Ինչպես են գյուղապետերը ունեցվածք կուտակել. վարչապետի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գյուղապետերի եւ քաղաքապետների հետ հանդիպմանը զգուշացրեց, որ պետական ծառայությունը ոչ միայն կառավարության անդամների, պատգամավորների, այլեւ համայնքապետերի կողմից չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն: Իսկ համայնքում չի կարող ամենահաջողակը լինել համայնքապետի բիզնեսը:

«Քաղաքներում եւ գյուղերում շատ հաճախ պատահում է այնպես, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, օբյեկտներն են ամենահաջողակները: Դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից, գույքահարկից` սկսած ՀԴՄ խփել-չխփելուց: Մենք շանս ենք տվել եւ տալիս ենք շատերին եւ գուցե բոլորին, ովքեր չեն օգտվել այդ շանսից, եւ չեն փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»: Վարչապետի խոսքերով` Հայաստանում այլեւս չպետք է լինի այնպիսի երեւույթ, երբ գյուղապետարաններում հաստիքացուցակը 25 կիլոմետրանոց է` եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր որդու ընկեր: Պարզվում է` ե՛ւ հին, ե՛ւ նոր Հայաստանում կան քաղաքապետեր ու գյուղապետեր, որոնք տիրապետում են ֆինանսական եւ տնտեսական միջոցների: Ավելին, անգամ արձանագրվել են դեպքեր, երբ միեւնույն համայնքապետարանում աշխատել են գյուղապետի ազգականները:

Միայն նախորդ տարի` «թավշյա» հեղափոխությունից հետո, Հայաստանի բազմաթիվ համայնքների ղեկավարներ ստիպված եղան հրաժարական տալ: Որոշ գյուղապետարաններում ստուգումներ են իրականացվել եւ լուրջ չարաշահումներ հայտնաբերվել, որոշներում էլ գյուղապետերը համայնքի բյուջեի հաշվին ունեցվածք են կուտակել. իրենց կամ իրենց հարազատների անուններով էժան գներով հողեր կամ շինություններ են օտարել: Այս շարքից է, օրինակ, Արարատի մարզի Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը 20 տարի է, ինչ ղեկավարում է Ուրցաձորը:

Ուրցաձորցիները նախորդ տարի` թավշյա հեղափոխությունից հետո, սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով այդ գյուղապետերի հրաժարականը: Անդրեասյանը պաշտոնանկ արվեց, սակայն օրեր առաջ վերընտրվեց, ընդ որում` ձայների բավական մեծ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Անդրեասյանի դեմ բողոքող գյուղացիների խոսքերով` նա բավականին հողակտորներ չնչին գներով վաճառել է իր ազգականներին` եղբորը, որդուն: Գյուղացիները հայտարարում էին, որ «գյուղապետարանին պատկանող այգին վաճառել է որդուն, Իտալիայից եկած օգնությունները չի բաժանել մարդկանց»:

Բայց ինքը` Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այլ պատկեր ներկայացրեց: «Ես բիզնես չունեմ, վարչապետի խոսքերն էլ ինձ չեն վերաբերում: Ես իմ եղբորը հող չեմ օտարել, կարող եք ցուցակներով նայել, օտարումն եղել է օրենքի սահմաններում ու հրապարակային: Ես 1999 թվականին, երբ ընտրվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնին, իմ կարողություններն ավելի մեծ էին, քան հիմա: Այն ժամանակ ես ունեի 100 խոշոր եղջերավոր անասուններ, 250 գլուխ ոչխար, առանձնատուն: Հիմա այդ անասունները չունեմ, բայց առանձնատունը կա»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ Անդրեասյանն ունի մեղվի հինգ ընտանիք:
Իսկ, ահա, ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանը երեք տարի է, ինչ այս պաշտոնին է: Բայց մինչ այդ աշխատել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ամասիա» սպասարկման գրասենյակում: 2017 թվականի տվյալներով` նրա դրամական միջոցները կազմել են 138 հազար դոլար եւ 3.2 մլն դրամ: Նա Ամասիայում ունի երեք, իսկ Արփիում` երկու հողամաս, Երեւանում` մեկ բնակարան, Ամասիայում` մեկ առանձնատուն, մեկ բաղնիք եւ մեկ անասնաշենք: Ի դեպ, Ջեմմա Հարությունյանը Ամասիայի խոշորացված համայնքների գյուղապետ է: Նրա ամուսինը «Աշոցքի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսել Կարապետյանն է, ում եղբորը`Դավիթ Կարապետյանին է պատկանում կաթնամթերքի շուկայում հայտնի «Բանդիվան» գործարանը:

«Մինչ գյուղապետ նշանակվելս եմ ես այդ ունեցվածքի տերն եղել: Գյուղապետ աշխատելու տարիներին ո՛չ հող եմ գնել, ո՛չ հող եմ վարձակալել: Ունեցվածքս չեմ ընդլայնել: Ինչ ունեցել եմ, այն էլ մնացել է, ո՛չ պակասել է, ո՛չ էլ ավելացել: Իմ աշխատավարձը մի կերպ ինձ բավարարում է: Ամուսինս էլ անասնապահական ձեռնարկությամբ է զբաղվում»,- պարզաբանեց Ամասիայի կին գյուղապետը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Հովտուն բնակավայրի վարչական ղեկավարի ազգականը աշխատում է որպես օպերատոր:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ՀՀ Արագածոտնի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, զարմացած նկատեց. «Ես նման օրինակ չեմ հիշում, որ գյուղապետերը մեծ եկամուտներ են ունեցել: Մարդիկ ինչ որ բիզնես են ունեցել. մարզում, շատ դժվար էր գյուղապետերի համար եկամուտներ կուտակել: Ես չեմ պատկերացնում, որ գյուղապետը կարողանար հենց այդ տարիներին բիզնեսներ կուտակել: Իսկ այն մարդիկ, որոնք իրենց հարզատներին են տեղավորել աշխատանքի, ապա հաստատ ավարտել են համապատասխան բուհը, ունեն մասնագիտական կրթություն»:

Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանն ու եղբայրը` Նաիրի Սահակյանը, Արագածոտնի մարզում լուրջ բիզնես ունեն, եւ այդ բիզնեսը սկսել էր ծաղկել հենց նրանց պաշտոնավարման տարիներին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս