ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի հանդեպ Արցախի իշխանությունների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը, թերեւս, անհնար էր չնկատել: Նախ` ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ մեկնարկեց հունվարի 16-ից եւ կավարտվի այսօր, անցկացվում է Արցախում, այն էլ՝ այդ միջոցառման համար տրամադրվել էր Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճը: Բացի այդ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անձամբ ներկա էին գտնվել ընդհանուր ժողովի բացման արարողությանը։ Իսկ երեկ էլ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:
Արցախի իշխանությունների կողմից նման ուշադրությունը ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ, թերեւս, պատահական չէ. մի կողմից` ՀՀ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, երբ ՀՅԴ-ն չանցավ խորհրդարան, այդ կուսակցության հետ շարունակում են հաշվի նստել` շնորհիվ Սփյուռքում նրանց կապերի: Մյուս կողմից` ՀՅԴ-ն անզիջողական դիրքորոշում ունի ԼՂ խնդրում` մշտապես դեմ արտահայտվելով փոխզիջումներին: Ու միգուցե Արցախի իշխանությունների վերաբերմունքն այս կուսակցության նկատմամբ պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թեեւ հենց ԼՂ նախագահ Բակո Սահակյանն անձամբ մի քանի անգամ (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) խոսել է փոխզիջումների պատրաստակամության մասին` պարզապես շեշտելով, որ այդ ամենին խանգարում է Ադրբեջանի կեցվածքը:
2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռեւս 2015 թվականին` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ: Պարզապես կասեցվել էր այն: Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել` Սեւանա լճից թուլատրվածից 2-3 անգամ ավելի ջուր բաց թողնելու հատկանիշներով, սակայն հիմա միայն կաշառքի մասով է գործը քննվում: Հուսանք՝ նաեւ Սեւանի մասով քննություն կտարվի:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան: Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ նախաքննական մարմինը սպասում է դատախազության պատասխանին, սակայն դատախազությունում անսովոր կերպով լռում են: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բաղիրյանից հետաքրքրվել է, թե ինքը մարզպետին ինչ խորհուրդներ է տվել, որ հիմա էլ արժանացել է պարգեւատրման: «Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ»,- նշել է նա: Բաղիրյանը նաեւ մանրամասնել է՝ կոնկրետ որ ոլորտի մասին է խոսքը. «Ներքաղաքական, մասնավորապես…»: Հարցին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, մարզպետի խորհրդականը շտապել է արձագանքել. «Պատահել է, պատահել է… Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել եւ երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել»:
ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆԵՐ
Որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպումների վերաբերյալ «դավադրությունների տեսանկյունից» արվող վերլուծություններն «իրավիճակի չընկալման» հետեւանք են, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է խոսում:
«Դավադրության տեսության» կողմնակիցներն իրականում լավ էլ ընկալում են իրավիճակը, հստակ գիտակցում են ամեն ինչ: Պարզապես այս պահին պետք է փաստերը խեղաթյուրել, հասարակությանը կեղծ թեզերի հիման վրա մանիպուլացնել: Ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես վարվել են վերջին քսաներկու-քսաներեք տարիների ընթացքում: Բայց եթե նախկինում նրանց քայլերը որոշակի տրամաբանություն ունեին, քանի որ իրենք իշխանության ղեկին էին (ընդ որում, իշխանության ղեկին հայտնվել էին պետական հեղաշրջման միջոցով` այդ ճանապարհին օգտագործելով ԼՂ հիմնահարցը, եւ Արցախյան հիմնախնդիրը հետագայում էլ շահարկեցին այդ իշխանությունը պահպանելու ու երկարաձգելու համար), թավշյա հեղափոխությունից հետո այլ իրավիճակ է: Իրենք հեռացվել են իշխանությունից, խորհրդարանական ընտրություններից հետո օրենսդիրից դուրս շպրտվեցին անգամ նախկին իշխանության ոչ միայն մնացուկները, այլեւ մետաստազները:
Հիմա քաղաքական լուսանցքից էլ նրանք շարունակում են նույն գործելաոճը՝ ամեն ինչ հարամելու միտումով: Հաշվարկն էլ պարզ է. հասարակությունն այս թեմաների նկատմամբ գերզգայուն է (ի վերջո, քսան տարի շարունակ հասարակության մեջ երկուստեք ներարկել են անհանդուրժողականության, ատելության համապատասխան չափաբաժինը), եւ ուրեմն հնարավոր է իրավիճակն օգտագործել առաջ տանելու կեղծ թեզերը:
Այլապես ցանկացած ողջախոհ մարդու համար էլ պարզ է, որ ԼՂ խնդրում բանակցություններն այլընտրանք չունեն, ավելի ճիշտ՝ այլընտրանքը պատերազմն է: Պարզ է նաեւ, որ միջազգային հարթակներում Ալիեւի հետ ցանկացած հանդիպում եւ շփում միայն օգուտ է բանակցային գործընթացին, որքան էլ այդ հանդիպումները կրեն ոչ ֆորմալ բնույթ: Ի դեպ, հենց նման շփումներից մեկի արդյունքում է, որ վերջին ամիսներին անհամեմատ նվազել են սահմանային լարվածությունն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Պարզ է նաեւ մեկ բան. Հայաստանը թեեւ հայտարարել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին, միեւնույն է, ինքը եւս այդ բանակցություններում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներից մեկն է, հետեւաբար պարտավոր է այդ ուղղությամբ անել քայլեր: Ու պարտավոր է քայլերն անել` անկախ նրանից, թե ոմանք ինչպես են փորձում նենգափոխել իրականությունը: Ի վերջո, խաղաղությունն այլընտրանք չունի բոլոր կողմերի համար: