Նախկին ու ներկա տնօրենների վեճը նոր թափ է ստանում. դաշնակցական մարզպետների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ու վերջինիս կուսակից ընկերոջ՝ Արփինե Նիկողոսյանի միջեւ կնքված պայմանագիրը դատական կարգով լուծարված է: 2.5 տարի առաջ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցեցին գործող տնօրենը՝ Արփինե Նիկողոսյանը, եւ այն ժամանակ ՕԵԿ-ական Գոհարիկ Շահբազյանը: Երկուսն էլ հավաքել էին 4-ական միավոր: Մրցույթի արձանագրությունն ու հավակնորդների անձնական գործերն ուղարկվելու էին ՀՀ փոխվարչապետին, վերջինիս առաջարկությունից հետո մարզպետը կայացնելու էր որոշում եւ այն հրապարակելու էր:

Տեւական ժամանակ անց հրապարակվեց որոշումը` նախկին մարզպետի առաջարկով եւ փոխվարչապետի որոշմամբ` նախապատվությունը տրվել էր ՀՅԴ Արփինե Նիկողոսյանին: 14 տարի դպրոցը ղեկավարած ՕԵԿ-ական Գոհարիկ Շահբազյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ պաշտոնին:

Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր. մարզպետը ՀՅԴ-ական էր, այդ կուսակցության անգամ էր նաեւ այդ ժամանակ ԿԳ նախարարը՝ Լեւոն Մկրտչյանը, ուստի նախապատվությունը տրվեց ՀՅԴ-ական թեկնածուին:
ՕԵԿ նախկին անդամը անմիջապես դիմեց դատարան. 2.5 տարի է` ընթացքի մեջ է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի հայցը` ընդդեմ Շիրակի մարզպետի (նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյան) եւ երրրոդ անձ` Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի, «Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն նշանակելու մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու եւ Շիրակի մարզպետի ու Արփինե Նիկողոսյանի միջեւ 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Եւ, ահա, այս գործով վարչական դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ նախկին տնօրենի:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով, վճռեց հայցվորի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ՀՀ Շիրակի մարզպետի կայացրած որոշումը Արփինե Նիկողոսյանին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն նշանակելու մասին եւ որպես հետեւանք ամբողջությամբ անվավեր ճանաչել դրա հիման վրա ՀՀ Շիրակի մարզպետի եւ Արփինե Նիկողոսյանի միջեւ 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Վճռի հրապարակումից անմիջապես հետո դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ներկա տնօրեն դաշնակցական Արփինե Նիկողոսյանի` աշխատակազմը դեմ է Գոհարիկ Շահբազյանի վերադարձին. «30 ուսուցիչ անմիջապես ազատման դիմումներ գրեցին, ասում են` ավելի լավ է Դուք Ձեր ձեռքով մեզ ազատեք, նոր գնացեք: Աշխատակազմը դեմ է նրա վերադարձին: Ես այժմ սպասում եմ մարզպետի որոշմանը. եթե նոր մրցույթ հայտարարվի, էլի կմասնակցեմ, հակառակ դեպքում կդիմեմ վերաքննիչ դատարան»,-«Ժողովուրդ» օրաթերթ հետ զրույցում ասաց Արփինե Նիկողոսյանը:

Իսկ Գոհարիկ Շահբազյանը այժմ բավարարված է հաղթանակով: Նա էլ այժմ սպասողական վիճակում է: «Ընդհանրապես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Կթողնեմ այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Նոր մրցույթ լինելու դեպքում չեմ պատրաստվում մասնակցել, քանի որ մրցույթն իսկապես անցել է առանց որեւէ խախտման»,- ասաց դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանը:
Շիրակի մարզպետարանից էլ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել են. «Հաշվի առնելով, որ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 15-ին կայացրած վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից 1 ամիս անց, բողոքարկումն էլ նույն ժամանակահատվածում է կատարվելու, ուստի դատական ակտի վերաբերյալ ընթանում է քննարկում»:
Իրադարձություններից հետո Գոհարի Շահբազյանը որոշեց լքել «Օրինաց երկիր» կուսակցությունը` չնայած այն բանին, որ երկար տարիներ էր անդամակցում կուսակցությանը:

Իսկ Արփինե Նիկողոսյանը, որն անկուսակցական էր, դարձավ ՀՅԴ անդամ, ինչից հետո մասնակցեց նաեւ Գյումրու ՏԻՄ ընտրություններին` որպես ավագանու անդամի թեկնածու:

Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս խնդիրը դեռ շատ ջուր կքաշի, ու չի բացառվում` առաջիկայում, երբ կրքերը թեժանան, պահանջվի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի միջամտությունը, չնայած խնդիրն առաջացել էր նախկինների օրոք:

Հեղինե Մանուկյան

Գյումրի




Լրահոս