ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 22-ին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի քաղաքականության աջակցության ծառայության տնօրենի տեղակալ Չարլզ Լոնսդեյլը, ով, ի դեպ, եղել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը (2008-2012թթ.):

«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին՝ վերջին շրջանում նաև դրական դինամիկայի հույսով, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Իլհամ Ալիևի պարբերական դարձած ոչ պաշտոնական հանդիպումներով»,- ասել է Լոնսդեյլը:

Ընդգծելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կողմերի հանձնառությունը՝ նա աջակցության պատրաստակամություն է հայտնել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են: «Բայց մենք ուղղակիորեն ներգրավված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում»,- նշել է ծառայության տնօրենի տեղակալը:




Լրահոս