Ծաղկային պրինտներ, թեթև ու եթերային շունչ. գարնանային նորաձևության վերջին միտումները՝ ըստ դիզայների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից գարուն է, ուստի զգեստապահարանները «թեթեւացնելու» եւ դրանք գարնանային վառ, նուրբ շնչով հագուստներով լցնելու ժամանակն է: Իհարկե, դուք կարող եք թերթել նորաձեւության ամսագրերն ու հետեւություններ անել, թե ինչ մոդելի, ինչ երանգի հագուստ պետք է կրել այս գարնանը, բայց, կարծում ենք, տեղին կլիներ, եթե դիմեինք մասնագետի օգնությանը, որն իր պրոֆեսիոնալ խորհուրդներով կօգներ ճիշտ ընտրություն կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթը գարնանային նորաձեւության վերջին միտումների, ակտուալ երանգների, գործվածքների, զգեստների ու կոշիկների տարածված մոդելների մասին զրուցել է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: Նա նշել է, որ 2019-ի գարնանային նորաձեւությունն ավելի «ծաղկային» է ու եթերային: Դիզայները շեշտել է, որ այսօր ամբողջ աշխարհը շարժվում է դեպի էկոնորաձեւություն, ուստի ակտուալ են բնական նյութերից կտորները:

-Արա՛մ, այս տարի գարնանային նորաձեւությունն ի՞նչ միտումներ է թելադրում: Նախորդ տարվա հետ համեմատած՝ ի՞նչն է ավելացել եւ ի՞նչն է պակասել:

-Այս տարի գարնանային նորաձեւությունն ավելի ռոմանտիկ, թեթեւ, ծաղկային շունչ ունի: Ակտուալ են եթերային, ծաղկավոր պրինտները:

– Այս գարնանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր համադրություններն են համարվելու նորաձեւ:

-Այդպիսի գույները բազմազան են: Հիմնականում ակտուալ են պաստելային, նուրբ, հաճախ նաեւ սառը երանգները: Բայց, միեւնույն ժամանակ, չի կարելի ասել, թե տաք գույներն, օրինակ, նորաձեւ չեն. կան թեմաներ, ուղղություններ, որոնց գերիշխող գունային գամման բավական վառ է:

-Ի՞նչ հումքի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները, ո՞ր գործվածքները, կտորներն են նորաձեւ լինելու:

-Հիմնականում տարածում ունեն բնական նյութերը՝ բամբակ, մետաքս եւ այլն: Այսօր գլոբալ առումով աշխարհը գնում է դեպի էկոնորաձեւություն, խրախուսվում են բնականությունն ու կոմֆորտը:

-Ի՞նչ կասեք տաբատների եւ կիսատաբատների մասին: Նախորդ տարի այս վերջինները բավական տարածում ունեին: Այս տարի այդ տենդենցը շարունակական կլինի՞:

-Այո՛, կիսատաբատները կպահպանեն իրենց ակտուալությունը, մոդայիկ կլինեն նաեւ չինո տաբատները:

-Ի՞նչ մոդելի վերարկուներն են գերիշխող հավաքածուներում:

-Անգլիական ոճի վերարկուներն են ակտուալ, դասական ֆորմաները:

-Իսկ կոշիկների մասո՞վ ինչ կասեք:

-Հավաքածուներում դասական մոդելները, ինչպես միշտ, մեծ տեղ ունեն: Մոդայիկ են նաեւ հունական ոճի կոշիկները:

-Մի փոքր էլ պայուսակներից խոսենք: Որոշ դիզայներներ ասում են, որ ուսապարկերն, օրինակ, արդեն մոդայիկ չեն: Դուք ի՞նչ կասեք:

-Ոչ, դրանք շարունակում են ակտուալ մնալ: Ինչպես նաեւ մեծ տարածում ունեն երկրաչափական ֆորմաներ հիշեցնող պայուսակները:

-Առհասարակ, գարնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դարձել են նորաձեւության զոհը՝ մոռանալով ինքնատիպ լինելու մասին:

-Առհասարակ, նորաձեւությունն ավելի էկլեկտիկ է դարձել: Ես խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ անհատականությունն ընդգծելու, ոչ թե այս կամ այն միտումը պարզապես ընդօրինակելու վրա: Ցանկացած հագուստ, աքսեսուար ընտրելիս նախ պետք է մտածել՝ այն կսազի արդյոք ձեր դեմքի, մարմնի կառուցվածքին: Եվ միայն այն հանգամանքը, որ դուք դա տեսել եք ամսագրի աղջկա հագին, չպետք է դրդի ձեզ գնել տվյալ պարագան: Խորհուրդ կտամ նաեւ զարդեր կրելիս լինել առավել զուսպ, քանի որ զարդերը ունեն այն նույն նշանակությունը, ինչ համեմունքները ճաշի դեպքում. երբ դրանք կիրառելիս չափն անցնում են, ամեն բան փչանում է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս