«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն էական փոփոխությունների կարիք ունի, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում ամրագրված ծրագրային դրույթների 70 տոկոսն իրականություն է դարձել։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը:
«Կուսակցության ծրագրի հետ, որը մենք ընդունել ենք 2013թ., տեղի է ունեցել մեր իրականության համար բացառիկ մի բան. կուսակցության ծրագիրն էական փոփոխությունների կարիք ունի ոչ թե այն պատճառով, որ այդ ասելիքն այլևս անիմաստ է դարձել, այլ այն պատճառով, որ ասելիքի 70 տոկոսը դարձել է իրականություն»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ կուսակցությունը պետք է մտածի հաջորդ քայլի մասին։
Նա շեշտեց, որ կուսակցության գաղափարախոսության մեջ կան առանցքային հենասյուներ, որոնք անփոփոխ են և տեղ են գտել նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի և կառավարության ծրագրի մեջ, այն է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ամենակարևոր գործն օգնելն է շարքային քաղաքացուն, որ ինքը հավատա իր անելիքին. «Մենք պետք է լինենք վճռական, որովհետև պետք է գործ ունենանք այն քաղաքացու հետ, որն ինքն իրեն չի հավատում, մենք այդ քաղաքացու աչքերի մեջ պետք է նայենք, այդ քաղաքացուն պետք է սիրենք և սիրելով ստիպենք, որ ինքն իրեն հավատա, իր ուժին հավատա»։
Նա արձանագրեց, որ Հայաստանում 2018-ի քաղաքական հեղափոխությունն իրականացվել է այդ մեթոդով, և շեշտեց, որ նույն մեթոդով իրականացվելու է տնտեսական հեղափոխությունը։ «Մենք այս հեղափոխությունն արեցինք, որովհետև 500 հազար մարդ, 1 միլիոն մարդ իրեն համարեց հեղափոխության առաջնորդ»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում քաղաքական հեղափոխության ճակատագիրը որոշել է քաղաքացին, և տնտեսական հեղափոխության ճակատագիրը կրկին պետք է որոշի քաղաքացին։
Դիմելով համաժողովի մասնակիցներին, Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ նրանցից շատերն արդեն պետական պաշոտնյաներ են, և շեշտեց, որ համաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրի առաքելությունը ՀՀ քաղաքացիներին չհիասթափեցնելն է այն առումով, որ քաղաքացիները հավատան իրենց ուժերին։