Մարզպետարանների աշխատանքի թեման շարունակում է մնալ ակտուալ: Օրեր առաջ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կապված փոխմարզպետների քանակի եւ, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։
Նա գրության մեջ փաստում է, որ մարզպետների թիվն արդարացված չէ, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ «Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով` յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ», – իր գրության մեջ նշել է Մարուքյանը:
Նշենք, որ 2003 թվականին` քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ է որոշվել Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թվի ավելացման հարցը, որպեսզի եթե, օրինակ, մարզպետը ՀՀԿ-ական է, ապա փոխմարզպետը լինի կոալիցիա կազմած մյուս ուժերից: Այսինքն՝ իրականում քաղաքական համակարգն ուռճացվել է արհեստականորեն` քաղաքական նպատակներից ելնելով, կոալիցիոն գործընկերներին պետական պաշտոններով ապահովելու համար: Եվ մինչեւ այժմ էլ այդ հաստիքներում նշանակումները կատարվել են այդ տրամաբանությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով տվյալները, պարզեց, որ այժմ 1-ի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ: Մասնավորապես, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրին պետական բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ եւ այլն: Այսինքն՝ փոխմարզպետները ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս են:
Հետաքրքիր է, որ Էդմոն Մարուքյանը նման բովանդակությամբ մի գրություն էլ ուղարկել էր դեռ 2.5 տարի առաջ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն կառավարությունն այդ ժամանակ կրճատումներ չկատարեց: Ստացվում է, որ ժամանակին այդ հատիքներն ավելացվել են ոչ թե գործառույթներն ամբողջովին կատարելու, լավ աշխատանք ունենալու համար, այլ միայն քաղաքական նկատառումներից ելնելով:
Նշենք, որ սովորաբար պատգամավորների գրություններին պատասխան է տրվում 15-օրյա ժամկետում, սակայն մարզպետարանների աշխատանքում փոփոխություններ անելու, նաեւ հաստիքների քանակի վերաբերյալ նախագծեր եւ մտադրություններ դեռ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուներ նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն վերանշանակվել է այդ պաշտոնին: Նա մշտապես խոսել է մարզպետի դերի փոփոխության անհրաժեշտության մասին:
Այժմ էլ մշակված է մի նախագիծ, որն էլ հենց վերաբերում է մարզպետարանի աշխատակազմի կրճատմանը: Խոսքը մոտ 30-40 տոկոսի մասին է, եւ այն շուտով պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Նա մեզ հետ զրույցում միանշանակ կիսեց այն մոտեցումը, որ երեք փոխմարզպետ ունենալու որոշումը ավելորդություն է, շռայլություն: «Եվ մենակ փոխմարզպետների մասին չէ խոսքը, այլ նաեւ մարզպետարանների: Իսկ փոխմարզպետների մասով միանշանակ ճիշտ որոշում է, որովհետեւ կարելի է ասել` դրանք ավելորդ հաստիքներ են: Մեկ փոխմարզպետի լավ աշխատանքի դեպքում որեւէ խնդիր չի առաջանա», – նշեց Սարուխանյանը` ընդգծելով, որ իր մարզպետ եղած ժամանակ նա ունեցել է երեք փոխմարզպետ, որոնք աշխատել են ոլորտային բաշխվածությամբ:
Իսկ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի` մարզպետարաններում կրճատումներ անելու որոշմանը եւ հարցին` արդյոք աշխատակազմն ուռճացված է` նախկին մարզպետը պատասխանեց. «Մարզպետարաններում իսկապես ուռճացված հաստիքներ կան: Ասեմ, որ հիմնական ուռճացված հաստիքները տեղակալների մասով են. վարչության պետն ունի տեղակալ, աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ եւ այլն: Միանշանակ կողմ եմ կրճատումներին»:
Հավելենք, որ փոխմարզպետների մաքուր աշխատավարձը կազմում է մոտ 380 հազար դրամ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՒՅՆԻՍԿ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆ
2018թ. ՀՀ պետական բյուջեն երկարատեւ ընդմիջումից հետո հարկային եկամուտների գծով գերակատարվել է: Եւ այսպես, ՀՀ ՊԵԿ-ը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հավաքագրել է 1 տրիլիոն 306 մլրդ դրամ հարկ: Մինչդեռ 2018թ. բյուջեի մասին օրենքով նախատեսված էր, որ միայն հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմելու են 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ: Այսինքն՝ հավաքագրվել է 57.5 մլրդ դրամ ավել գումար: Սա ուշագրավ է երկու առումով. նախ՝ տեւական ընդմիջումից հետո ՀՀ պետական բյուջեն գերակատարվել է, այնինչ նախորդ տարիներին պարբերաբար նախատեսվածից քիչ գումար էր հավաքագրվում: Եւ բացի այդ, ՀՀ նախորդ կառավարությունները պետական բյուջեն ԱԺ-ում հաստատվելուց հետո արդեն կառավարության որոշմամբ փոփոխությունների էին ենթարկում, եկամուտներն ու ծախսերն ավելացնում էին՝ արդյունքում չկարողանալով այդքան գումար հավաքել: Բայց թավշյա հեղափոխությունից հետո նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով, եւ բյուջեի նախատեսված մուտքերը չփոփոխեց: Հեղափոխությունից հետո մտավախություն կար, որ գումարները պակաս կհավաքագրվեն, սակայն հաջողվեց անցնող տարին ավարտել միանգամայն այլ ցուցանիշներով: Մեկ փաստ էլ. 2018թ. հավաքագրվել է 1 տրլն 306 մլրդ դրամ, իսկ 2017թ. հարկային եկամուտները 1 տրլն 158 մլրդ դրամ էին:
118 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Նախկին իշխանությունների իրավական անարդարությունների հետեւանքով ՀՀ պետական բյուջեից հերթական գումարն է վճարվելու այդ ապօրինությունների հերթական զոհին: ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 118 հազար եվրո: Նշված գումարը պետք է վճարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Գրիգորյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար: Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը եւ դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ: Նրանք նաեւ պահանջել են 874 հազար 974 եվրո որպես նյութական վնասի եւ 3 հազար 301 եվրո՝ կրած ծախսերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 հազար եվրո՝ որպես արդարացի փոխհատուցում:
ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետը` շեշտելով, որ Արցախի հարցով իրենք քննարկում չեն ունեցել: «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել է նա:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Գեղամ Գեւորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն էր: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ: Ինչպես նախատեսված է կառավարության կառուցվածքի փոփոխություններում, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է միացվի Կրթության եւ գիտության հարցերի նախարարությանը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարեւոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի է՛լ ավելի սերտ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումների եւ այլ ոլորտներում: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման համար:
ԳՈՆՍԱԼԵՍԻ ԳՈՐԾՈՎ
Չեխիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարտին Բաչկովսկին երեկ լրագրողներին ասել է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունից ստացել են Նարեկ Սարգսյանին արտահանձնելու պաշտոնական դիմումը: Նա ասել է, որ դիմումն ուղարկվել է Պրահայի դատախազություն, որից հետո այն կմտնի դատարան: 37-ամյա Նարեկ Սարգսյանը` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին, կեղծ անձնագրով Պրահայում ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին:
ԱՆՎՃԱՐ
Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը1 միլիոն դրամ արժե: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքերով` պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը նախատեսվում է սկսել 2021-ից: Նա նշեց, որ տարբեր երկրներում աշխատավարձից երկու տոկոսից մինչեւ 30 տոկոս է պահվում ապահովագրության համար։ Ըստ նախարարի` Հայաստանը կսկսի ամենացածր տոկոսներից։