ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի աղմկահարույց դեպքերից հետո պարբերաբար քննարկվում է ԵԿՄ նոր նախագահ ընտրելու հարցը: Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ: Միքայելյանն անձամբ ցանկություն չունի ղեկավարելու այդ կառույցը, սակայն ԵԿՄ տարածքային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ հենց նա լինի ԵԿՄ նախագահ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի հետ:
-Պարո՛ն Կետիկյան, Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալային դեպքերից հետո հասարակության շրջանում շատ եղան հայտարարություններ այն մասին, որ երկրապահը պետք է փակվի: Պատճառը թերեւս այն է, որ կառույցը նույնացվում է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Հիմա ի՞նչ տրամադրություններ եք նկատում:
-Շատ ցավալի բան է դա: ԵԿՄ-ի փակվելը ցանկացողներին ես մի բան կասեի. եթե դուք վաղը հավաքվեք, օրինակ, 10.000 հոգով գաք, ասեք` թող ԵԿՄ-ն փակվի, բայց պատերազմի ժամանակ մենք առաջինը կմեկնենք ռազմադաշտ, ես կամաձայնեմ: Էդ ո՞ւմ հույսին եք փակում ԵԿՄ-ն, ո՞վ է վաղը զինվորի կողքին կանգնելու: Եթե առանց մեզ կարող եք ապահովել պահանջվելիք ռեզերվները, եկեք քննարկենք փակելու մասին հարցերը: Ամեն ինչին պետք է մի քիչ ավելի խորությամբ նայել: Զգացմունքային կարծիքներ չկազմել, անմեղության կանխավարկածը հաշվի առնել: Եվ, ի վերջո, ԵԿՄ-ն միայն Մանվել Գրիգորյանը չի, ԵԿՄ-ն մեր զոհված ընկերներն են, հաշմանդամություն ունեցող տղերքն են, որոնք իրենց առողջությունն են տվել: Եվ մի բան ասեմ. ես անձամբ չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը կարող էր անել այն ամենը, ինչ ներկայացվեց հասարակությանը՝ կրկին հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը, չլսելով Մանվել Գրիգորյանին: Ես վստահ եմ, որ Մանվել Գրիգորյանը չէր կարող զինվորից հաց գողանալ: Ընդհակառակը, նա մի քանի հազար հոգու հետ ապրիլյան պատերազմի ժամանակ հաշված ժամերի ընթացքում հայտնվեց զինվորի կողքին, զինվորի հետ կիսեց իր բեռը առաջնագծում: Այդ նույն տուշոնկաները մենք ստացել ենք Պաշտպանության նախարարությունից: Որ ասում են՝ զինվորի հացն է, երկրապահում էլ են զինվորներ: Եկե՛ք լսենք նաեւ մեղադրվող կողմին, նոր հետո եզրակացություններ անենք. շատ ավելի ճիշտ կլինի:
-Մանվել Գրիգորյանը մեկ ամիս ազատության մեջ էր: Հանդիպե՞լ եք, ինչի՞ մասին եք խոսել:
-Իհարկե, հանդիպել եմ: Խոսել եմ իր առողջական վիճակի մասին, որովհետեւ նրա առողջական վիճակը իսկապես շատ ծանր է՝ գնալով ավելի ծանրանալու միտումով, եւ ինձ հետաքրքրել են միայն այդ հարցերը: Աշխատանքային որեւէ հարց չենք քննարկել, քանի որ նպատակահարմար չեմ գտել այդ առողջական վիճակով մարդու հետ խոսել գործնականից:
-Իր դեմ հարուցված քրեական գործից էլ չե՞ք խոսել:
-Ո՛չ, այդ մասով էլ ոչինչ չենք խոսել: Ես նույնիսկ չեմ էլ հարցրել՝ դու նման բան արե՞լ ես, թե՞ ոչ: Եվ եթե ինքը ինձ ասեր, որ արել է, ես չէի հավատա, որովհետեւ այդ խոհանոցին որոշ չափով տիրապետում եմ, ես վստահ եմ՝ ինքը հատկապես սննդամթերք չէր կարող գողանալ: Կամ ի՞նչ է նշանակում` զինամթերք է տարել: Եթե զինամթերքը չի հերիքել, ապա համապատասխան պաշտոնյաների պատճառով չի եղել կամ հերիքել: Իսկ այդ ամենը երկրապահի հետ կապելը առնվազն բարոյական չէ: Եվ հետո՝ մենք բոլորս էլ երիտասարդ եղել ենք եւ սովորաբար շամպայն բացել ենք, երբ մարդիկ կալանավայրերից ազատվել են: Ինչպե՞ս կարելի է այդքան ուրախանալ, որ մարդուն կալանավորել են: Ես նման բան չեմ տեսել, չեմ էլ պատկերացրել, որ այս երկրում նման բան կարող է լինել: Այնքան կուզեի այդ մարդկանց տեսնել թուրքի դեմ-դիմաց կանգնած, ինչպես մենք ենք այդ տարիքում եղել կանգնած:
-Շատ կարծիքներ կան, որ այդ ակցիաներն ինչ-որ կերպ ազդեցին դատարանի որոշման վրա: Ի՞նչ կասեք այս մասին:
-Չգիտեմ՝ անդրադարձավ, թե չէ, բայց ես հույս ունեմ, որ, ի վերջո, մեր դատարանները գոնե հիմա, երբ ունենք ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն, որոնք ասում են, որ դատարանների վրա ազդեցություն չեն ունենալու, կանկախանան: Չեմ ուզում հավատալ, որ փողոցի ազդեցության տակ դատարանները որոշումներ պետք է կայացնեն:
-Հարցաքննության կանչվե՞լ եք:
-Չեմ կանչվել:
-Ըստ մեր տեղեկությունների՝ ԵԿՄ համագումար է տեղի ունենալու: Ի՞նչ նպատակով է հրավիրվում:
– Լինելու է արտահերթ համագումար, մենք հերթական համագումար չունենք, եւ դա էլ վարչության որոշումն է: Այսինքն՝ երբ որ վարչությունը կորոշի արտահերթ համագումար հրավիրել, այդ ժամանակ էլ կլինի: Հստակ չգիտեմ՝ երբ կլինի՝ մեկ շաբաթ, մեկ ամիս, թե մեկ տարի հետո: Բնականաբար, եթե տեղի ունենա, առաջին խնդիրը լինելու է ղեկավար մարմինների ձեւավորումը, այդ թվում` նախագահի, տեղակալների, վարչության կազմի ընտրություններ: ԵԿՄ-ն հավանաբար հայտարարությամբ հանդես կգա, կխոսվի առաջիկա անելիքների մասին: Չեմ կարծում, թե կառուցվածքը կփոխվի, որովհետեւ տասնյակ տարիներ մենք էդպես աշխատել ենք, եւ դա իրեն արդարացրել է:
-Խոսեցիք նախագահի ընտրության մասին: Այս մասով երկու անուն է շրջանառվում՝ Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան: ԵԿՄ-ում ո՞ւմ են հակված ընտրել:
-Երկուսն էլ մեր մարտական ընկերներն են, երկուսն էլ ԵԿՄ-ի ստեղծման ակունքներում են կանգնած եղել: Երկրապահում երկուսին էլ դեմ չեն: ԵԿՄ-ի տարածքային բաժանմունքները իրենց կարծիքը մեծամասնությամբ տվեցին Արամ Սարգսյանի թեկնածությանը, նաեւ այլ երկրապահներից շատերը, որոնք այլ կառույցներում են, պաշտպանում են Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Փառք Աստծո, Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը մտերիմ ընկերներ են, միասին երկար ճանապարհ են անցել, երբեք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը անհարմար վիճակի մեջ հայտնվի: Իրենք երկուսով էլ կարող են քննարկում ունենալ այդ մասով, ընդհանուր հայտարարի գալ, հետո խոսել մեր տարածքային եւ մարզային կառույցի ղեկավարների հետ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Մասնավորապես, երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գեւորգյանին։

«Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր Նոր Հայաստանի պահանջներին: Բացի դրանից շատ լավ գիտեմ, որ կային ինչ-որ կից ՍՊԸ-ներ, որոնք սպասարկում էին այս ՓԲԸ-ին: Այսինքն` այն գործը, որը պետք է ընկերությունն աներ, ուղարկում էին ինչ-որ ՍՊԸ-ների մոտ, որոնք, ի դեպ, ներսի մարդկանց բացած ընկերություններն էին, եւ այդ ընկերությունները գումարներ էին աշխատում քաղաքացիների հաշվին: Էս պրակտիկան այսուհետ վերանում է»,- նախկինում եղած կոռուպցիոն սխեմաների մասին խոսել է Հայկ Մարությանը։
Նշենք, որ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն իրականացնում է գեոդեզիայի (տարածքների չափագրում), գլխավոր հատակագծերի, ինչպես նաեւ ինքնակամ շինությունների մասնագիտական եզրակացությունների տրամադրման ու մի շարք այլ գործառույթներ: Նկատենք, որ քաղաքապետարանի այս կամ այն վարչության կամ հիմնադրամի կողմից չարաշահումների եւ կոռուպցիայի մասին բարձրաձայնումներ նախկինում շատ են եղել, եւ խոսքն ամենեւին էլ միայն այս ՓԲԸ-ին չի վերաբերում։ Օրինակ, 2016 թվականին ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանին: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատած Կ. Միքայելյանի վերաբերյալ եւս քրեական գործ է եղել՝ խոշոր կաշառքի փաստով։ Երեւան հիմնադրամի շուրջ տեղի ունեցած գործընթացներն էլ գալիս են լրացնելու վերը թվարկածը։ Լուրջ չարաշահումեր էին բացահայտվել ինչպես թափառող կենդանիների դեմ պայքարի շրջանակներում ծախսված գումարների ու մատուցված ծառայությունների հետ կապված, այնպես էլ այլ ոլորտների վերաբերյալ: Եվ երեկ Հայկ Մարությանը պարզ հայտարարեց, որ կոռուպցիան այս կառույցում պետք է վերանա։ Մինչ այդ արձանագրենք, որ Երեւանի քաղաքապետարանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված նախկին պաշտոնյաներից որեւէ մեկը մինչեւ հիմա չի պատժվել. հարուցված քրեական գործերը դեռ դատարան չեն ուղարկվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԵՐԿՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՀՀ Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը հրաժարական է տվել: Նշենք, որ Եղյանը գյուղապետի պաշտոնում ընտրվել էր անցած տարվա մարտի 11-ին, բայց դեկտեմբերի 12-ին ներկայացրել էր հրաժարականի դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արմեն Եղյանի հետ՝ տեղեկանալու հրաժարական տալու պատճառների մասին: Պարզվում է, որ արդեն նախկին գյուղապետը պատրաստվում է զբաղվել շինանյութի վաճառքով: «Ուղղակի հայրս էր զբաղվում, բայց հիմա առողջական խնդիրներ ունի, եւ ես պետք է զբաղվեմ դրանով, այլ ելք չկա»,- պարզաբանեց Եղյանը: Ի դեպ, նշենք, որ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետ Շահեն Կարապետյանը եւս հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե Եղյանը պետք է զբաղվի շինանյութի բիզնեսով, ապա Կարապետյանի դեպքում պատճառն այլ է: Բանն այն է, որ նորակերտցիները դեռեւս նախորդ տարվանից պահանջում են Կարապետյանի հրաժարականը. այս պահանջով նրանք անգամ բողոքի ակցիաներ են արել, փողոց են փակել: Գյուղացիների պատմելով՝ Կարապետյանը սեփականաշնորհել է մանկապարտեզի տարածքի մի մասը, բուժամբուլատորիայի եւ գյուղապետարանի նախկին շենքերը:

 

 

ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
2017 թվականին մայիսի 17-ին ձերբակալվել էր ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, առերեւույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը եւ չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Բնականաբար, քրեական գործ էր հարուցվել, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Բայց ուշագրավն այն է, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների մասով քրեական գործերը դատարանը քննում է բաց: Մինչդեռ այս դեպքում ընդհակառակը՝ Թաթուլ Գեւորգյանի գործը դատական համակարգը փակել է: Սա, թերեւս, պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ գործով հայտնի պաշտոնատար անձանց հարազատներ են անցնում: Եւ չի բացառվում, որ այս հանգամանքն էլ պատճառ է դարձել գործը փակ քննելու:




Լրահոս