ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏՈՆՈՒՄ Է, ՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ «ԴԱՐՁՆԵՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թ. նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին` որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար, ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (գրանցվեց յալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերե. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Այսինքն՝ այն գրանցվեց որպես Նախիջեւանի ավանդական խմբային պար:

Ի՞նչ կարող էր անել հայկական կողմը այս իրողությունից խուսափելու համար եւ ի՞նչ կարող է անել հիմա: Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ սա ակնհայտ ոտնձգություն է հայկական մշակույթի նկատմամբ. «Փաստենք, որ այդօրինակ ոտնձգությունների Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ դիմել ու դիմում է։ Ինչ վերաբերում է մեր պատասխանատուներին ու Մշակույթի նախարարությանը (առաջիկայում հավանաբար կլինի վարչություն), ապա նրանք իրենց գործունեությամբ շատ թույլ են Ադրբեջանի այսպիսի քարոզչական ագրեսիաների դեմ պայքարելու գործում, քանզի շատ շատերի մոտ բացակայում են ազգային, պետական գործչի մասնագիտական կարողություններն ու իմացությունները»:
Նա հատկապես կենտրոնացավ նախիջեւանյան գործոնի վրա՝ նկատելով, որ այն օգտագործվում է, որպեսզի Նախիջեւանը բոլոր առումներով ներմուծվի ադրբեջանական ոլորտ. «Քանզի հայկական հուշարձանները հիմնահատակ ավերեցին եւ մնացին անպատիժ։ Եվ բարբաջում են, որ այդտեղ առհասարակ հայկական ոչինչ չի եղել։ Մեր իշխանությունների ու գիտական միջավայրի լռությունն է նրանց արտոնում, որ Նախիջեւանը «դարձնեն» ադրբեջանական։ Ցավոք, սա փաստ է եւ մեզ համար շատ ամոթալի»,-ընդգծեց նախիջեւանագետը:
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է եւ ի՞նչ կարող է անել հայկական կողմն այս պարագայում. «Լավ է, որ մշակույթի գործիչները, լրագրողները, Սփյուռքը այս եւ նմանատիպ հարցերի շուրջ մեծ աղմուկ են բարձրացնում: Սա նշանակում է, որ մենք իրազեկ ենք եւ մեր ուշադրության ներքո ենք պահում խնդիրը: Բայց սա միակ բանն է, որ կարող ենք անել առանց խախտելու որեւէ իրավական, միջազգային նորմ»,-պատասխանեց տիկին Ղարիբյանը:
Բոլորովին այլ է նախիջեւանագետի տեսակետը. «Նախարարությունը ինչ որ պիտի աներ, պետք է արած լիներ մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդպիսի որոշման վերաբերյալ քննարկումները»,-պնդեց նա:
Իսկ ահա տիկին Ղարիբյանն այն համոզման է, որ ոչ պաշտոնական հասարակական կարծիքն էլ կարող է բավարար աղմուկ հանել, բանավեճ ծավալել, բայց պարի պաշտոնական գրանցմանն իրենք չեն կարող խառնվել. «Իհարկե, Մշակույթի նախարարությունն ունի իր դերը, բայց մենք ոչ մի քայլ չենք անում առանց Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության: Ամեն դեպքում, այս հարցը միշտ էլ մեր ուշադրության կենտրոնում է, այս խնդիրներն անընդհատ առկա են, բայց, միեւնույն ժամանակ, բոլոր դեպքերում, քոչարին ինչպես էլ որ գրանցեն, այն մնում է քոչարի, եւ մենք շարունակելու ենք այն պարել»,- տեսակետ հայտնեց տիկին Ղարիբյանը:
Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտը ընթացքի մեջ է մտել 2017-ի սեպտեմբերից։ Սա նշանակում է, որ հայկական կողմը չէր կարող տեղյակ չլինել ադրբեջանական կողմի նախաձեռնությունից: Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ այս հարցում հիմնական դերակատար է եղել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ հայկական արժեքներն իրեն վերագրում՝ այդ գործընթացում ներգրավելով նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է հայկական կողմն այսքան պասիվ այս գործընթացներում, ինչու՞ է իրողությունը գրանցվում, եւ հետո նոր մենք իմանում ենք այդ մասին, եւ ի՞նչ զենքերով ենք մենք պատրաստվում պայքարել այն պարագայում, երբ պետական մարմինների ներկայացուցիչներն այն համոզման են, որ ոչ պաշտոնական աղմուկի բարձրացումը, բանավեճի ծավալումը մեր միակ զենքն է:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

«ՔԻՉ ՄՆԱՑ՝ ԱԼԵԳՐՈՎԱՆ ԱՌԱՆՑ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏԻ ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱՐ»

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում նոր շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Ջուսն է:

Նա հիշեց մի դեպք, որը պատահել է իր հետ Մոսկվայում 2003 թվականին, երբ երգում էր Իրինա Ալեգրովայի մոտ որպես բեք վոկալիստ. «Կրեմլում պետք է կայանար Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ամենամյա համերգը, որի ընթացքում ելույթ էր ունենալու նաեւ Իրինա Ալեգրովան, մենք էլ հետը: Այդ համերգից առաջ մի ուրիշ միջոցառման ժամանակ էինք ելույթ ունեցել, եւ Ալեգրովայի կիսաշրջազգեստը մնացել էր ինձ մոտ: Նա ասել էր, որ հենց այդ շրջազգեստը բերեմ Կրեմլ, որպեսզի դրանով ներկայանար ՆԳՆ-ի համերգին: Քանի որ Մոսկվայում խցանումները շատ էին, որոշեցի մետրոյով գնալ, որպեսզի չուշանայի, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը: Քանի որ այդ ժամանակ բավական էկզոտիկ արտաքին ունեի՝ ոչ ռուսական քիթ, մուգ գույնի գանգուր մազեր, հյուսքեր, ոչ այնքան սպիտակ մաշկ, անմիջապես գրավեցի ոստիկանների ուշադրությունը: Նրանք կասկածեցին, որ ես արտերկրացի եմ, որը կարող էր անլեգալ բնակություն հաստատած լինել Մոսկվայում, եւ անմիջապես պահանջեցին փաստաթղթերս: Ես ասացի, որ մոռացել եմ դրանք տանը, նրանք չհամոզվեցին, որ ես օրենք չեմ խախտել, շարունակեցին փորփրել, իսկ ես այդ ընթացքում սարսափելի ապրումների մեջ էի: Ասացի. «Գիտե՞ք՝ ես երգչուհի եմ, ուշանում եմ ՆԳՆ-ի համերգից, Ալեգրովայի շորն էլ մոտս է»: Հանեցի, ցույց տվեցի, չհավատացին, սկսեցին ծիծաղել, ծաղրել, ասացին. «Հա ի՞նչ, մենք էլ Կիրկորովի մոտ ենք երգում, ձեր փաստաղթերը, խնդրեմ»,-ծիծաղելով հիշեց Ջուսը:
Երկար ժամանակ երգչուհուն ոստիկանները չեն հավատում, ուշացնում են այնքան, մինչեւ որ Ալեգրովայի մոտից զանգահարում են ոստիկաններին, հաստատում են, որ Ջուսն իրենց բեք վոկալիստն է. «Ծայրը ծայրին հասցրեցի համերգին, բայց թե ինչ ապրումներ ունեցանք ես եւ Ալեգրովան այդ ընթացքում, միայն մեզ էր հայտնի. քիչ էր մնում Ալեգրովան իմ պատճառով բեմ դուրս գար առանց կիսաշրջազգեստի (ծիծաղում է)»,-նշեց Ջուսը:
Ի դեպ, Ջուսը հավելեց, որ հաճախ է ընկնում խենթ պատմությունների մեջ եւ, միեւնույն ժամանակ, խոստովանեց, որ դրա համար ոչ մի հատուկ բան չի անում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՆԱԴԱԼԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Grand Slam շարքի տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչ փուլում իսպանացի թենիսիստը 6-3, 6-4, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 39-րդ հորիզոնականը: Եզրափակչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը պայքարելու է հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:

 

 

ԲՈԱՏԵՆԳԸ`«ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ»
«Սասուոլոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը վարձավճարով տեղափոխվել է «Բարսելոնա». հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Գանացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչեւ 2018/19թթ. մրցաշրջանի ավարտը։ Խաղացողի վարձակալական պայմանագրում կետ կա նաեւ ամբողջական տրանսֆերի գնման մասին, որի համար «Բարսելոնան» ցանկության դեպքում կարող է վճարել 8 մլն եվրո։

 

 

ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ՄԵՍՍԻԻՆ
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը Իտալիայի առաջնության 20-րդ տուրի` «Կիեւոյի» հետ խաղում (3:0): Դա դարձավ պորտուգալացու 25-րդ անհաջող 11 մետրանոցը նշակետից: Այդ ցուցանիշով Ռոնալդուն հավասարվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: Հիշեցնենք նաեւ, որ պորտուգալացին 11 մետրանոց նշակետին մոտեցել է 138 անգամ, իսկ Մեսին` 108: Իսկ մինչ այդ նկատենք, որ Ռոնալդուն հունվարի 22-ին մեկնել է Մադրիդ` հարկերից խուսափելու իր դեմ առաջադրված մեղադրանքի գործով: Դատի մասին դեռեւս պաշտոնական հայտարարություն չկա, բայց սպասվում է, որ Ռոնալդուն կընդունի իր մեղքը եւ կդատապարտվի 23-ամսյա ազատազրկման: Չնայած դրան` նա ճաղերի հետեւում չի հայտնվի: Իսպանական օրենսդրության համաձայն՝ եթե մեղավորը նախկինում դատվածություն չի ունեցել եւ նրա պատիժը չի գերազանցում 2 տարին, ապա նա կարող է վճարել տուգանք եւ վերադառնալ տուն: Ռոնալդուի դեպքում հայցվոր կողմը պահանջում է 19 մլն. եվրո:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔԸ ԼՈՒՐՋ Է
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել թիմի պաշտպան Հեկտոր Բելյերինի առողջականի մասին: Լոնդոնցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք, եւ վերջինս վիրահատության կենթարկվի: Ֆուտբոլիստը բաց կթողնի 6-9 ամիս եւ այս մրցաշրջանում այլեւս չի կարող օգնել իր թիմին:




Լրահոս