ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի նախագահությունը հունվարի 20-ին տեղեկացրել էր, որ ժողովի աշխատանքների 5-րդ օրը անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը: Դրա բովանդակությունը հրապարակվեց երեկ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձում շեշտել էր, որ պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ. «Իմ եւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաեւ բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների եւ քննադատության հանդեպ։ Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովից հետո «Դաշնակցությունն» իր անդամներին, համակիրներին եւ ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլեւ նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով»,- ասված է այնտեղ:

Սակայն ընդամենը օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես եկավ օրվա իշխանություններին ուղղված շատ խիստ քննադատությամբ՝ նշելով, որ մյուս խորհրդարանական ընտրություններին պետք է տուն ուղարկել այս իշխանություններին եւ ստանձնել երկրի ղեկավարումը: Ավելի ուշ գրել էինք, որ «Դաշնակցությունում» հակված են կարծելու, որ վարչապետը չի ուզում կամուրջներ այրել՝ հստակ հասկանալով ՀՅԴ-ի դերը Սփյուռքի կյանքում:
Այս հարցի մասին փորձեցինք խոսել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն վերջինս հստակ պատասխան չտվեց` ասելով, որ այդ ուղերձի մասով իրավասու չէ որեւէ բան ասել: «Հավանաբար ժողովը հայտարարությամբ հանդես կգա այդ մասին: Հիմա ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»,- մեզ հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանի ուղերձը «Դաշնակցությանը» ի՞նչ մեսիջ էր պարունակում:
-Դա ուղղվել է մի կուսակցության, որն իր լուրջ ավանդն ունի ե՛ւ պետականաշինության գործում, ե՛ւ ազգային ազատագրական պայքարի գործում, ե՛ւ հայապահպանության գործում, ե՛ւ Հայ Դատի, ե՛ւ այլ բնագավառներում: Դա ընդունված բան է, որ պետության ղեկավարները էդպիսի ուղերձներով հանդես են գալիս:
-Կարծիքներ կան այն մասին, որ Փաշինյանը չի ուզում փչացնել հարաբերությունները «Դաշնակցության» հետ Սփյուռքում իր կշիռը չկորցնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:
-Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված: Կարծում եմ` հենց ուղիղ իմաստով գնահատելով «Դաշնակցության» լուրջ դերակատարությունը մեր հայրենիքի զարգացման, բարգավաճման, պաշտպանության եւ այլ գործերին` պետության ղեկավարը ուղերձ է հղել: Ոչ թե անհանգստացած է, որ եթե չհղի, ապա իրեն վատ կվերաբերվեն, կամ մեկ այլ նման բան, այլ ուղղակի հենց այդ իմաստով էլ ուղերձը հղել է: «Դաշնակցությունը» կա խորհրդարանում, թե չկա, դրանով իր դերակատարությունը չի փոխվում:
-Հրանտ Մարգարյանը մի քանի օր առաջ շատ կոշտ ձեւով քննադատեց իշխանություններին: Եվ միայն դրանից հետո՝ ժողովի 5-րդ օրը, եղավ ուղերձը: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Հրանտ Մարգարյանը «Դաշնակցությունը» չէ: Նա «Դաշնակցության» ղեկավար մարմնի անդամ է, այն մարմնի, որն իր քաղաքականությամբ ձախողեց Ազգային ժողովում հայտնվելը: Հետեւաբար, Հրանտ Մարգարյանի կողմից արտահայտած մտքերը չեն կարող կանխարգելիչ լինել կամ խթանիչ լինել, կամ հակազդեցության նպատակով իրավիճակ ստեղծվի, որ վարչապետը էդպիսի ուղերձով հանդես գար:
-«Դաշնակցությունում» բյուրոյի նոր կազմ է ընտրվելու: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան: ՀՅԴ-ի առաջ կա՞ ծառացած հրամայական կազմը նորացնելու:
-«Դաշնակցության» վերջին շրջանի ձախողումները պայմանավորված են ոչ թե նրանով, որ այս կամ այն մարդն է գտնվում ղեկավար մարմնում, այլ նրանով, որ ՀՅԴ-ն շարունակում է գործել մի կանոնադրությամբ, որը գրված է եղել 130 տարի առաջ, եւ այդ կանոնադրությունը գրված է եղել Օսմանյան Թուրքիայի պայմաններում կուսակցությունը պայքարի հանելու համար, ինչը հաջողվել է, բայց այդ կանոնադրությունը չի կարող նույնկերպ գործել հիմա՝ անկախ Հայաստանի պայմաններում: Այդ կանոնադրությունը մինչեւ չփոխվի, ոչինչ չի լինի: Խոսքը չի գնում ծրագրային դրույթների մասին: Դրանք պիտի մնան եւ հետապնդվեն: Հետեւաբար, ես այս ամենը անձերով չեմ պայմանավորում:
-Հենց նոր նշեցիք, որ Հրանտ Մարգարյանը ձախողել է:
-Հրանտ Մարգարյանը ձախողեց, բայց եթե ես էլ լինեի, ես էլ կձախողեի: Իմ ասածը դա է: Այն իրողությունները, որի միջով ՀՅԴ-ն անցել է այդ կանոնադրությամբ, ով էլ լինի, ձախողելու է: Ժողովուրդը երբեք «Դաշնակցությանը» չի տվել այն հնարավորությունը, բայց պահանջել է շատ: Չի տվել այն հնարավորությունը, որ կուսակցությունը կարողանա դրսեւորվել, բայց միշտ շատ բան է պահանջել: Եւ հենց դա է ՀՅԴ-ի իրական դերակատարությունը. Ինքը միշտ պետք է պատրաստ լինի ամենածանր պահին լինել ժողովրդի կողքին: Այո, դա այդպես է, բայց դա կարելի է կյանքի կոչել ոչ թե անձերի փոփոխությամբ, այլ գործիքակազմը փոխելով:
-Վարչապետը նշել է, որ պատրաստ է համագործակցել կուսակցության հետ: Այդ համագործակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Այս պահին չեմ կարող վարչապետի փոխարեն մեկնաբանել իր խոսքերը, բայց համագործակցության շատ դաշտեր կան ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ մեր մյուս ավանդական կուսակցությունների հետ համախմբելու մեր ամբողջ հայության ներուժը հայրենիքին ծառայեցնելու համար:
-Հրանտ Մարգարյանի խոսքերից հետո Ձեր շատ կուսակիցներ կոպիտ խոսեցին ՀՅԴ-ի մասին, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է համագործակցության մասին: Պե՞տք էր այդպես կամուրջներ այրել:
-Կոնկրետ չգիտեմ՝ ով ինչ ձեւ է խոսել, որ կարողանամ մեկնաբանել: Երբեք չի կարելի կամուրջներ այրել, երբեք, ոչ մեկի հետ, ոչ մի անգամ չի կարելի:

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵԿՄ-Ի ՇՈՒՐՋ

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարել է «Սպաների համահայկական միություն» ստեղծելու մասին ու կոչ արել հայ սպաներին անդամագրվել: Ըստ Շիրխանյանի` իրավիճակը պահանջում է համախմբում, ու մարդիկ, որոնք պատերազմ են անցել, երդվել են ազգին ծառայել, պետք է համախմբվեն:

Շիրխանյանը նաեւ հայտարարել է, թե մեկ ամիս անց համագումար են անելու ու հաստատեն ծրագիրը. «Այն, որ ազգի համախմբումն օրվա հրամայական է, դրանում կասկած չկա, այն, որ ռազմաքաղաքական իրավիճակը ե՛ւ այստեղ, ե՛ւ տարածաշրջանում գնալով լարվում է, մենք ականատես ենք»,- պնդել է նա՝ հավելելով, որ իրենց առաջ դրված նպատակներն իրագործելու համար համագործակցելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ՝ ե՛ւ կառավարության, ե՛ւ ՊՆ-ի հետ: Արդյոք այս միավորումն իր բնույթով նմանվելո՞ւ է ԵԿՄ-ին, ու ինչպե՞ս են ԵԿՄ-ում վերաբերվում դրան: «Ժողովուրդ» օրաթերթը սրա մասին խոսեց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի հետ։
-Պարո՛ն Կետիկյան, ի՞նչ կասեք այս կառույցի մասին։ Այն այլընտրա՞նք է ԵԿՄ-ին։
-Ես շատ հարգում եմ Շիրխանյանին։ Հուսով եմ, որ լավ նպատակով է ստեղծվում։ Մինչեւ այս կառույցը տասնյակ նման կառույցներ են ստեղծվել, գործում են։ Ինչքանով է այլընտրանք, չեմ կարող ասել։ Բայց լավ կլիներ, որ բոլոր այդ տղերքը համախմբված լինեին ԵԿՄ-ի շուրջ։ Բայց դա չի խանգարում, որ ԵԿՄ-ն համագործակցի նման կառույցների հետ. մանավանդ որ պարոն Շիրխանյանը եղել է ԵԿՄ շատ ակտիվ անդամ, քիչ բան չի արել ԵԿՄ-ի համար։ Նման կառույցներ կարող են առանձին գործել, օգուտ տալ մեր հայրենիքին, բայց համախմբվածությունը ավելի լավ արդյունքի կբերեր։
-Ուրեմն ո՞րն էր խնդիրը, որ ԵԿՄ-ի շուրջ չմիավորվեցին։
-Այդ հարցը պետք է ուղղել այդ կառույցները ստեղծողներին։ ԵԿՄ-ն շարունակում է մնալ համար մեկ կառույցը եւ պատմական առումով առաջինը ստեղծված կառույցը։ Բոլոր դեպքերում, մեր կազմակերպությունում ավելի շատ մարդ է գրանցված, քան այդ բոլոր կառույցներում միասին վերցրած։

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ՍԴ ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՂԹԵՑ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը հաղթեց ՍԴ աշխատակազմին: Ինչպես հայտնի է, Գյուլումյանը դատի էր տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել իր աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Ալվինա Գյուլումյանի հետ, եւ վերջինս պատմել էր. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկե՛ք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն, եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»: Արդյունքում, 2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակեց վճիռը` ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանի համար հաշվարկել եւ վճարել հավելավճար` իր աշխատավարձի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար 047 դրամ:

 

ԹՈՒՂԹ ՉԿԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մի շարք դատարաններում դատական նիստերը հետաձգվում են գրասենյակային նյութերի բացակայության պատճառով: Ըստ մեզ հասած տեղեկությունների` դատական դեպարտամենտը դատարաններին պետք է ապահովի համապատասխան ծրարով, թղթով, քարթրիջով եւ այլ դատավորի համար անհրաժեշտ իրերով, սակայն դատական համակարգը փող չունի դրանց համար: Պարզաբանման համար դիմեցինք Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին. «Դատական դեպարտամենտում առկա են բավարար նյութատեխնիկական միջոցներ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Ավելին, դատական Դեպարտամենտի կենտրոնական մարմինը պարբերաբար կապի մեջ է առանձնացված ստորաբաժանումների հետ, եւ առաջացած առօրյա խնդիրները քննարկվում եւ լուծվում են հնարավորինս սեղմ ժամկետներում»:

 

 

ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՑՈՂԸ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի` ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ էլ դրամական միջոցներ: Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաեւ, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ Սանասարյանից, սակայն պաշտոնյան ասաց, որ շտապում է, ու հեռացավ:




Լրահոս