«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հաղորդավար, դերասան եւ հումորիստ Արտյոմ Մարկոսյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, նախասիրություններն ու սովորությունները: Արտյոմը պատմել է իր մասին լսած ամենազվարճալի բամբասանքի, կյանքից քաղած իր դասերի եւ երջանկության իր գրավականի մասին:
-Արտյո՛մ, շարունակե՛ք միտքը. «Մենք չենք ընտրում՝ որտեղ ծնվել կամ երբ, բայց…»:
-Չեմ լրջացնի, հումորով պատասխանեմ. բայց չորս-հինգ տարին մեկ հնարավորություն ունենք գնալ ընտրությունների (ծիծաղում է):
-Կյանքը լիարժեք ապրելու համար Ձեզ հարկավոր է…
-Երջանիկ լինել, իսկ դրա գրավականը սերն է:
-Ձեզ միշտ հարկավոր է գոնե մի փոքր ժամանակ…
-Ապրածս կյանքը, սխալներս վերլուծելու համար: Առանց վերլուծելու չես կարող ապրել, առանց ապրելու էլ չես կարող վերլուծել:
-Հասարակական կարծիքին որքանո՞վ եք նշանակություն տալիս: Ձեզ համար որքանո՞վ է կարեւոր, թե ինչ կասեն կամ կմտածեն ուրիշները:
-Այնպես չէ, որ ինձ համար ամենակարեւորը հասարակական կարծիքն է, բայց դրա հետ հանրային անձինք հաշվի չնստել չեն կարող: Պետք է մի փոքր նշանակություն տալ դրան` միեւնույն ժամանակ չդառնալով այդ կարծիքի գերին: Դա արդեն հիմարություն կլինի:
-Կա՞ մի ատրիբուտ, աքսեսուար, որը միշտ Ձեզ հետ է:
-Խաչս: Ես ինձ համարում եմ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, այդպես եղել է, այդպես էլ կլինի միշտ:
-Երբեք չեք հրաժարվի սուրճի՞ց, շոկոլադի՞ց, թե՞ լավ անեկդոտից:
-Երբ աշխատում ես հումորի ասպարեզում, անեկդոտներից, օրինակ, հոգնում ես. թվարկվածներից միանշանակ սուրճն է, որ որ պահին էլ մատուցեն, չեմ հրաժարվի:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե մարդուն չես կարող օգնել…»
-Գոնե մի՛ խանգարիր, մի՛ վնասիր:
-Ֆիլմ, որը որքան էլ ցուցադրեն, կդիտեք, չեք հոգնի:
-Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործության մոտիվներով համանուն ֆիլմը:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե մի օր մուտք գործեմ քաղաքականություն…»
-Հուսով եմ՝ ոչ մի օր մուտք չեմ գործի քաղաքականություն, դա իմը չէ: Ես հաստատ շատերից ավելի լավ կարող եմ զբաղվել քաղաքականությամբ, բայց դա իմ տեղը չէ:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Շուրջ տասը տարի առաջ էր՝ ես ու ընկերս մեր կանանց հրավիրել էինք ռեստորան, հաճելի երեկո էինք անցկացրել: Դրանից հետո ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկին զանգահարել էին, ասել էին. «Բա գիտե՞ս՝ Արտյոմին ենք տեսել մի տղու ու իրենց սիրուհիների հետ, չի էլ ամաչում, ամուսնացած տղա է, էդ ո՞նց է իրեն պահում»: Ինձ հարազատ այդ մարդը գիտեր, որ ես կնոջս հետ եմ եղել, ծիծաղելով զանգեց ինձ, պատմեց, թե ինչ են խոսում ուրիշները, իսկապես շատ զվարճալի էր:
-Տարիների հետ հասկացել եք, որ…
-Շատ եմ նվիրվել անարժան մարդկանց, շատ ժամանակ եմ վատնել անկարեւոր երեւույթների վրա…
-Մեկ բառով կասե՞ք՝ ինչպիսին եք սիրո հարցում:
-Բուռն:
-Շարունակե՛ք միտքը. «Կնոջը պետք չէ զայրացնել, այլապես…»
-Դու ավելի կզայրանաս, եւ ավելի վատ կլինի:
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի կարողանա պահել տղամարդու սերը:
-Մեկ հատկությունը բավարար չէ, կոմպլեքս հատկություններ են պետք՝ խելք, ինտելեկտ, հոգատարություն, անմնացորդ սիրելու կարողություն: Կինը պետք է կարողանա ընդունել տղամարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, չպետք է փորձի փոխել նրան:
-Համաձա՞յն եք, որ մտքերն են կառավարում մարդկանց:
-Ինչ-որ չափով` այո: Երբեմն մարդիկ շատ են խորանում անպտուղ մտքերի մեջ, իսկ դա լավ տեղ չի տանում: Մտքերն էլ պետք է կարողանալ «դարակների մեջ դնել», զատել պետքականն անպետքից:
-Ո՞րն է կյանքի լավագույն նվերը Ձեզ:
-Հենց ինքնին կյանքը, որ Աստված պարգեւել է ինձ:
-Եվ վերջում, իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Բոլորն էլ դուր եկան:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՉԻ ՎԻՐԱՀԱՏՎԻ
«Մադրիդի «Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման վիրահատության չի ենթարկվի»,- հայտնում է Marca-ն: Ֆրանսիացի հարձակվողը Իսպանիայի առաջնության «Բետիսի» դեմ խաղում մատի կոտրվածք էր ստացել, եւ սպասվում էր, որ վերջինս պետք է ենթարկվի վիրահատության, սակայն իսպանական Մարկայի տեղեկություններով` ֆուտբոլիստը հրաժարվել է վիրահատությունից, որպեսզի մասնակցի «Ռեալի» առաջիկա հանդիպումներին:
ՋՈԿՈՎԻՉԸ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Ավստրալիայի Մելբորն քաղաքում շարունակվում են Ավստրալիայի Բաց առաջնության հանդիպումները: ATP վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Նովակ Ջոկովիչը ընդհանուր 1-0 հաշվով կարողացավ առավելության հասնել ճապոնացի Նիսիկորիի նկատմամբ եւ ապահովել իր տեղը առաջնության կիսաեզրափակչում: Ճապոնացի թենիսիստը 6-1, 4-1 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: Եզրափակչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը պայքարելու է ֆրանսիացի Լուկա Պուիի հետ, որն ավելի վաղ հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին: Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին:
ԴԵ ՅՈՆԳԸ` «ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ»
Կատալոնական Radio Catalunya-ի տեղեկություններով` հոլանդական «Այաքսի» երիտասարդ կիսապաշտպան ֆրենկի Դե Յոնգը կտեղափոխվի կատալոնիայի մայրաքաղաք: Ըստ Radio Catalunya-ի` տրանսֆերը կարժենա 75մլն եվրո: Հիշեցնենք, որ հոլանդացին արդեն հասցրել է մերժել «կապտանռնագույններին», սակայն, ըստ իսպանական մի շարք պարբերականների, այս անգամ չկարողացավ դիմանալ գայթակղությանը:
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԴՈՄԻՆՈ
Ինչպես երեւում է, համաշխարհային ֆուտբոլում տրանսֆերային պատուհանի վերջին օրերը թեժ են լինելու: Ըստ հեղինակավոր մի շարք պարբերականների` առաջիկա օրերին տրանսֆերային շուկան ուղղակի կպայթի. Հիգուաինը` «Չելսի», Մորատան` «Ատլետիկո», Պյոնտեկը` «Միլան»: Դոմինոյի սկզբունքով կատարվող տեղափոխությունների մասին կհայտարարվի շուտով:
ԱՎԱՐՏԵՑ ԿԱՐԻԵՐԱՆ
Լեգենդար արագավազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, ճամայկացի Ուսեյն Բոլտը ավարտեց ֆուտբոլային կարիերան: «Դա շատ լավ փորձ էր: Ինձ իսկապես դուր եկավ լինել թիմի մի մասը: Դրանք բոլորովին այլ զգացողություններ են, քան թեթեւ ատլետիկայում: Դրանք հաճելի պահեր էին»,- ասել է Բոլտը: Հիշեցնենք, որ Բոլտը կարճ ժամանակ հանդես եկավ ավստրալիական «Սենտրալ Քոստ Մերիներս» թիմի կազմում, սակայն ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել չկարողացավ: