Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հերթական դռնփակ հանդիպումը գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ: Այս անգամ հերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանինն էր: Նա արդեն չորրորդ պաշտոնյան է, որը գալիս է ԱԺ եւ հանդիպում ունենում ամենամեծ խմբակցության հետ, թեեւ այս պարագայում ինքն էր «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկել հանդիպել: Հիշեցնենք, որ Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատել էր, թե իրենք ազատ են եւ պատրաստ են հանդիպել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին:
Նշենք, որ մինչ այժմ միայն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է հանդիպել ընդդիմադիր խմբակցություններից մեկին` «Լուսավոր Հայաստան»-ին։ Չի բացառվում, որ առաջիկայում նաեւ ԲՀԿ-ն Միքայել Մելքումյանի առաջարկով` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հանդիպի։
Ինչեւէ, վերադառնալով «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստին` նկատենք, որ այն նախարարների դեպքում, որոնք իրենք են նախաձեռնում հանդիպում, դրանք այնքան էլ երկար չեն տեւում, իսկ այն պաշտոնյաներին, որոնց իրենք են հրավիրում, երկար են «տանջում»:
Մասնավորապես, երեկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպումը եւս երկար չի տեւել` հազիվ 1.5 ժամ։ Իսկ ամենաերկարը` մոտ չորս ժամից ավելի, տեւել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպումը:
Նկատենք նաեւ, որ երեկ Արշակյանի հետ հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա։ Իսկ ովքեր ներկա էին, հիմնականում գոհ էին նախարարի պահվածքից, կեցվածքից, տեղեկացվածությունից ու հարցերին խորությամբ տիրապետելու կարողությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դռնփակ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է կառավարության կառուցվածքին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, այն նորաստեղծ նախարարությունը, որը լինելու է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխարեն, միանգամայն այլ անուն ու գործառույթներ ունի։
Ինչպես հայտնի է, կառավարության կառուցվածքի համաձայն` ստեղծվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, եւ տրանսպորտի բաժինն այս նախարարության մեջ չի ներառվելու: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպման ընթացքում պատգամավորները հիմնականում հետաքրքրվել են նորաստեղծ նախարարության գործառույթներից եւ փորձել լավ պատկերացնել, թե ինչով է զբաղվելու նոր նախարարությունը: Եվ նախարար Արշակյանն էլ` որպես IT ոլորտի մասնագետ, ինչպես ձուկը ջրում, սլայդի միջոցով էկրանին կադրեր ցուցադրելով, մանրամասնել է բարձր տեխնոլոգիաների եւ Հայաստանից տաղանդների արտահոսքի կանխման անհրաժեշտությունը, ուղիները։ Արդեն հարցուպատասխանի ժամանակ շատ պատգամավորների հետաքրքրել է, թե ինչպես կարելի է այդ նախարարության միջոցով եւ, առհասարակ, տեխնոլոգիաների միջոցով զարգացնել տնտեսությունը: Սուր, «դաժան» հարցեր առանձնապես չեն հնչել։
Երեկ` հանդիպումից հետո, լրագրողների հետ ճապազրույցում Արշակյանն էլ ասել է. «Մտահոգիչ որեւէ հարց չկար, ուղղակի աշխատանքային քննարկում ունեցանք: Ես ներկայացրի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձեւաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերությունը կենտրոնացնում ենք մի նախարարութան մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»:
Հավելենք, որ գործադիրի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության հանդիպումները շարունակական են լինելու:
Նաիրա Հովհաննիսյան