Տավուշում հիվանդությունից խոզեր են սատկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում կայացավ Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն իր ելույթում նշեց, որ տարածաշրջանի տնտեսության գերակա ոլորտը գյուղատնտեսությունն է, որից առավել զարգացած է անասնապահությունը: Բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցված էժան վարկերով գյուղացիները խոզեր են գնել, ավելացրել իրենց խոզերի գլխաքանակը:

Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքում առկա է ավելի քան 3800 խոզ: Սակայն սկսած այս տարվա հունվարից` համայնքում, հատկապես` սահմանամերձ Կոթի եւ Բերդավան գյուղերում, հիվանդությունից խոզերը սատկում են: Այժմ խոզերի անկում է նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Հունվար ամսից սկսած` այդ բնակավայրերում սատկել է 350-400 խոզ: Երկու օր առաջ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տարածաշրջանի անասնապահների մասնակցությամբ ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է խոզերի անկումը: Դրան մասնակցել է Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ժողովի ժամանակ չի նշվել խոզերի զանգվածային անկման պատճառ դարձած հիվանդության անունը, սակայն խոզատերերին խորհուրդ է տրվել խոզերին անասնագոմերից դուրս չհանել, որպեսզի չվարակվեն: Նոյեմբերյանի անասնաբույժները կարծում են, որ անասունների հիվանդության պատճառը կարող է կապված լինել նրանց տրվող հորմոնային կերի, ինչպես նաեւ այն բանի հետ, որ Վրաստանից գնված գոճիներ են ներկրվել Նոյեմբերյանի տարածաշրջան: Այդ խոճկորների միջոցով հիվանդության վարակը կարող էր հարեւան երկրից Հայաստան ներթափանցել:




Լրահոս