ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԵՆ, ՆՈՐԵԿՆԵՐԸ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած յոթերորդ գումարման խորհրդարանը մի քանի օր է, ինչ սկսել է իր աշխատանքները, նորընտիր պատգամավորներն ԱԺ այս նստաշրջանում բավական ակտիվ էին, բայց ավելի շատ ելույթների ու հարցադրումներ հնչեցնելու առումով: Իսկ ահա օրենսդրական նախաձեռնությունները նոր-նոր են սկսել ներկայացնել, այն էլ՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները միայն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ արդեն հինգ օրենսդրական նախաձեռնություն է դրված շրջանառության մեջ, որոնցից երեքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների, երկուսն էլ` ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից: Իսկ ահա իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեռեւս օրենսդրական նախաձեռնություն չեն ներկայացրել:
Հետաքրքիր է, սակայն, որ նախօրեին տեղի է ունեցել խմբակցության նիստ, եւ ղեկավար Լիլիթ Մակունցի հավաստմամբ` քննարկվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից ճշտել` պատգամավորներն ակտիվ կլինե՞ն օրենսդրական նախաձեռնությունների առումով, թե՞ այդ գործը կազմակերպելու առյուծի բաժինը կրկին կհասնի կառավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը նկատեց, որ ամբողջ աշխարհի պրակտիկայում ընդունված է, որ օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը հասնում է գործադիրին: «Նրանք ավելի օպերատիվ եւ ստույգ են տիրապետում, թե ինչ փոփոխություններ են պետք: Այնպես չէ, որ մենակ մեզ մոտ է այդպես, դա գրեթե բոլոր երկրներում է այդպես: Դա նորմալ է, եւ այդպես էլ պետք է լինի: Հակառակ դեպքում օրենսդիրը կարող է փոփոխություն ընդունել, որը գործադիրին փաստի առաջ կկանգնեցնի», – նկատեց Հովակիմյանը:
Միեւնույն ժամանակ իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, թե խմբակցությունը ակտիվ է լինելու ավելի, քան երբեւէ եղել են իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ինչպես նշեցինք, այս պահին շրջանառության մեջ պաշտոնապես դրված հինգ նախագծերից երեքը շրջանառության մեջ են դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: Դրանցից երկուսը հեղինակել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելուն, մյուսն էլ` արդեն նույն օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն: Օրինակ` վերջինով Էդմոն Մարուքյանն առաջարկում է փաստել, որ «Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, այդ թվում՝ փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»:
Իսկ, ահա, մյուս նախաձեռնությունը խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանինն է եւ վերաբերում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Գեւորգ Գորգիսյանն առաջարկում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:
Արդեն ԲՀԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված նախագծերից մեկը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը, մյուսն էլ` Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս առաջարկում է փոփոխություն կատարել «Կրթության մասին» օրենքում եւ ամրագրել, որ առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Որպես հիմնավորում նա նշում է. «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ»: Իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ կրկին առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»:
Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ դեռեւս նստաշրջանների օրակարգերում չընդգրկված նախագծերի բաժնում մոտ 70 օրենսդրական նախաձեռնություն է առկա: Մեզ հետ զրույցում Վահագն Հովակիմյանը բացատրեց, որ այդ նախագծերը քննարկելու համար դրանք պետք է կրկին դրվեն շրջանառության մեջ` լինի կա՛մ կառավարության, կա՛մ պատգամավորների կողմից, իսկ մինչ այդ դրանք պարզապես քննարկման չեն կարող ներկայացնել: Իսկ մեր այն դիտարկմանը, որ այդ նախագծի մեծ մասի հեղինակները ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են, Հովակիմյանը դա արգելք չհամարեց` նկատելով, որ եթե դրանք կարեւոր են եւ խելամիտ, ապա իրենց կողմից կդրվեն շրջանառության մեջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄՆԱՑ ՕԴՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում դադարեցրած է համարել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երեք անդամների լիազորությունները: Նրանցից մեկն էլ Վահագն Գրիգորյանն է, որն օրեր առաջ նաեւ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել եւ հայտարարել, թե ցանկանում է իր գործունեությունը շարունակել ավագանիում, սակայն փաստացի նա նաեւ ավագանի չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահագն Գրիգորյանին, սակայն նա մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը չի հրաժարվել ավագանու մանդատից: «Ցավոք, գոյություն ունի օրենսդրական պահանջ, որ ավագանու մանդատն անհամատեղելի է պատգամավորի մանդատի հետ (մաքսիմում 5 օր), եւ քաղաքապետարանը ստիպված էր կատարել օրենքի պահանջը եւ ուղարկել դիմում ԿԸՀ, քանի որ ես չէի հասցնում այդ 5 օրվա ընթացքում վերջնական վայր դնել իմ` ԱԺ պատգամավորի մանդատը։ Սակայն ես կապի մեջ եմ իմ ավագանի գործընկերների հետ եւ կփորձեմ հասարակական հիմունքներով օժանդակել իրենց աշխատանքներին, ինչքանով որ դա հնարավոր կլինի», – նշեց նա։ Հավելենք նաեւ, որ երեկ լրացել է նաեւ նրա` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու ժամկետը, եւ նա դա էլ չէր կարող անել: Նշենք, որ Վահագն Գրիգորյանն աշխատում է երեւանյան բանկերից մեկում եւ իր աշխատանքը կշարունակի այդ ոլորտում, ասել է թե` նա մասնավոր ոլորտում աշխատանքը գերադասեց պատգամավորական մանդատից:

 

 

ԱԶԱՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդեն երեք օր է, ինչ հանրությանը հանգիստ չի տալիս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը: Գրիգորյանի պաշտոնանկությունը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանների մոտ, այն անգամ իր համար է անակնկալ եղել: Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանել է կատարվածը` նշելով, որ Գրիգորյանին նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին: Աղաջանյանը, սակայն, հստակ չի մատնանշել, թե ինչն է Գրիգորյանին ազատելու պատճառը, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան այդ կապակցությամբ: Մինչ այդ նշենք, որ Գրիգորյանը տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ տնօրինում էր ՀԿ-ն: Պարզվում է` կառավարության, նաեւ Բնապահպանության նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը. նա մասնավոր զրույցներում իշխանական վերնախավի մասին այնքան էլ լավ չի արտահայտվել՝ «մեծ-մեծ խոսել է», ինչը եւ շատերին դուր չի եկել: Կառավարական կուլիսներում խոսում են այն մասին, որ Գրիգորյանը այդպես էլ չկարողացավ ՀԿ-ական իր ոգին փոխել պաշտոնյայի կեցվածքով: Նկատենք, որ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ է եւ ազատ, պարբերաբար գրառումներ է անում` անգամ վիրավորելով որսագողերին: Բայց, կարծես թե, Գրիգորյանի բաց աշխատելը կառավարության անդամների սրտով չի եղել:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- տեղեկացրել է նա:

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ««Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- Դավոսի տնտեսական ֆորումի կուլիսներում նշել է Փաշինյանը: Նրա խոսքով` երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի, եւ հայկական կողմը կշարունակի «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները, որպեսզի հասնեն վերջնական համաձայնության: «Մեզ համար շատ կարեւոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ գինը: Հիմա ԵՏՄ շրջանակներում նույնպես քննարկումներ են ընթանում գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկաներ ստեղծելու շուրջ, հետեւաբար, մենք քննարկման շատ թեմաներ ունենք»,-ընդգծել է ՀՀ վարչապետը: Դեկտեմբերի վերջին «Գազպրոմը» հայտնել էր Հայաստանի համար գազի գնի 10%-ով թանկացման մասին, սակայն այն չէր ազդելու վերջնական սպառողի վրա: Այսպիսով, ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: ՀՀ կառավարությունն էլ հայտարարել էր, որ մտադիր է պայմանավորվել «Գազպրոմ Արմենիայի» հետ գազի ներքին սակագինը անփոփոխ թողնելու շուրջ՝ պարզաբանելով, որ դա կարվի ընկերության ծախսերի կրճատման ու արդյունավետության բարձրացման հաշվին:

 

 

ԿՄԵԿՆԻ ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ` Մոսկվա: Նա կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան եւ հանդես կգա ելույթով` ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների նոր խորհուրդը երեկ ընտրեց խորհրդի նոր նախագահ եւ քարտուղար։ Նախկինում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում դասավանդած, ինչպես նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությունում կրթության գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Մուրադյանը միաձայն խորհրդի նախագահ ընտրվեց: Գեւորգ Մուրադյանի թեկնածությունը առաջադրեց խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով պատգամավոր ընտրվելուց առաջ կրթության փոխնախարարն էր։ Ըստ Հովհաննիսյանի` Գեւորգ Մուրադյանի՝ նախկին քաղաքական թիմի հետ աշխատած լինելը, իսկ հիմա ԵՀՊ խորհրդի նախագահ ընտրվելը վկայում է այն մասին, որ իրենք ջրբաժաններ չեն դնում։




Լրահոս