Տավուշի մարզի սահմանամերձ 24 համայնքների բնակիչներին, կառավարության որոշմամբ, տրվում են սոցիալական որոշ արտոնություններ` բնական գազի, էլեկտրական հոսանքի, ոռոգման ջրի սակագների կիսով չափ զեղչի տեսքով:
Սակայն սահմանագոտու բնակիչների համար առավելագույն սահմանաքանակ է որոշված, որից ավելի բնական գազ, էլեկտրական հոսանք եւ ոռոգման ջուր սպառելու դեպքում սակագները չեն զեղչվում: Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները օգտվել են էլեկտրական հոսանքի սակագնի կիսով չափ զեղչումից:
Ձմռան ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն ընթացիկ տարում բնական գազի սակագնի զեղչում չի կատարվել:
Գազի հիմնարակության տեսուչներն ասում են, որ այդ զեղչերի հաշվարկը հետո կկատարվի, բնակիչները վճարում են սպառած գազի ամբողջ գինը: Սակայն բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են, թե իրենց հատկապես հիմա է անհրաժեշտ սակագնի զեղչումը, քանզի ձմռանը շատ գազ են սպառել եւ դրա դիմաց մեծ գումարներ են վճարելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ