Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:

Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշատակելով վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր այցը, բավականին արդյունավետ ու հաջողված քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ասել է, որ դրանց իրականացումն ավելի մեծ տեմպ կհաղորդի երկկողմ դինամիկ զարգացող համագործակցությանը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ զրուցակիցները որպես համագործակցության գերակա ուղղություններ, մասնավորապես, առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության, այլընտրանքային էներգիայի ոլորտները։




Լրահոս