ՏԻՄ ընտրություններին արյունոտ քվեաթերթիկներ են հայտնաբերվել․ ինչ է մանրամասնում հանձնաժողովի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրերս հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան համայնքապետի արտահերթ եւ հերթական ընտրություններ: Ակունք գյուղում գյուղապետ ընտրվեց Նիկոլայ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ակունքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Ձայները հաշվելուց հետո հայտարարել են, որ թեկնածուներից Նորիկ Հայրապետյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն է, 8 ձայնով առաջատար լինելով, արդեն գյուղապետ է:

Դրանից հետո Նիկոլայ Խաչատրյանի վստահված անձինք հայտարարել են, որ սխալմունք է եղել, եւ Նիկոլայ Խաչատրյանի ձայները մի քանի ձայնով ավել են Նորիկ Հայրապետյանի ստացած ձայներից: Սկսվել է վերահաշվարկ, եւ Նիկոլայ Խաչատրյանի ձայների միջից մի քանի անվավեր ձայներ են հանել, որոնք ի սկզբանե չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թեկնածու Նորիկ Հայրապետյանի հետ: Վերջինս ասաց, որ դիմել է տարածքային ընտրական հանձնաժողով պահանջով, որ քվեաթերթիկները կրկին ստուգվեն` հասկանալու` ինչ թերացումներ կան:

Մի քանի օր է՝ կրքերը չեն հանդարտվում: Թեկնածու Նորիկ Հայրապետյանի խոսքով՝ մի շարք չարաշահումներ կան:
«Մի տեղում կար 5 ավել ստրագրություն: Ինչքան գիտեմ, քննչական մարմինը պետք է զբաղվի նման բաներով: Հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը որոշեց, որ ստորագրությունները միանման են, ուրեմն նույն մարդն է ստորագրել, բայց դրա վերաբերյալ արձանագրություն չկար: Դա ինքնըստինքյան կոչվում է հանցագործություն: Ասացին՝ մեկն էլ շփոթմունք է: Տեղամասերից մեկում 3 ձայնի տարբերություն էր տալիս: Չգիտեմ՝ իրենք ոնց հարմարեցրին, ինչ արեցին: Ինչ-որ արյան հետքերով թերթիկ կար:

Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ դրա համար իրեն դիմել են, սակայն գրանցամատյանում դրա մասին նշված չէ: Մի հատ էլ ջնջում կար: Առհասարակ, ոչ մի արձանագրություն կազմված չէ այս հարցերով: Ուրիշ տեղամասում էլ կային մարդիկ, որոնք ընտրության չէին մասնակցել, բայց իրենց դիմաց ստորագրված էր:

Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց իրենց դիմաց ստորագրություն կար: 9 հոգի էլ կային, որոնք սարքով անցել են, բայց գրանցամատյանում չկան: 4 հոգի էլ կային, որ ընդհանարպես տեղամաս չէին մտել, բայց իրենց անվան դիմաց էլ ստորագրված էր: Գրված էր, թե անվավեր քվերաթերթիկների թիվը մեկն է, բայց բացելուց հետո պարզվեց, որ 3-ն են: Ըստ օրենքի՝ քվեաթերթիկները պետք է հանի եւ ցույց տա հանձնաժողովի նախագահը, բաց արել էր հանձնաժողովի անդամներից մեկը»,-մեզ հետ զրույցում ասաց թեկնածուն։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանի հետ պարզաբանում ստանալու համար։

«Մենք ճիշտ ենք վարվել։ Մի քվեաթերթիկի մասին է խոսքը, որը մենք չենք հաշվել. արյան երկու հավասար կաթիլներով թերթիկ էր։ Տեղական ընտրական հանձնաժողովը ասել է, ինքն էլ ընդունել է, որ ուղղորդում կա։ Ինքը բողոքել է, մենք էլ խախտումները բացահայտել ենք։ ՌԴ-ում գտնվող անձանց մասով էլ ասեմ, որ մարդիկ շփոթվել, սխալ են ստորագրել ուղղակի։ Քվեաթերթիկները հանելու մասով մեզ մոտ նման հարց չի արծարծվել։ Ինքը մեզ խնդրել է վերահաշվարկ իրականացնել, մենք էլ արել ենք»,-մեզ հետ զրույցում ասաց նախագահը։

Նշենք, որ թեկնածու Նորիկ Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել արդյունքները` դիմելով վարչական դատարան։

Լուսինե Մինասյան




Լրահոս