Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է ստանում միջազգային ասպարեզում Նախիջեւանը հետագայում ներկայացնել որպես ադրբեջանական տարածք, իսկ որպես ապացույց բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, թե իբր դարեր շարունակ նախիջեւանի տարածքում եղել է ոչ թե հայկական քոչարի, այլ «յալլը» պարը:
Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չի փորձել կամ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը: Ընդ որում, Ադրբեջանի նախաձեռնության դեմ պետք էր պայքարել ոչ թե վերջին պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն որոշում էր կայացնում, այլ ավելի վաղ, երբ նրանք փորձում էին նման քայլեր անել: ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց մենք ոչ մի քայլ չենք անում առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության»: Մինչդեռ նախիջեւանագետ Արգամ Այվազյանն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ. «Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով: Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգեւորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ը իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Մեր տեղեկություններով` Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրված լինելու համար, սակայն մերժել է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,-համացանցով զրուցելիս ասաց նա:
Նոր խորհրդարանի պատգամավորները սկսել են օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել: Սակայն հետաքրքիր է փաստը, որ օրինագծեր ներկայացրել են խորհրդարանական երեք խմբակցություններից երկուսի՝ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ներկայացուցիչները: Իսկ ահա իշխող «Իմ քայլը» դաշինքի 88 պատգամավորներից որեւէ մեկը օրենքի նախագիծ չի ներկայացրել, թեեւ նրանք խոստանում են առաջիկայում այս առումով ակտիվ լինել: Մինչ այդ նկատենք, որ նախորդ ԱԺ-ից «ժառանգություն» է մնացել մոտ 70 օրենսդրական նախաձեռնություն: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Վահագն Հովակիմյանը չի բացառել, որ եթե այդ նախագծերում խելամիտ առաջարկներ լինեն, ապա իրենք միգուցե դրանք կրկին շրջանառության մեջ դնեն` անկախ այն փաստից, որ հեղինակները եղել են ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, ըստ Հովակիմյանի` նախկինից մնացած նախագծերը քննարկելու համար դրանք պետք է կրկին դրվեն շրջանառության մեջ` լինի կա՛մ կառավարության, կա՛մ պատգամավորների կողմից, իսկ մինչ այդ դրանք պարզապես քննարկման չեն կարող ներկայացնել:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին: «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը` պատմելով, որ Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: Այժմ փակման հերթը պոլիկլինիկայում գործող բուֆետինն է, որտեղից հիմնականում օգտվում են ուսանողները: Ըստ Ղանդեւոսյանի` խոսքը մոտ 20 քմ տարածքի մասին է, որն ինքը վարձակալել է ամսական 25 հազար դրամով: Բայց նոր տնօրենը վերջերս իր մոտ է կանչել եւ զգուշացրել, որ վարձակալության չափը տասն անգամ ավելացնում է՝ սահմանելով 250 հազար դրամ: «Հնարավոր չէ այդ փոքր տարածքը վարձակալելու համար 250 հազար դրամ վճարել այն դեպքում, երբ օրվա մեջ 5-6 հազար դրամի առեւտուր չի լինում»,- ասաց նա: Հիվանդանոցի՝ մամուլի հարցերով պատասխանատու Պետրոս Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատել է բուֆետը փակելու փաստը` նշելով. «Տվյալ տարածքը, շենքային պայմաններից ելնելով, այլ նպատակով կօգտագործվի»:
ՀԵՐԹՈՎ ՀԱՇՏՎՈՒՄ Է
ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հետաքրքիր ենթատեքստեր ուներ: «Իմ եւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաեւ բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների եւ քննադատության հանդեպ»,- գրել է նա եւ հավելել,- «Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ն իր անդամներին, համակիրներին եւ ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլեւ նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով»:
Փաշինյանը խոսում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին այն դեպքում, երբ իր ու այդ կուսակցության հարաբերություններն արդեն մի քանի ամիս է՝ բավական լարված են: ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններում պարտվեց, չանցավ ԱԺ: Եւ ՀՅԴ այս ընդհանուր ժողովում հենց Հրանտ Մարգարյանն անձամբ էր հայտարարել հաջորդ ընտրություններում այս իշխանություններին «տուն ուղարկելու» մասին:
Մինչդեռ, եթե հիշում եք, թավշյա հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն Փաշինյանի իշխանության կազմում էր: Բայց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ արդեն, երբ քաղաքական դաշտը բաժանվեց սեւ ու սպիտակի, նրանց հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց: Գնալով այդ լարվածությունն աճեց, ու հոկտեմբերին իրավիճակը հանգուցալուծվեց քաղաքական «ապահարզանով»: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, լինելով Փաշինյանի կառավարության կազմում, հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում կողմ քվեարկեցին ՀՀԿ օրենսդրական վիճահարույց նախաձեռնությանը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հենց փողոցում Փաշինյանը ստորագրեր փաստաթուղթ՝ միջնորդելով ՀՀ նախագահին պաշտոնանկ անել ՀՅԴ եւ ԲՀԿ նախարարներին: ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ Փաշինյանը ՀՅԴ-ականներին մեղադրեց դավաճանական հայտարարությունների համար:
Հիմա, սակայն, Փաշինյանը կարծես հերթով հաշտվում է նախկին գործընկերների հետ: ԲՀԿ-ի հետ հաշտությունը բավական արագ եղավ, երբ նա հանդիպեց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Պատահական չէ, որ ե՛ւ ԱԺ ընտրությունների ժամանակ, ե՛ւ դրանից հետո Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարեց Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու, աջակցելու մասին, թեեւ իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություն են:
Հիմա, փաստորեն, հերթը հասել է ՀՅԴ-ի հետ հաշտությանը: Կարելի է ենթադրել, թե որն է լինելու հաշտության նախապայմանը. Փաշինյանի ուղերձում ՀՅԴ-ին ուղղված ակնարկը «նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով» ներկայանալու մասին է: