նախ` բերեք արձանագրենք, որ դա մեկ տարի առաջ էր, եւ այդ պահանջը նա չի կատարել: Այս նվիրաբերությունը կապ չունի վարչապետի կողմից արած հայտարարության հետ: Հաշվի առնելով, որ հորդորը կապված էր կոնկրետ գործողությունների հետ, որը տեղի չի ունեցել: Եթե հիշում եք, կոնկրետ ժամանակացույց ներկայացվեց, հստակ ժամանակացույցում առաջարկում ենք, ինքը այդ առաջարկությունը չընդունեց: Հակառակը, եթե մամուլը նայեք, մամուլում կա նրա կողմից տված հայտարարություն, որ ինքը ասում է, որ պարտավոր չէ որեւէ գործողություն կատարել: Ինչ վերաբերում է նվիրաբերությանը, ապա ոչ մի իրավական աղերսներ դա չունի իր քրեական գործի հետ:

-Ալեքսանդր Սարգսյանը բանկային գործարք է կատարել, որի մասին բարձրաձայնում է կառավարությունը: Բանկային գաղտնիքի մասին օրենքի խախտում չկա՞ այստեղ:

-Բանկային գործարք եթե կատարել է մի կողմը, ով որ ստացել է այդ գումարը եւ հայտարարում է, որ ստացել է, դա իր համաձայնությամբ է իրականացվում: Դուք միշտ իրավունք ունեք Ձեր համաձայնությամբ հրապարակել` Ձեր բանկային հաշվին ինչքան գումար է նստել. որեւէ մարդ չի կարող ասել, որ Դուք խախտում եք բանկային գաղտնիքը: Եթե այդ գումարը Ձեր հաշվին է նստած, Դուք Ձեր հաշվի տվյալներն եք հրապարակում, ոչ թե նրա:

-Ալեքսանդր Սարգսյանի՝ նախաքննության ընթացքում գումար փոխանցելու այս արարքը դատարանի կողմից կդիտարկվի՞ որպես մեղմացնող հանգամանք:

-Ի՞նչ կապ ունի՝ նախաքննության ընթացքում է փոխանցվել: Ալեքսանդր Սարգսյանը բացի պետությունից հարյուր հոգու նվեր է տվել. հիմա ինչ-որ մեկին եթե օծանելիք նվեր տա, դա պիտի մեղմացուցիչ հանգամա՞նք դիտարկվի, թե՞ ոչ: Պետությունը իրեն չի խնդրել ոչ մի բան նվիրաբերել: Եթե ինքը իր կամքով նվիրաբերել է, չի նվիրաբերել որպես վնասների հատուցում, հետեւաբար դատարանը հաշվի առնելու խնդիր չունի իր նվիրաբերությունը, ինչպես նաեւ այլ անձանց եթե ինքը օծանելիք, մեքենա կամ շոր է նվիրել:

– Ալ. Սարգսյանին հետախուզում է պետությունը, իր որդու հանդեպ նույն պետությունը քրեական գործ է հարուցել: Նրա փաստաբանը նրան վստահաբար ասած կլինի այն մասին, որ նվիրատվությունը չի ազդելու դատական ելքի վրա: Ի՞նչ տրամաբանությամբ է, ըստ Ձեզ, նա պետությանը խոշոր նվիրատվություն անում:

-Դա պիտի իրեն հարցնեք. գիտե՞ք, ես չեմ կարող իր փոխարեն ասել, թե ինքը ինչ տրամաբանություն ունի: Օրինակ` ես չէի հասկանում` ինչ տրամաբանությամբ է ինքը բոլոր հիմնարկներին հիսուն տոկոս փայ մտել: Այդ հարցի պատասխանն էլ չունեմ, անկեղծ ասած: Այնպես չէ, որ դրա հետ կապված փաստեր չկան: Այն, որ գնացել էր, նստել էր իր ընտանիքի անդամների հետ մի որոշակի սրճարանում, ասում էր՝ հիսուն տոկոսը ինձ տվե՛ք, դրանք փաստեր են: Երբ որ գործը կհասնի դատարան, այն ժամանակ կնայենք, կտեսնենք: Երբ որ իր տղան շատ վատ է պահել իրեն, եւ իր տղուն ինչ-որ մի տեղ հրմրել են, ինքը եկել, հիսուն տոկոսի փայատեր է դարձել: Երբ որ կհրապարակվի մեղադրական եզրակացությունը, ես Ձեզ կասեմ՝ այդ գործը կար, թե չկար: Թե Հայաստանում ոնց էին մեքենայով բռնելով մարդկանց գնում, ոնց էին մարդկանց գալիս, կաֆեներում թքում գնում, դա ոչ մեկ չի հիշում լրագրողներից, ցավոք սրտի: Դա չէին նկարում, ցույց տալիս, որովհետեւ Սաշիկի երեխան էր դա: Դա չէիք ասում, գիտե՞ք, որ թքում էին քաղաքացիների վրա, մեքենայով հելնում, բորդյուրների վրա կանգնում էր: Դա ոչ մեկ չի ասում:

-Այս գործը անցումային արդարադատության կոնտեքստո՞ւմ է, թե՞ դասական քրեական գործ է:

-Անցումային արդարադատությունը կապ չունի այդ քրեական գործի հետ:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս