Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայում 16 ակտիվիստների, այդ թվում՝ հայտնի բարերարի և լրագրողի մեղադրանք առաջադրելու՝ իշխանությունների որոշման կապակցությամբ:
«Թուրքիան պարտավոր է հարգել տեսակետների, հավաքների ազատությունը», – հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտն՝ ընդգծելով, որ այդ իրավունքների իրացումն առանցքային է ժողովրդավարության համար:
Ամբաստանյալների շարքում է հայտնի գործարար, «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության նախագահ Օսման Քավալայն, ում իրավապահներ 477 օր պահել էին նախնական կալանքի տակ՝ առանց մեղադրանք ներկայացնելու:
Ակտիվիստից բացի այս շաբաթ Թուրքիայի իշխանությունները մեղադրանք առաջադրեցին նաև «Ջումհյուրիեթ» թերթի նախկին խմբագիր Ջան Դյունդարին, ով 2016-ից լքել է երկիրն ու տեղափոխվել Գերմանիա:
Այժմ նրանք մեղադրվում են 2013-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հարևանությամբ՝ Գեզի այգու հայտնի հակակառավարական ցույցերը համակարգելու, նախագահ Էրդողանի դեմ արշավ կազմակերպելու համար: