Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամփոփեց 2018 թվականին` իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները եւ ներկայացրեց 2019 թվականի անելիքները: Առիթից օգտվելով` «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր ուղղեց նախարարին:
-Պարո՛ն Թորոսյան, Ձեր հրամանով օրեր առաջ կասեցվեց «Արմենիա» բժշկական կենտրոնի հոգեսոմատիկ բաժանմունքի գործունեությունը, եւ դրա հետեւանքով բժշկական կենտրոնի տնօրինությունը 7 հիվանդի, բուժման կուրսը կիսատ թողած, վռնդեց դուրս: Նշեմ, որ ԲԿ-ն այս հարցում թերացել էր, սխալ էր, բայց, ամեն դեպքում, Դուք պատասխանատվություն չե՞ք կրում այդ 7 հիվանդի բուժման համար:
-Այդ 7 հիվանդը իրենց բուժումը շարունակում են այլ բժշկական կենտրոններում:
-Ո՞ր բժշկական կենտրոններում…
-Տարբեր բժշկական կենտրոններում, ու մեր կողմից են տեղավորվել բժշկական կենտրոններում: Հարց չկա ընդհանրապես այդ թեմայով, լուծված է այդ հարցը:
-Ինչպե՞ս է լուծված այդ հարցը, պարո՛ն Թորոսյան, եթե հիվանդներից մեկը տնային պայմաններում է բուժվում…
-Ուրեմն առաջարկվել է, չի համաձայնել: Մենք, ամեն դեպքում, պատրաստ ենք իրենց տեղավորել ուրիշ բժշկական կենտրոններում: Իսկ բժշկական կենտրոնների թերացումները պետք է բժշկական կենտրոնն ուղղի, այլ ոչ թե մենք: Եթե ինքը չի ապահովում լիցենզիայով սահմանված պայմանները… բոլոր բժշկական կենտրոնների, անկախ ծառայության տեսանկյունից, կասեցվում է լիցենզիաները, մինչեւ որ ապահովում են պայմանները:
-Նաեւ նախօրեին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստը… (նախարարն ընդհատեց` չթողնելով հարցն ավարտել)
-Շոուների մասով դիմե՛ք բժշկական համալսարան:
-Ի՞նչ շոուների մասով, պարո՛ն Թորոսյան:
-Պատասխանեցի հարցին…
-Բայց նախօրեին Ծաղկաձորում ինչ-որ հանդիպում է եղել… (խոսքը հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ Ծաղկաձորում խորհրդի մի քանի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի մասին է, երբ նրանք որոշում են կայացրել տապալել նիստը, իսկ նախագահի քվեարկությունը առաջարկել փակ անել: Նրանք, իհարկե, առաջարկեցին փակ անել, բայց չընդունվեց առաջարկը: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հանդիպմանը խորհրդի անդամները բուհի ղեկավար կազմի հասցեին բավականին կոպիտ արտահայտություններ են արել, ինչի մասին կա ձայնագրություն: Ի դեպ, այս հարցը եւս նախարարը թույլ չտվեց ավարտել):
-Ապատեղեկատվություն տարածելու համար էլ մենք կհանդիպենք երեւի ինչ-որ մի տեղ…
-Այդ մասին ձայնագրություն կա…
-Խնդրում եմ` հրապարակեք:
-Եթե անհրաժեշտություն կա, կհրապարակվի, բայց, ամեն դեպքում, Դուք որեւէ հրահանգ չե՞ք…
-Պատասխանեցի Ձեր հարցին:
-Բժիշկների մեծ մասը դժգոհում է այն բանից, որ Դուք առանց հաշվի առնելու բախում եք բժիշկների դռները (խոսքը Արմավիրի ԲԿ-ում տեղի ունեցածի մասին է, երբ նախարարը ուղիղ եթերում բախել էր հերթապահ բժշկի դուռը), գուցե հերթապահության է եղել կամ վիրահատություն է արել…(դարձյալ չթողեց հարցն ավարտել):
-Ես հերթապահ բժշկի դուռ եմ բախում, դա իմ պարտականությունների մեջ է, հսկել ցանկացած բժշկական կենտրոն Հայաստանի Հանրապետությունում, ու դա շարունակական է լինելու, եւ ոչ մի բողոք էլ չի եղել: Ցտեսությո՛ւն:
Հ.Գ.1 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` հոգեսոմատիկ բաժանմունքի բուժման կուրսը կիսատ թողած հիվանդների վերաբերյալ արած հայտարարության մասով տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարազատներից մեկը վերոնշյալ հիվանդներից է: Բաժանմունքի գործունեությունը նախարարի հրամանով կասեցնելուց հետո տվյալ հիվանդին առաջարկել են տեղավորվել թոքաբորբով հիվանդների բաժանմունքում, ինչից, սակայն, նա հրաժարվել է եւ որոշել է բուժման կուրսն ավարտել տնային պայմաններում: Սա ապացուցում է, որ նախարարը, նայելով մեր աչքերին, այլ իրականություն է ներկայացնում: Իսկ, ահա, մյուս հիվանդների ճակատագրերը պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նրանց բժշկուհու` Գայանե Մարգարյանի հետ. «Նախարարությունից ասել էին, որ ամենքին մի տեղ առաջարկեք, բոլորը կատեգորիկ հրաժարվեցին: Ես էլ նշանակումներ արեցի եւ ուղարկեցի տուն եւ ասել եմ, որ կարող եք պարբերաբար գալ խորհրդատվության»:
Հ.Գ.2. Որպես նյութի ամփոփում նշենք, որ առողջապահության նախարարը երեկ հատուկ ընդգծված ագրեսիվ վերաբերմունք դրսեւորեց. թե ինչ պատճառով, թերեւս, ինքը կարող է պատասխանել: Բայց մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մնալ մեր կարծիքին` անկախ նրանից` ինչ հեղափոխական գաղափարներով են պաշտոնյաները առաջնորդվում նշանակվելիս եւ գործունեության ակզբնական ժամանակաշրջանում: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք իրենց գործունեության ընթացքում երբեմն, ցավոք, թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք ամենեւին չեն համապատասխանում հեղափոխական գաղափարախոսությանը եւ իրենց կողմից հռչակված արժեքներին: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է քննադատաբար վերաբերվել բոլոր այն պաշտոնյաներին, այդ թվում եւ` առողջապահության նախարարին, որոնք կփորձեն անձնական հարցեր բարձրացնել, անձնական նախասիրություններով առաջնորդվել եւ դիմացինին ոչնչացնելու քաղաքականություն վարել` չունենալով օրենսդրական հիմնավորումներ եւ ապացույցներ: Եւ եթե մեր այս պահվածքը դուր չի գալիս հատկապես առողջապահության նախարարին, ապա կարող ենք ընդամենը ժպտալ` սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելով:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԴԵ՛, ԵՂԲԱ՜ՅՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ՎԵՐԱԴԱՐՁԻ՛Ր…
Օրեր առաջ ֆրանսիական «Նանտի» հարձակվող Էմիլիանո Սալան պաշտոնապես տեղափոխվեց անգլիական «Քարդիֆ Սիթի»: Ֆուտբոլիստը իր նախկին թիմի հետ վերջնական հարցերը պարզելու համար մեկնել էր Ֆրանսիա, իսկ երբ արդեն վերադառնալու ճանապարհին էր, տեղի ունեցավ սարսափելի պատահարը՝ Էմիլիանոյի մասնավոր ինքնաթիռը անհետացավ անհասկանալի պայմաններում:
Ըստ ամենահավանական վարկածի` ինքնաթիռը վայրէջք է կատարել Անգլիան Ֆրանսիայից բաժանող նեղուցի՝ Լա-Մանշի վրա:
Արդեն շուրջ 3 օր է, ինչ Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատը` Ջոն Ֆիտցջերալդի գլխավորությամբ, անցկացնում է որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայտնաբերված իրերը (անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ եւ մի շարք սպիտակ պարագաներ) Լա-Մանշի վարկածն ավելի հավանական են դարձնում:
Քանի դեռ չկան հավաստի տեղեկություններ ինքնաթիռի կործանման մասին, ամբողջ աշխարհը շարունակում է աղոթել եւ հուսալ, որ էմիլիանո Սալան եւ ինքնաթիռի անձնակազմը հրաշքով փրկվել են:
Ջոն Ֆիտցջերալդի խոսքերով` հնարավոր է, որ նրանք ինքնաթիռում առկա փրկարարական նավակների շնորհիվ այժմ բաց ծովում են, կամ էլ հնարավոր է, որ նրանց օգնության է հասել անցնող նավերից մեկը:
Էմիլիանո Սալան կարծես կանխազգում էր, թե ինչ պետք է կատարվի: Արգենտինացին թռիչքի ժամանակ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել իր մտերիմներին, որտեղ ասում էր.
«Մի շարք գործեր եմ կատարել Նանտում, իսկ հիմա մեկնում եմ ինքնաթիռով, որը, կարծես թե, շուտով կկործանվի… Եթե մեկուկես ժամից նորություն չլինի, ապա չեմ կարծում, որ կարիք կլինի աշխատակիցներ ուղարկել, որպեսզի փնտրեն ինձ: Աստվա՛ծ իմ, հայրի՛կ, որքան սարսափելի է»…
Էմիլիանո Սալան օրերս էր դարձել «Քարդիֆ Սիթիի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ 20մլն.եվրո, եւ արդեն երկու օր առաջ պետք է անցկացներ իր առաջին մարզումը անգլիական թիմի մարզաշապիկով:
Որոնողական աշխատանքերը սկսվում են վաղ առավոտյան եւ շարունակվում մինչեւ արեւի մայր մտնելը: Ցավոք, դեռեւս միայն վարկածներ են պտտվում, իսկ միակ հուսադրող նորությունը այն է, որ չի հաստատվել ինքնաթիռի կործանումը:
Ողջ ֆուտբոլային հասարակությունը եւ, ընդհանրապես, ողջ աշխարհը վերջին օրերին միաձայն աղոթում է եւ հույս փայփայում, որ ինքնաթիռի անձնակազմը ողջ է, որ նրանց ոչինչ չի պատահել:
Ամբողջ աշխարհը աջակցում է Սալային եւ ամեն վայրկյան կրկնում՝ դե՛, եղբա՜յր, խնդրում ենք, վերադարձի՛ր…
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ