ԵՐԿՐԱԲԱՆ ՁՅՈՒԴՈԻՍՏԻՑ` ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կենսագրության մանրամասներին: Ներկայացնում ենք մեր հրապարակման շարունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 51 տարեկան է, ծնվել է Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում, 4 տարեկան է եղել, ծնողների հետ վերադարձել է Հայաստան: Ապագա նախարարը մասնագիտություն ընտրելիս գնացել է հոր հետքերով. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: Նա, սակայն, մասնագիտությամբ չի աշխատել եւ իր հարցազրույցներից մեկում ասել է, թե չի փոշմանել դրա համար: Նա 1992-1994թթ. աշխատել է ՆԳՆ համակարգում` նոր կազմավորվող Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում` որպես օպերլիազոր, այնուհետեւ` ավագ օպերլիազոր: 1994 թվականին որոշակի փորձ ձեռք բերած երիտասարդների թվում նրան էլ տեղափոխել են Ռազմական ոստիկանություն: Նկատենք, որ ուսանողական տարիներին Տոնոյանը հասցրել է սպորտի վարպետության թեկնածու դառնալ ձյուդոյից, եւ, իր իսկ խոսքով, ձյուդոն բավական բան է փոխել իր բնավորության մեջ: Երկրորդ մասնագիտությունը Տոնոյանը ձեռք է բերել ավելի ուշ՝ 1997-ին. ավարտել է նախկին ԽՍՀՄ եւ այսօրվա Ռուսաստանի ամենաէլիտար ռազմական ուսումնական հաստատություններից մեկը՝ ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, իսկ արդեն 1998-ին մեկնել է Բրյուսել, որտեղ աշխատել է մոտ 10 տարի` սկզբում որպես ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի շտաբում, այնուհետեւ` ՊՆ ներկայացուցիչ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Տոնոյանը Պն-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եւ, ինչպես ասում են, «բյուրոկրատական չինովնիկի» հարուստ փորձ ունի: Մասնավորապես շուրջ յոթ տարի ՊՆ «երկրորդ դեմքի» տիտղոսն էր կրում՝ լինելով Պնախարարի առաջին տեղակալ: Նշենք, որ երբ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանից հետո ՊՆ նոր ղեկավարի նշանակման մասին էր մտմտում, ՊՆ-ում շատերն էին կարծում, որ Սարգսյանի ընտրությունը կանգ կառնի հենց Տոնոյանի վրա՝ որպես ոլորտում երկարատեւ պրոֆեսիոնալ ծառայություն անցած մարդ, որը դեմքով, անուն-ազգանունով, անցած մարտական կամ ծառայողական ուղով ճանաչում է մեր բանակի սպայակազմի մեծամասնությանը: Սակայն նախկին նախագահը ընտրեց մեկ այլ կաբինետային չինովնիկի՝ իր աճեցրած կադրերից մեկին՝ Վիգեն Սարգսյանին, որն այդ պաշտոնում նշանակման հենց սկզբից խիստ քննադատության ենթարկվեց. նրան ուղղված բազում մեղադրանքներից ամենահնչեղը բանակում ծառայած չլինելն էր: Ի դեպ, երբ Տոնոյանի երբեմնի վերադասի՝ Սեյրան Օհանյանի կինը սկանդալային հայտարարություն արեց իր երբեմնի պացիենտներից մեկի մասին, ով ժամանակին կարողացել էր խուսափել ծառայությունից, եւ նկարագրեց փնտրվող պաշտոնյային՝ հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ փորով, Քիմ Քարդաշյանի շրթունքներին նմանվող շուրթերով, լրագրողները ԱԺ-ում մեկնաբանություն խնդրեցին Տոնոյանից՝ փորձելով ճշտել՝ ում նկատի ուներ տիկին Ռուզանը: ԱԻ այդ ժամանակվա նախարարը հարցը լսելուց հետո հազիվ զսպեց ծիծաղը, սակայն գերադասեց չգաղտնազերծել իր վերադասի տիկնոջ հայտարարությունը:
Նկատենք, որ Վ. Սարգսյանի օրոք տրվեց ՊՆ-ում բարեփոխումների ու մի շարք ծրագրերի մեկնարկը, որոնք շարունակվում են նաեւ նոր կառավարության օրոք: Մեծ աղմուկ հանեց մասնավորապես «Ազգ-բանակ» հայեցակարգը, զինծառայողների ապահովագրության՝ այսպես կոչված «1000 դրամների նվիրաբերման» հիմնադրամի ներդրումը, տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղեկցվեց ուսանողների շրջանում օրեր տեւած բողոքի ակցիաներով ու ընդվզումներով: Բողոքի միջոցառումներ եղան նաեւ Տոնոյանի պաշտոնավարման անցած ամիսներին. առիթը ՊՆ-ի նախաձեռնած զինվորական կոմիսարիատների օպտիմալացման ընթացիկ գործընթացն էր, որի արդյունքում կադրային կրճատումներն անխուսափելի են: Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների խոշորացման գաղափարը նախկին կառավարության ժառանգությունն է, եւ այդ մասին ազդարարել էր դեռեւս նախկին նախարար Վ. Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ: ՈՒ Տոնոյանը շարունակում է պահպանել այդ ժառանգությունը:
Նախարարի որդին
մեկնել է ծառայության
Դ. Տոնոյանը երկու երեխա ունի՝ Էմիլիան եւ Էդգարը: Որդին նախորդ տարի ամռանն է բանակ զորակոչվել. այդ նույն շրջանում բանակ զորակոչվեց նաեւ վարչապետ Փաշինյանի որդի Աշոտը: Ընթերցողը կհիշի, թե ինչպես զայրացրեց Պնախարարին լրագրողների գերհետաքրքրությունը Աշոտի նկատմամբ, ովքեր բառացիորեն կրնկակոխ հետեւում էին նրա ամեն մի շարժին: «Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,-շեշտեց նա։ Էդգարն ու Աշոտը ծառայում են Արցախում:

Թվեր
Նշենք նաեւ, որ 2019-ի բյուջեով ավելացել է Պաշտպանության նախարարությանը հատկացված գումարը՝ 256,4 միլիարդ դրամ կամ 528,7 միլիոն դոլար: 2018 թ-ի բյուջեի համեմատ` աճը կազմում է 13,6%: Ֆինանսավորումը, ինչպես հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը, կուղղվի գրեթե բոլոր ուղղություններին, բայց առաջնահերթությունը կտրվի զենք-զինամթերքի նոր նմուշների ձեռքբերմանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՃՈԽ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԷԼ ԵՆ ԱՐԵԼ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը 2018թ. դեկտեմբերի 20-ին որոշում է ընդունել 2018թ. պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի պետական վարչական, պետական հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց: Այդ որոշումը տեղադրված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Մարզպետը մարզպետարանի գլխավոր քարտուղար, գլխավոր ֆինանսիստ Արման Գեւորգյանին հանձնարարել է կատարել հաշվարկ եւ վճարել:
Պարգեւատրվածների մեջ մարզպետ Վահե Ղալումյանն է, նրա 3 տեղակալները, մարզպետի խորհրդականը, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետարանի վարչությունների պետերը, վարչությունների պետերի պաշտոնակատարները, բաժնի վարիչի պաշտոնակատարը, առաջատար մասնագետներ: Մարզպետ Վահե Ղալումյանը, որը ներկայումս ԱԺ պատգամավոր է, հասցրել է ինքն իրեն պարգեւատրել 661 հազար 400 դրամով, մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանին եւ Կարեն Խուդավերդյանին` 529 հազար 120 դրամով, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանին` 474 հազար 224 դրամով: Մարզպետարանի 17 պաշտոնյա պարգեւատրվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 607 հազար 790 դրամով: Պարգեւատրվել են նաեւ մարզպետարանի քաղաքացիական ծառայողները` ընդհանուր թվով 79 հոգի` վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչներ, գլխավոր մասնագետներ, առաջին կարգի մասնագետներ, առաջատար մասնագետներ: Նրանց պարգեւատրման ընդհանուր գումարը կազմում է 16 միլիոն 501 հազար 95 դրամ: Դրամական պարգեւատրում են ստացել նաեւ մարզպետարանի` քաղաքացիական աշխատանք կատարող եւ աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողները` քարտուղար, պարետ, վարորդ, հավաքարարներ եւ պահակ: Ընդհանուր թվով պարգեւատրվել է 8 անձ, պարգեւատրման գումարը կազմում է 588 հազար 473 դրամ:
Այսպիսով, Տավուշի մարզպետարանի ընդհանուր թվով 104 աշխատող պարգեւատրվել է 22 միլիոն 697 հազար 358 դրամով: Մեծ հարց է նաեւ մարզպետարանում ավելի քան 100 աշխատող պահելու անհրաժեշտությունը: Փոքրիկ Հայաստանն ունի կառավարություն, համայնքապետարաններ, որոնց միջեւ կապը հարկ է իրականացնել էլեկտրոնային կապով, տեխնիկական արդի այլ միջոցներով, կարիք չկա կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարաններում գերուռճացած ապարատ պահելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 243 հազար 100 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 249 հազար 100 տոննայի դիմաց: Ըստ մասնագետների` այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Հայտնի փաստ է` որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:
Եթե հացի արտադրության ծավալների նվազման միակ պատճառը արտագաղթն է, ապա աղի դեպքում ներկրումն է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանում աղի արտադրության ծավալների ռեկորդային անկում է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 29 հազար 120 տոննա աղ, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 20 հազար 716 տոննա: Ասել է թե` աղի արտադրությունը նվազել է 28.9 տոկոսով: Ամենայն հավանականությամբ, պատճառն աղի ներկրման ծավալներն են, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: Ի դեպ, իրանական արտադրության մեծ քանակությամբ աղի ներկրման մասին չի դադարում ահազանգել Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատը»: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չի ստուգվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս