ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿԱՏԱՐՎՈՂԸ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում բուռն քննարկման առիթ դարձավ պետական կառավարման համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ, նաեւ 13-րդ աշխատավարձ տալու հարցը: Սա հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Այս թեմային երեկ անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս առումով զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգեւավճար են ստացել կամ տվել, չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են էդ 13-րդ աշխատավարձը, ինչը, համենայնդեպս, վերջին տարիներին ավանդույթ է: … հիմա էլ ասուլիսներ են հրավիրում եւ ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր լինելով՝ ստացել են, բայց պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցների ստանալուց խոսում են։ Ես էլ պատգամավոր եղած ժամանակ միշտ էլ ստացել եմ, եւ բոլորն են ստացել, եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ՝ վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչեւ աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»:

Ի դեպ, հիմնական քննադատողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն էին, որոնց մի մասը, նախորդ խորհրդարանում լինելով պատգամավոր, ստացել է 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի եւ Գեւորգ Գորգիսյանի հետ:
-Տիկի՛ն Սամսոնյան, Դուք շատ կոշտ դիրքորոշում եք որդեգրել պարգեւավճարների հարցի առումով, սակայն Ձեր կուսակիցները եւս ստացել են պարգեւավճարներ: Վարչապետը եւս խոսեց այդ մասին: Ի՞նչ կասեք:
-Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը տեղին չէ, որովհետեւ այդ հարցի մասին մեր հիմնավորումները լրիվ այլ են: Պարգեւավճարները տրվել են օրենքի խախտումներով, չեն ապահովում թափանցիկություն, թե ինչի համար են այդ ծառայողները պարգեւատրվում: Խոսվում է կոռուպցիոն ռիսկերի բացառման մասին, բայց դրա համար պետք է անել օպտիմալացում եւ բարձրացնել աշխատավարձերը: Պարգեւավճարները կամայական բնույթ են կրում, եւ, ըստ այդմ, կրկնվում է նախկին իշխանության այն պրակտիկան, որ տալիս են պարգեւավճարներ նրանց, ում պարզապես ուզում են տալ: Այսինքն՝ այստեղ նաեւ միջոցների արդար բաշխման խնդիր է առաջանում:
Օրինակ, Կոտայքի մարզպետը, որը տվել է պարգեւավճարներ իր մեկուկես ամիս կամ 3-4 ամիս աշխատած աշխատակիցներին, օրենք է խախտել, որովհետեւ պարգեւավճարներ տրվում են կիսամյակային գնահատման վրա, եւ, ըստ այդմ, մարզպետը գնահատում է, թե ինչպես են աշխատել աշխատակիցները եւ ինչպիսի արդյունք են գրանցել: Արարատի մարզպետը 104 տոկոսի չափով պարգեւավճարներ է տվել, եւ դա եւս օրենքի խախտում է: Պարգեւավճարներ տալը օրենքով սահմանված է, եւ մենք ամենեւին դեմ չենք դրան, որովհետեւ դա նաեւ անհրաժեշտություն է, բայց այս պահին կատարվողը շռայլություն է: Դրա միակ լուծումը օպտիմալացումն է: Մենք այս մասին խոսել էինք Երեւանի քաղաքապետարանում: Եվ երբ բերեցին հաստիքացուցակները, տեսանք, որ մեկ միլիարդ դրամով ավելացրել էին պարգեւավճարների բյուջեն: Մենք դա խիստ քննադատեցինք եւ նշեցինք, որ մենք դա չենք համարում աշխատողների մոտիվացիայի աղբյուր:
Գեւորգ Գորգիսյան


-Պարո՛ն Գորգիսյան, Դուք ստացե՞լ եք 13-րդ աշխատավարձ:
-Այո՛, ստացել եմ: Բայց դա նորմալ պրակտիկա է, որովհետեւ 12 ամիս մենք աշխատել ենք:
-Բա ինչո՞ւ եք քննադատում:
-Հիմա քննդատվում է մի քանի ամսվա աշխատողներին տրված պարգեւավճարները, այն էլ` աշխատավարձի եռապատիկի չափով: Սա այն պարագայում, երբ այդ մարդիկ չեն հասցրել ցույց տալ իրենց աշխատանքը եւ որակները: Ի՞նչ է նշանակում` մարդը ինքն իրեն պարգեւավճար է տալիս: Երեւանի դեպքում, օրինակ, ցուցակները չի հրապարակվում, որ հանրությունը հասկանա, թե որտեղ են ծախսվել իր գումարները եւ ինչի համար: 13-րդ աշխատավարձը պետք է լինի աշխատավարձից ոչ ավել: Բայց հիմա ունենք դեպքեր, երբ դրանից ավել է եղել:
-Դուք նախկինում պարգեւավճար ստացել եք հենց աշխատավարձի չափո՞վ:
-Այո: Կարծեմ նույնիսկ աշխատավարձից մի փոքր քիչ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԱՌԱՆՑ ՄԱՐԶՊԵՏԻ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու էր: Նա այժմ խորհրդարանի պատգամավոր է, Տավուշի մարզպետի պաշտոնը թափուր է: Հունվարի 16-ին Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը որոշում է ընդունել Տավուշի մարզպետի 2005թ. ապրիլի 20-ին ընդունած «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշման պահանջներին համապատասխան հաստատել 2019թ. Տավուշի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը: Որոշմանը կից հավելվածից երեւում է, որ ապագա մարզպետը քաղաքացիների ընդունելություն Իջեւան քաղաքում կատարելու է ամսվա մեջ մեկ օր, իսկ Դիլիջանում, Նոյեմբերյանում եւ Բերդում` եռամսյակը մեկ:
Հայտնի չէ, թե ով է լինելու Տավուշի նոր մարզպետը, սակայն ամբողջ տարվա համար օրերով նշանակված են նրա կողմից ընդունելությունների օրերը: Մինչ այդ հավելենք, որ նախկին տարիներին մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության նշանակված օրերը գրեթե միշտ խախտվել են, քանզի մարզպետն ընթացիկ, ավելի հրատապ գործերի կամ Երեւանում լինելու պատճառով փոխել է քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՉԻ ՓՈԽՎԵԼ
«Caucasus Survey»-ի խմբագիր, Chatham House-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսի խոսքով` ղարաբաղյան հարցով խաղաղության համաձայնագրի «խոշոր պայթյուն» էֆեկտով հեռանկարներ չկան: «Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հիմնական կառուցվածքային անհամատեղելի գաղափարներից ոչ մեկը չի փոխվել: Սա նշանակում է, որ բեկումների մասին ցանկացած խոսակցություն մոլորության է տանում եւ գուցե նույնիսկ վտանգավոր է»,-ասել է Բրոերսը` պատասխանելով հարցին, թե արդյոք կան փոփոխություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, եւ արդյոք կարող է բեկում ակնկալվել: Բրոերսը նշում է, որ հակամարտող կողմերը հնարավորություն ունեն քաղաքական դաշտ բացելու ոչ բռնի այլընտրանքների համար: «Խաղաղ գործընթացի լայն շրջանակում շատ նոր դեմքեր են հայտնվել` Հայաստանի նոր ղեկավարությունից մինչեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նոր առաջնորդը: Վստահ եմ, որ շուտով մենք կտեսնենք փոփոխություններ նաեւ Լեռնային Ղարաբաղի իրական ղեկավարության մեջ: Առաջնորդի փոփոխությունը թույլ է տալիս վերանայել նախորդ ռազմավարությունները, բայց, իհարկե, միայն սա բավարար չէ»,-նշել է նա:

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը:

Ինչպես հայտնի է, նա, անցած տարվա դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ, մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում` իրեն, պարգեւատրել է 104.5 տոկոս դրույքաչափով` կանոնադրության մեջ գումարի չափը չնշելով: Անգամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 100-ը թույլատրելի է օրենքով, 104,5-ի 4,5-ը` խնդրահարույց, ինչի հետ կապված նախարարը մարզպետի հետ հեռախոսազրույց է ունեցել: Նրա խոսքերով` օրենքն արգելում է վերադարձնելը. եթե անգամ ցանկանա, չի կարող անել, կարող է ստանալ, նվիրել մանկատանը, դա մարզպետի հայեցողությամբ կլինի:
Պարզվում է, որ Արարատի մարզպետարանում պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը, որն այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա հունիսի 13-ին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բաղիրյանի հետ:
-Դուք նույնպե՞ս պարգեւատրվել եք:
-Այո, պարգեւատրվել եմ:
-Դարձյալ աշխատավարձի՞ չափով…
-Չեմ հաշվել, հնարավոր է:
-Պարո՛ն Բաղիրյան, որքա՞ն է կազմում Ձեր աշխատավարձը:
-234 հազար դրամ:
-Այսինքն` 234 հազար դրամի չափո՞վ եք պարգեւատրում ստացել:
-Մի փոքր ավելի…
-Իսկ ի՞նչ խորհուրդներ եք տվել: Արդյոք այնպիսի խորհուրդներ եք տվե՞լ, որ մարզը զարգացել է, բարգավաճել:
-Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ աշխատանքը, բայց կարծում եմ` այո:
-Դուք Ձեզ արժանի՞ եք համարում այդ պարգեւատրմանը:
-Այո, այն դեպքում, երբ ամբողջ անձնակազմը պարգեւատրումից օգտվել է:
-Պարո՛ն Բաղիրյան, հետաքրքիր է` ի՞նչ խորհուրդներ եք տվել: Խնդրում եմ, կնշե՞ք մեկ, երկուսը, որոնք մարզի համար դրական ազդեցություն են ունեցել: Ինչո՞վ եք օգնել մարզի աշխատանքին:
-Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ, աշխատում եմ ամենաօպտիմալ, ճիշտ տարբերակներով օգտակար լինել:
-Ի՞նչ թեմա են Ձեզ հետ քննարկում, ո՞ր ոլորտի մասին:
-Ներքաղաքական, մասնավորապես…
-Դա ինչո՞վ է օգնել մարզին, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ: Խորհրդարանական ընտրությունների՞ համար եք աշխատել…
-Հա… ուզում եմ մասնավոր օրինակներ մտաբերել, բայց իմ համար դժվար է:
-Այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, օգնե՞լ եք կուսակցությանը…
-Պատահել է, պատահել է… Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել եւ երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել:
-Ասում եք` ներքաղաքական բնույթի խորհուրդներ եք տվել մարզպետին, գուցե ընտրություններին աշխատելո՞ւ համար եք պարգեւատրվել:
-Ոչ: Եթե Դուք նկատել եք, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները այդ պարգեւատրումը ստացել են: Աշխատակազմն էլ է ստացել, այնպես չէ, որ բացառություն է արվել: Ես չեմ կարծում, որ դա ճոխություն է, որեւէ այլ ծրագրից չի հանվել, կտրվել, ֆոնդի տնտեսում է եղել, որն Ամանորից առաջ բաշխվել է: Գուցե 4.5 տոկոսը վիճելի է համարվում. օրենքը, հավանաբար, վստահ չեմ, միգուցե թույլ չի տալիս 100 տոկոսից ավելին: Եթե այո, ապա հետ վերադարձման մեխանիզմ կգտնվի:
-Իսկ պարգեւատրումների վերաբերյալ այս խոսակցություններից հետո մարզպետարանում խորհրդակցություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
-Պաշտոնապես նման բան տեղի չի ունեցել, անձնապես չեմ մասնակցել, մարզպետի որոշումն է եղել պարգեւատրելը:
-Իսկ ոչ պաշտոնակա՞ն…
-Միգուցե եղել է, ես անձամբ չեմ մասնակցել նման խորհրդակցության:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս