Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստացել: Այս օրերին ակտիվորեն շարունակվում է մարտի 1-ի գործով հարցաքննությունների շարքը: Հիմնականում հարցաքննվում են 2008թ. մարտի 1-ի օրերին պետական պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանությունում աշխատած, ոստիկանության Ներքին զորքերում եւ ԶՈՒ-ում ծառայած անձինք:
Բացի այդ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն արդեն սկսել է հարցաքննության հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում հայտնված եւ տասը տարի առաջ այդ իրադարձությունները լուսաբանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Մեզ հայտնի դարձավ, որ որոշ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ վկայի կարգավիճակով են հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:
Մասնավորապես, ՀՔԾ քննիչները հետաքրքրվում են, թե նկարահանումները որտեղ են իրականացրել, ինչ տեսախցիկով, ինչին ի պատասխան` ԶԼՄ ներկայացուցիչը աղոտ ներկայացրել է, թե որտեղ է գտնվել, ինչ են արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԶԼՄ ներկայացուցիչներից պատմել են, թե ինչպես են նկարահանել Մաշտոցի պողոտայում կրակոցների տակ մեքենաներով վիրավոր անձանց տեղափոխելու դրվագները: Մեկ այլ ԶԼՄ ներկայացուցիչ պատմել է այն մասին, թե ինչպես է Մաշտոցի պողոտայի կամրջի հատվածում մարդու ծնոտ, կորտված ատամներ, լյարդացած արյուն տեսել եւ նկարահանել իրավիճակը: Ավելին, պատմել է, որ իր բացառիկ տեսանյութում առկա է եղել մեկ այլ կարեւոր հանգամանք, որ ինչպես է մի քաղաքացի ծնոտի միջից հանում պարկուճները, պահում տեսախցիկի առաջ ու ասում. «Նկարե՛ք` ինչպես սնայպերով աչքիս առաջ մարդու գլուխը ցրիվ տվին»:
Ի դեպ, ԶԼՄ ներկայացուցիչներից ոմանք շատ դեպքեր չեն հիշել իրենց նկարահանման ընթացքից` հայտնելով, որ երկար տարիներ են անցել, չեն հիշում շատ դրվագներ:
Մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը ԶԼՄ ներկայացուցիչներից ամեն կերպ փորձել է մեկ բան իմանալ, թե արդյոք նրանք իրենց ձեռքի տակ ունեն այնպիսի կադրեր, որ նախկինում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն տրամադրել իրավապահներին, սակայն այսօր առանց կաշկանդվելու կարող են այդ մասին հայտնել եւ պահված տեսանյութերը տրամադրել Հատուկ քննչական ծառայությանը: Ասել է թե` նախաքննական մարմինն իր ունեցած տեսանյութերից բացի փորձում է ինչպես ԶԼՄ ներկայացուցիչներից, այնպես էլ գործով հարցաքննված անձանցից նոր տվյալներ ձեռք բերել: Ինչեւէ, ԶԼՄ ներկայացուցիչներից շատերը ասել են, որ այն, ինչ նկարահանել են, տվել են իրենց ԶԼՄ ղեկավարությանը, որն էլ հետագայում այն հրապարակել է համապատասխան ԶԼՄ-ի միջոցով:
Այս իրավիճակում հարց է առաջանում` արդյոք նախաքննական մարմինը նաեւ հարցաքննել է այն անձանց, որոնք իրենց բնակարաններից հեռախոսով էին նկարահանել Մաշտոցի պողոտայում տիրող իրավիճակը:
Միաժամանակ, հետաքրքիր է՝ իրավապահ կառույցներն իրենք արդյոք արխիվներում պահած ունեն մարտի 1-ի կադրեր, որոնք հասկանալի պատճառներով ժամանակին չեն օգտագործել, թե, այնուամենայնիվ, նախկին իշխանությունների օրոք դրանք ոչնչացվել են: Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ ոստիկանության, ԱԱԾ եւ այլ կառույցների հատուկ աշխատակիցներն այդ օրերին տեսանկարահանումներ չեն արել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դեմեց ՀՔԾ, որտեղից ի պատասխան հայտնեցին. « Մարտի 1-ի քրեական գործով կատարվում է բազմակողմանի նախաքննություն, բայց ինչպես բազմիցս հայտնել ենք, թե ովքեր են հարցաքննվել կամ հարցաքննվելու, որեւէ տեղեկատվություն չենք հրապարակում` նախաքննության շահերից ելնելով»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՕԵԿ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
«Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանի եւ նրա եղբոր շուրջ աղմկահարույց պատմությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանի եղբորը՝ Գառնիկ Շիրինյանին, որը Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի թեկնածուներից էր, բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գառնիկ Շիրինյանը եւ այլ անձինք տարածքի հետ կապված վիճաբանություն են ունեցել, որից հետո բանը հասել է բռունցքներին, սակայն միջամտել են դեպքի վայր ժամանած իրավապահները ու Գ. Շիրինյանին եւ այլ անձանց տեղափոխել են ոստիկանություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության իսկությունը փորձեց պարզել ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ 2018 թվականի նոյեմբերի 27-ին` 20:08-ին, անհայտ անձը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Իրավապահները շտապել են Տիգրան Մեծ պողոտա, որտեղից վիճաբանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գառնիկ Շիրինյանին եւ եւս մի քանի հոգու: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, սակայն ավելի ուշ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Ուշագրավն այն է, որ քրեական գործ չի հարուցվել:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Շիրինյան եղբայրները հայտնվում են պատմության մեջ: Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է եղել, հնչել է կրակոց: Տեղեկություններ կան, որ վիճաբանության մասնակիցներն են եղել Ներսես Շիրինյանը եւ իր եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, սակայն ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, միջադեպով հարուցված քրեական գործով վերոնշյալ անձինք չեն անցնում: Ի դեպ, այդ օրը կրակոցները արձակվել էին Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նվիրած զենքով: Այս գործով քննությունը դեռեւս Քննչական կոմիտեում շարունակվում է: Ստացվում է, որ Շիրինյան եղբայրները մշտապես հայտնվում են պատմությունների կիզակետում, սակայն ինչ-ինչ հանգամանքներում ջրից չոր են դուրս գալիս:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Նշենք, որ վերջինս այդ պաշտոնին էր նշանակվել 2018թ. հունիսին:
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: «Դիմումը վավերացված է նոտարական կարգով, եւ ԿԸՀ-ն Հ. Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,-ԿԸՀ-ի արտահերթ նիստում հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ` ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը` ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մելքումյանը: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, իսկ նույն մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Իսկանդարյանը` Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ:
ԿԱՍԵՑՎԵԼ Է
Փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Սուրեն Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, Էդմոն Մարուքյանը եւ Տարոն Վարդանի Սիմոնյանը ՀՀ ԱԺ 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային եւ համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն` գրանցվել են որպես ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ստացել են մանդատ: Նշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորի լիազորությունների ժամկետով:
3.9 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Հալիձոր բնակավայրի երկու եւ Մեղրիի մեկ բնակիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիս»-ի անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ: Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը ապօրինի հատել է 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի եւ 1 կեռասենի արգելված ծառեր` բնությանը պատճառելով առանձնապես խոշոր` ընդհանուր 3.981.000 ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, եւ այն նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննիչին: Ավելի վաղ` հունվարի 11-ին, պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4.639.500 դրամի վնաս: ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ ՀՀ քր. օր. 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրգործ:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրգործ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2019թ. հունվարի 21-ին «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բկ է տեղափոխվել Մասիս քաղաքի 1998թ. ծնված բնակչուհի: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող սեւ գույնի ծալովի դանակը: