Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը: Նա հիվանդանոցում աշխատել է որպես անվտանգության աշխատակից, բայց տնօրենների փոփոխությունից հետո կորցրել է աշխատանքը:
Ղանդեւոսյանի պատմելով` Արման Հովակիմյանը, նշանակվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, աշխատանքից ազատել է անվտանգության թվով մոտ 13 աշխատողի: Ավելին, Հովակիմյանը անվտանգության աշխատողներին աշխատանքից ազատելու հետ մեկտեղ խոստացել է, որ առաջիկայում նրանց համար հիվանդանոցում հարմար աշխատանք կգտնի, սակայն խոստմանը տեր չի եղել: Սա դեռ բավարար չէ, նրանց աշխատանքից դեռ չազատած` անմիջապես աշխատանքի է ընդունել անվտանգության նոր աշխատակիցների:
Պարզվում է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը չի բավարարվել մարդկանց աշխատանքից ազատելով: Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: Այժմ փակման հերթը պոլիկլինիկայում գործող բուֆետինն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն աշխատեցնում է Գարիկ Ղանդեւոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Հովակիմյանը փորձեր է անում երեք բուժհաստատություններում գործող բուֆետների տարածքները տրամադրել մեկ այլ ընկերության, որն էլ պատրաստ կլինի դրանք շահագործել:
Նշենք, որ խոսքը մոտ 20 քմ տարածքի մասին է, որը երկար տարիներ է՝ գործում է որպես բուֆետ, որտեղից, ըստ Ղանդեւոսյանի, օգտվում են հիմնականում ուսանողները: Գարիկ Ղանդեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ տարածքը ինքը վարձակալում է ամսական 25 հազար դրամով, բայց նոր տնօրենը` Արման Հովակիմյանը, վերջերս իր մոտ է կանչել Գ. Ղանդեւոսյանին եւ զգուշացրել, որ վարձակալության չափը ավելացնում է ներկա վարձավճարից տաս անգամ ավելի, այսինքն` ամսական 250 հազար դրամ: «Ասում է` պետք է այդքան տաս: Ես չգիտեմ` ինքը անձնական խնդիր ունի ինձ հետ, թե ոչ: Ես իրեն չեմ ճանաչում: Բայց իրեն ասացի, որ հնարավոր չէ այդ փոքր տարածքը վարձակալելու համար 250 հազար դրամ վճարել այն դեպքում, երբ օրվա մեջ 5-6 հազար դրամի առեւտուր չի լինում: Այդ բուֆետը ժամը 09.00-ից աշխատում է մինչեւ 16.00-ն, բուֆետից չեն օգտվում տատիկ-պապիկները, բժիշկները նույնպես չեն կարող օգտվել, որովհետեւ նրանք մի երեք ժամով են աշխատանքի գալիս»,- իրավիճակը ներկայացրեց Ղանդեւոսյանը:
Բայց արի ու տես, որ Հավակիմյանը ոչ մի կերպ չի բանակցել Ղանդեւոսյանի հետ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Ղանդեւոսյանը կա՛մ պետք է համաձայնի 250 հազար դրամ վճարել տարածքը վարձակալելու համար, կա՛մ էլ փակի բուֆետը, ինչի արդյունքում, ի դեպ, երեք աշխատող գործազուրկ կդառնա:
Մեր զրուցակցի խոսքերով` Հովակիմյանը այսկերպ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի ինքը ստիպված լինի հրաժարվել բուֆետը շահագործելուց: «Ես իր հետ խոսելուց հետո հասկացա, որ ինքը չի ցանկանում պարզապես ինձ հետ աշխատել: Թող վարձավճարը բարձրացնեն, հասցնեն 50 հազար դրամի, բայց ոչ 250 հազար դրամի: Անգամ իր օգնականի հետ էլ եմ խոսել, բայց ոչ մի արդյունք»,- հուսահատված նկատեց Գարիկ Ղանդեւոսյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց բժշկական կենտրոն, բնականաբար Արման Հովակիմյանի հետ հնարավոր չեղավ խոսել. նա իրեն, կարծես թե, լրատվամիջոցներից հեռու է պահում: Բայց մեր հարցերին պատասխանեց մամուլի հարցերով զբաղվող Պետրոս Մանուկյանը եւ նշեց, որ ծննդատան բուֆետը մինչեւ նոր տնօրինության գալն է փակված եղել: «Իր պայմանագրի ժամկետը ավարտվում է փետրվարի 1-ով, եւ տնօրինությունը նպատակահարմար չի գտնում նման պայմաններով շարունակել իր հետ երկարաձգել: Առաջարկում է նոր պայմաններով պայմանագիր կնքել, եթե բավարարի, կկնքի»,- ասաց Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի դիտակմանը, թե տնօրինությունն առաջարկում է տասն անգամ թանկ գնով նոր պայմանագիր կնքել, Մանուկյանն արձագանքեց. «Դե հակառակը կարող ենք ասել. նախկինը եղել է տասն անգամ էժան գնով: Ծննդատան բուֆետը փակված է եղել մինչեւ նոր տնօրինությունը: Իսկ բժշկական կենտրոնինը նոր տնօրինության ժամանակահատվածում է փակվել, տվյալ տարածքը, շենքային պայմաններից ելնելով, այլ նպատակով կօգտագործվի: Բացի այս, լիցենզավորման խնդիր կար, որ այդ բժշկական կենտրոնի ներսում նման գործունեություն ծավալելու խնդիր է եղել: Այդ բուֆետը գտնվել է ԲԿ-ի տնօրինության աշխատասենյակի հարեւանությամբ, եւ դա հետագայում հնարավոր է ադմինիստրատիվ նպատակներով օգտագործել»: Իսկ ինչ վերաբերում է անվտանգության ծառայության աշխատողների ազատմանը, Մանուկյանն ասաց, որ մրցութային կարգով շահել է կազմակերպություն, որից հետո ԲԿ ներքին ծառայության բոլոր աշխատողներն ազատվել են աշխատանքից, քանի որ պահանջ է եղել, որ բուժհիմնարկի անվտանգությունը իրականացնի լիցենզավորված պահնորդական ծառայություն:
Այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ եթե Արման Հովակիմյանի ձեռքին հնար լիներ, ապա հիվանդանոցի պատերն էլ կփոխեր: Այդ աստիճան նա փորձում է ազատվել նախկին կադրերից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՍՊԱՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը վերջին օրերին գտնվում է մեր` հայերիս ուշադրության կենտրոնում:
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Մադրիդում է, որը պետք է մեծ ազդեցություն ունենա Հայաստանի հավաքանի եւ, ինչու ոչ, հայկական ֆուտբոլի զարգացման պրոցեսում:
Այս օրերի ընթացքում մեր ընտրանու մարզիչները ներկա են գտնվել «Ռեալի», «Ատլետիկոյի» եւ «Լեգանեսի» մարզմանը, ծանոթացել են Դիեգո Սիմեոնոյի, Սանտիագո Սոլարիի եւ Մաուրիսիո Պելեգրինոյի մարզչական գաղափարախոսությանը, նրանք հասցրել են հանդիպել նաեւ Վիսենտե Դել Բոսկեի եւ «Ռեալի» լեգենդար «Յոթի»` Ռաուլի հետ:
Այսպիսի բախտ շատ քչերին է բաժին հասնում: Պարզից էլ պարզ է, թե ինչ աստիճանի եւ մակարդակի փորձ կարելի է ձեռք բերել` հանդիպելով նման թոփ մակարդակի մարզիչների հետ:
Իսպանական այս ճանապարհորդությունը կարող է եւ պետք է ճակատագրական դառնա հայկական ֆուտբոլի զարգացման հարցում:
Գարնանը արդեն կսկսվի ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը, որտեղ մեր հաջողության հասնելու շանսերը այս ճանապարհորդությունից հետո կտրուկ աճում են:
Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել Հայաստանի հավաքականում Արմեն Գյուլբուդաղյանցի եւ նրա մարզչական շտաբի այս հանդիպումներից հետո:
Լավագույնների խորհուրդները միշտ էլ ճիշտ օրինակ են ծառայում:
Այս ամենից հետո կարելի է ենթադրել, որ էականորեն կփոխվի Հայաստանի հավաքականի մարզման պրոցեսը: Կարծում եմ` Արմեն Գյուլբուդաղյանցը արդեն անգիր է արել իսպանական գրանդների մարզման ռեժիմը եւ արդեն ձեռք բերած մեծ փորձը կուղղի դեպի Հայաստանի ազգային հավաքականը:
Հայաստանի հավաքականում կազմը ընտրելիս մարզիչները միշտ «ընկել են» անունների հետեւից, կապ չունի` այդ անունները ունեն մարզավիճակ, թե ոչ:
Հուսանք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը կփորձի գոնե մի փոքր նմանվել Սիմեոնեին եւ, օրինակ, պահեստային ֆուտբոլիստին կնախընտրի վնասվածքից նոր ապաքինված առանցքային ֆուտբոլիստից:
Պաշտպանվել ամբողջ թիմով եւ զարգացնել պայթյունավտանգ հակագրոհներ. այն գլխավոր բանը, որը Արմեն Գյուլբուդաղյանցը պետք է ներմուծի հավաքական, իսկ այդպիսի ֆուտբոլ խաղալ «Ռեալի» եւ «Ատլետիկոյի» նման աշխարհում կարող են շատ քչերը:
Սա Հայաստանի հավաքականին բաժին հասած մի մեծ հնարավորություն է հայկական ֆուտբոլում հեղափոխություն կատարելու, որը չօգտագործելու դեպքում մեզ կմնան այն հին երազանքներն ու հույսերը, որոնք հիմա իրականություն դարձնելու իսկական ժամանակն է:
Ենթադրություններն ու սպասելիքները շատ են, մնում է այդ ամենի իրականացումը, որը միայն Արմեն Գյուլբուդաղյանցի եւ նրա մարզչական շտաբի ձեռքերում է:
Հուսանք, որ գարնանը կտեսնենք կատարելապես փոխված հավաքական, եւ մեր մեծ առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը երազանքից կդառնա իրականություն:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ