Հանրակացարանը փլուզման եզրին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի աշխատակիցների համար կառուցված հանրակացարանը 88 թվականի աղետի ընթացքում զգալի վնասվեց: Տարիների ընթացքում շենքն ավելի է վնասվել, թալանվել ու քարուքանդ եղել: Այն վթարայնության 4-րդ աստիճան է ձեռք բերել: Հանրակացարանն ունի սեփականատեր: Վերջինս, ըստ բնակիչների, ծնունդով Գյումրիից է, բայց ամբողջ կյանքը ՌԴ-ում է բնակվել:
Հանրակացարանում նախկինում 400-ից ավելի ընտանիք է ապրել:

Տարիների ընթացքում նրանք այլ օթեւաններ են ձեռք բերել ու հեռացել վթարային տարածքից: Այժմ հանրակացարանում 3 միայնակ կին է ապրում: Ընդամենը օրեր առաջ դատական երկրորդ որոշումն է կայացվել, համաձայն որի` տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Սեփականատերը դատը շահել էր, բնակիչներն էլ իրենց հերթին էին դիմել Վերաքննիչ դատարան: Սակայն դատարանը որոշել էր վճիռը նույնը թողնել:

Բնակիչներից Գայանե Տարեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ չի պատրաստվում լքել իր սենյակը: Վերջինս մեղադրում է տեղական ինքնակառավարման մարմիներին: «Վճիռ են կայացրել մեզ վտարել: Մարդը, որ 10 տարի մի տեղ ապրում է, ասում են` սեփականության իրավունք է ձեռք բերում: Արդեն 70 տարի այս սենյակում կապրինք, հիմա եկել են, ասում են` գնացե՛ք»,-ասաց Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի բնակիչներից մեկը:

Գյումրու համայնքապետարանի պահանջով սեփականատերը պարտավորվել է լուծել շենքի խնդիրը կա՛մ ամրացնելու, կա՛մ քանդելու միջոցով, քանի որ շենքի մեջտեղի եւ կողքի հատվածները փլված են, եւ տարածքը վտանգավոր է ե՛ւ բնակիչների, ե՛ւ անցորդների համար: Քանդման ակտը համայքնապետարանն արդեն հանձնել է սեփականատիրոջը, բայց վերջինս գործը կյանքի չի կոչել, քանի որ բնակիչներն են հրաժարվել հեռանալ տարածքից: «Քաղաքապետարանը որեւէ պարտավորություն չի կրում այդ բնակիչների համար: Բայց որպես Գյումրու բնակիչներ ելքեր որոնում է: Շենքը շատ վտանգավոր է, քանի որ 4-րդ աստիճանի վթարայնություն ունի»,- ասաց Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:

Բնակիչների համար այլընտրանք առաջարկվել է` տեղափոխվել այլ ժամանակավոր կացարաններ, սակայն նրանք հրաժարվել են: 3 միայնակ կինն էլ բնակության համար իրենց պահանջներն ունեն. «Մենք կուզենք սոցիալական բնակարաններ ստանանք, բայց անպայման պետք է իրար հետ լինենք, որովհետեւ մենք միայնակ ենք ու միշտ իրար օգնում ենք: Այսքան տարի հետո պետք է մեր սրտով լինի, հակառակ դեպքում չենք պատրաստվում լքել այս շենքը: Մեր կյանքը սկսվել է այս հանրակացարանում, կավարտվի այս հանրակացարանում: Ոչինչ այլեւս մեզ պետք չէ, ոչ մի պայման»:

Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքի քանդման համար 14-ամսյա ժամկետ է սահմանվել: Եթե մինչ այդ բնակիչները չլքեն սենյակները, նրանց հարկադիր վտարում է սպասում:

Հեղինե Մանուկյան




Լրահոս